Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ քաղաքագետի՝ Հայաստանին ձեռնտու չի անդամակցությունը ԵվրԱսՏՄ-ին, բայց՝ ստիպված միանում է

Հուլիս 08,2014 13:21

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ Ռուսաստանը՝ Եվրասիական տնտեսական միություն (ԵվրԱսՏՄ) մտնելու համար պատրաստ է Ադրբեջանին հանձնել Ղարաբաղը, քանի որ դա անվերապահորեն կհանգեցնի պատերազմի. «Ռուսաստանին ավելի ձեռնտու է այս տարածքում պահպանել ստատուս քվոն, որն ավելի երկարաժամկետ կոնստրուկցիա է»:

Նա հիշեցրեց, որ դեռ 1994-ից Ադրբեջանը փորձել է Ռուսաստանի հետ տարբեր կառույցների մեջ ներգրավվել՝ Լեռնային Ղարաբաղը ստանալու համար, բայց դա որեւէ արդյունքի չի բերում, որովհետեւ՝ նախ՝ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանին չի պատկանում, որպեսզի հանձնեն, եւ երկրորդ՝ ներկայիս իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին. «Գործող կոնստրուկցիան նորմալ աշխատում է, լուրջ փոփոխություններ չենք տեսնի, բայց հռետորաբանությունը կպահպանվի»:

Քաղաքագետը նաեւ նկատում է, որ «ցավոք սրտի, 2012թ. ընտրությունների արդյունքում խորհրդարանում ձեւավորվեց միանձնյա մեծամասնություն, եւ որեւէ ձեւով ընդդիմությունը չի կարող այդ վիճակը փոխել մինչեւ 2017 թիվը: Հասարակության մեջ պարբերաբար տարբեր հարցերի հետ կապված լուրջ դժգոհություններ են լինում՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական՝ ներքին եւ արտաքին, եւ այլ հարցերի վերաբերյալ, բայց ընդդիմությունը ի վիճակի չէ ակումուլացնել, հավաքել հասարակության եւ քաղաքական այդ դժգոհությունները, բացասական վերաբերմունքը դեպի իշխանությունները: Ունենք իրավիճակ, որ մի քաղաքական ուժի մենաշնորհ կա, ու չնայած լուրջ դժգոհություններին, ընդդիմությունը չի կարողանում օգտագործել բացասական էներգիայի այդ ռեսուրսը»:
Ինչ վերաբերում է ԵվրԱսՏՄ-ին միանալու պրոցեսի ձգձգմանը, եւ ընդհանրապես՝ այդ միավորման մեջ Հայաստանի հայտնվելուն, Սերգեյ Մինասյանը նշում է. «Ակնհայտ է, որ անցած տարի սեպտեմբերի 3-ին ընդունված որոշումը ամենեւին պայմանավորված չէր տնտեսական նպատահահարմարությամբ, այլ միայն՝ քաղաքական կամ անվտանգության խնդիրների ոչ թե լուծման, այլ՝ կասեցման համար, հասկանալի է, թե ինչ խնդիրներ կարող էր ունենալ մեր երկիրը, եթե չընդուներ այդ որոշումը: Եթե այդ կազմակերպությունն ինքն իրենով չունենա խնդիրներ, կամ Ռուսաստանը ինքն իրենով չորոշի, որ իրեն այլեւս պետք չէ Հայաստանի անդամակցությունը՝ Հայաստանը կշարունակի այդ միությանը անդամակցելու այս գործընթացը՝ անկախ այն բոլոր տնտեսական եւ սոցիալական խնդիրներից, որոնց առաջ կկանգնի: Այն, որ Հայաստանը ներքաշվել է իրեն տնտեսապես ոչ ձեռնտու կառույցի մեջ՝ ակնհայտ է»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031