Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրաէներգիայի թանկացումը ճակատագրական է լինելու ոչ միայն բնակչության, այլեւ արտադրողների համար»

Հուլիս 07,2014 14:49

ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահ, «Տոսպ» ձեռնարկության ղեկավար Սուրեն Բեկիրսկին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը փոքր եւ միջին ձեռնարկությունների վրա, ասաց, որ անցյալ տարվա 27 տոկոս սակագնի բարձրացումը արդեն իսկ բավականին լուրջ հարված էր ձեռնարկատերերի համար:

«Այն արտադրողները, որոնք տեխնիկական առումով, բարձր լարումով հոսանք գնելու եւ սեփական միջոցներով տրանսֆորմացիա անելու հնարավորություն ունեին, նրանց մոտ արդեն իսկ 3-4 տոկոս գնաճ եղավ եւ մրցակցային առավելությունները սկսեցին կորցնել»,- ասաց պրն Բեկիրսկին:

Վերջին տասը տոկոսով թանկացումը, պրն Բեկիրսկու խոսքերով, ավելի է դժվարացնելու իրավիճակը. «Թանկացումը ճակատագրական է լինելու ոչ միայն բնակչության համար, այլեւ արտադրողների համար»:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով էլ, եթե ամեն տարի էներգետիկ քաղաքականության մեջ էական շտկումներ չտարվեն, ապա ամեն տարի հասարակությունը կանգնելու է հոսանքի գնի բարձրացման խնդրի առջեւ. «Արդեն ժամանակն է առաջ քաշել Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման խնդիրը: Այն պահանջում է չորս հարյուր միլիոն դոլար: Եթե այս խնդիրը լուծվի, երկուսից երեք տարում կունենանք նոր էներգաբլոկ, որի արդյունքում 3 խորանարդ մետր գազի դիմաց 9 կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա հետ կտանք, իսկ մեր բաշխիչ ցանցերին առնվազն 2 մլրդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա կարելի է փոխանցել բավականին ցածր գնով»:

Պրն Սաֆարյանի խոսքերով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով հացի, պարենային ապրանքների արտադրության ոլորտում գների բարձրացումներ կլինեն. «Կառավարությունը այնպիսի քաղաքականություն պիտի տանի, որ մեր էներգակիրները հնարավորինս ցածր գին ունենան եւ այդ ծառայություն մատուցող կազմակերպությունները բարձր շահութաբերություն չունենան: Եթե նրանք նախատեսում են բարձր շահութաբերություն, բնական է, որ դրա վճարողը պետք է լինի սպառողը» :

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031