Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն մի քանի հարց է ուղղում Ռոբերտ Նազարյանին եւ խոստանում անմասն չմնալ «ժողովրդի ցասման ալիքից»

Հունիս 13,2014 13:43

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անխուսափելիության մասին ժողովրդին  «ուրախ» լուր հայտարարելով, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պնդում է, թե` «Դատապարտված եմ…., Էներգահամակարգի կայունության ապահովման խնդիր ունեմ»: Եվ նաև` «Ես չեմ կարող սոցիալական խնդիրները բերել-մեկտեղել»: Որպես փաստարկ հերթական գրպանահատության արդարացման պարոն Նազարյանը մտահոգ նշում է, թե սպասվում են էական փոփոխություններ այն գործոնների, որոնք ազդում են համակարգի ձեռնարկությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա:

Այ քեզ բա՜ն: Բավական չէ, որ հանձնաժողովի նախագահը, ով պարտավոր է առաջին հերթին պաշտպանել սպառողների շահերը, փաստացի ստանձնում է տնտեսական վերլուծաբանի և մասնավոր ընկերության փաստաբանի, կամ ավելի շուտ` գուշակողի դեր, դեռ մի բան էլ ավելի, հայտարարում է, թե ընկերություններում ֆինանսական ճեղքվածք է առաջացել, մեղք են սեփականատերերը, նրանց շահույթը կպակասի, եկե՛ք ժողովուրդ, օգնե՛նք, որ հանկարծ չսնանկանան:

Ստացվում է, որ տնտեսվարող սուբյեկտների, մեղմ ասած, ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով էներգահամակարգի ձեռնարկություններում հիմնահարցեր են կուտակվել, և հանգուցալուծման հնարավորությունը մեկն է` սակագնի բարձրացում:
Պարզ բանականությունը թելադրում է այս անհեթեթ վիճակի առիթով մի քանի հարց ուղղել Ռոբերտ Նազարյանին.

1. Մեկ տարի առաջ 30% (8 դրամով) սակագնի բարձրացումը ո՞ր խնդիրների լուծմանը նպաստեց և արդյո՞ք չավելացրեց կոռուպցիոն ռիսկերը համակարգում:

2. Արդյոք հանձնաժողովի ուսումնասիրությունները կարո՞ղ են օբյեկտիվ պատկեր տրամադրել էներգահամակարգի տնտեսական քաղաքականության վերաբերյալ, երբ զարգացած երկրներում միմիայն անկախ աուդիտն է համարվում իրական վիճակի արտահայտումը:

3. Ի՞նչ չափերի են հասել էլեկտրաէներգիայի կորուստները և որո՞նք են դրանց պատճառները: Ինչպիսի՞ միջոցներ են ձեռնարկվում տարբերակված մոտեցում ցուցաբերելու և կորուստները նվազագույնի հասցնելու ուղղությամբ:

4. Հաշվարկվել է արդյոք, թե ինչպիսի՞ վնասներ կկրեն տեղական արտադրողները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք այլ երկրներում 1 կվտ/ժ. էլեկտրաէներգիայի սպառման գինը կազմում է 5-7 սենթ, իսկ մեզանում, թանկացումից հետո` 10 սենթ: Այսինքն արտահանման ենթակա ապրանքներն այլևս կկորցնեն իրենց մրցունակության աստիճանը, իսկ ներքին շուկայում կխրախուսվի ներմուծման գերակայությունը:

5. Արդյո՞ք ուսումնասիրվել է ծառայության որակը` 1 տարի առաջ սակագնի բարձրացումից հետո, այն դեպքում երբ պարբերաբար լինում են հոսանքի տատանումներ, ինչի պատճառով նյութական լուրջ վնասներ են հասցվում սպառողին: Մինչդեռ, էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը ստացված շահույթների դիմաց պարտավոր էր արդիական և վերազինված համակարգով սպառողին ապահովելու անխափան, անվտանգ էլեկտրաէներգիա:

6. «Չմեկտեղելով» սոցիալական խնդիրները, արդյո՞ք կառավարությունը դիտարկում է հասարակության տրամադրությունների ռադիկալիզացումը, ինչին կաթիլ առ կաթիլ նպաստում են և՛ պարտադիր կուտակայինի «չպարտադրված» գործոնի, և՛ անհիմն բարձր տուրքերի և տուգանքների, և՛ աղքատության, գործազրկության, արտագաղթի, սոցիալական արդարության սկզբունքի իսպառ բացակայության վտանգավորությունը:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը մեկտեղվելով հասարակության լայն զանգվածների պահանջներին, դիմում է ՀՀ կառավարությանը` անհապաղ կանխելու Հանձնաժողովի հնարավոր որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ և հետևողականորեն լուծելու սոցիալական սուր հնչեղություն ունեցող հիմնահարցերը:

Հակառակ պարագայում դժվար չէ կանխատեսել ժողովրդի ցասման ալիքի աստիճանը, ինչին անմասն չի մնա Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը:

 

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ
Երևան, 12.06.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30