Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը կպնում է մեր ազգային արժանապատվությանը»

Հունիս 18,2014 18:06

«Այո, Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը իր իսկ կողմից ճանաչած սահմաններով՝ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետությունը այս 20, 22 տարիների, 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին: Որևէ մեկը կա՞, որ էստեղ հարց առաջացնի կամ ասի՝ էս մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ ոչ »,- երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հաստատել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի համար, նախագահի այս պնդումը ընկալելի չէ. «Եթե Սերժ Սարգսյանը սեպտեմբերի երեքից առաջ կամ անմիջապես դրանից հետո նման մոտեցում արտահայտեր, ընկալելի կլիներ, բայց երբ դրա մասին հայտարարում է Ղազախստանի նախագահ Նազարբաեւի նախապայմանից հետո, որը հենց Ալիեւի խոսքն է փոխանցել, մեր ազգային արժանապատվությանն է կպնում»,- Aravot.am-ին ասաց պարոն Մակեյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ճանաչված սահմաններով Եվրասիական միությանը միանալու նախապայմանը առաջ է քաշել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ:

Պարոն Մակեյանի ընկալմամբ, ՄՄ-ին Հայաստանի ճանաչած սահմաններով միանալու նախագահի վերահաստատումը հակասում է իշխանությունների ավելի վաղ կատարած պնդումներին. «Իննսունականներին ոտքի կանգնեցինք, լուծեցինք Ղարաբաղի հարցը, քսան տարի է ասում են՝ ինչպիսի գործընթաց էլ գնա Ղարաբաղը մերն է, հիմա սկսել են հրաժարվել իրենց խոսքից…
Եթե Սերժ Սարգսյանը փակագծերը բացի, ժողովրդական մեծ ընդվզում կլինի, իսկ չի անի, այս պարագայում սպասենք, թե երբ ու ինչքանով են ՀՀԿ-ականները բացելու փակագծերը»:

Անդրադառնալով՝ Սերժ Սարգսյանի պնդմանը, թե Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունից անակնկալի չի եկել, և հայկական 10-հոգանոց պատվիրակությունն իմացել է Ադրբեջանի նախագահի նամակի մասին նախօրոք, պարոն Մակեյանն ավելի սխալ գնահատեց նախագահի լռությունն ու չարձագանքելը հենց տեղում. « Առավել եւս, որ նախապես իմացել են, ապա բարի լինեին նախապես քաղաքակիրթ դիվանագիտական լեզվով պատասխանը նախապատրաստեին, որ հայ քաղաքացին տեսներ իր նախագահը արժանապատիվ դիրքորոշում ունի ու արժանապատվորեն պատասխանում է, բայց դա չի եղել, չէ՞… Համամիտ եմ Սերժ Սարգսյանի հետ, որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը տղայություն անելու տեղ չէ, բայց վարչախումբը ներսում բոլոր գործընթացները տանում է տղայական հարթության վրա, իսկ դրսում՝ իրական դիվանագիտական հարթության մեջ լռում են»:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը չի կարծում, թե ԼՂՀ հիմնահարցի շուրջ քսան տարվա բանակցությունների արդյունքը քսան տարի տեւող խաղաղությունն է, ինչպես վստահեցրել է Սերժ Սարգսյանը. «Եթե այս քսան տարվա ընթացքում զինադադարի բալանսը պահված լիներ հօգուտ մեզ, ինչպես 90-ականներին էր, երբ մեր կողմի նժարը շատ բարձր էր, կհավատայի, բայց երբ այդ նժարը գնալով թեթեւանում է ու գնալով ծանրանում է հօգուտ Ադրբեջանի, որեւէ ձեւով չեմ կարող ընկալել Սերժ Սարգսյանի ասածը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Եթե «Արցախը Հայաստանի մաս չէ», ապա այդ ո՞ր ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԻ վրա են ՀՀ զինվորները ծառայում (ու զոհվում) Արցախում:

  2. Գայանե says:

    Սերժիկ, քեզանից խելացի մարդիկ ասում են, որ միջազգային կառույցներին անդամակցելիս ՀՀ-ի ահմանները չեն նկարում անդամակցելու պայմանագրերի մեջ: Բարի եղիր` մի ադպիսի պայմանագիր նշիր: Իսկ 3 պետությունների միությունը դեռ միջազգային կառույց չէ:
    Վարազ Սյունին ճիշտ հարց է տալիս, ես էլ եմ պահանջում այս հարցի պատասխանը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30