Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը էլեկտրաշոկն էր մոռացել

Հուլիս 09,2014 17:23

Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված Արմեն Հովհաննիսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը իսպանացի օդաչու է, եթե հետազոտված տեսանյութերից գոնե մեկը ապացուցում է իրենց նկատմամբ առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հետազոտված տեսանյութերի վերաբերյալ իրենց հայտարարություններն էին ներկայացնում:

«Էլի եմ պնդում, որ մենք գերի ենք իշխանության ձեռքին, որը շինծու ապացույցներով մեզ խուլիգաններ է սարքում: Հարգելի դատավոր, եթե այստեղ նշանակված եք արդարությունը ապահովելու համար, պարտավոր եք մեզ ազատել գերությունից: Հակառակ դեպքում, մեզ հետապնդում են քաղաքական հայացքների համար, որ դեմ ենք, որ մարդը ստրուկի պես ապրի, 19 հազար դրամով ոնց ապրի: Իմ խնդիրը չպետք է լինի, ոնց մի կտոր հաց վաստակեմ` երեխաս սոված չմնա, իմ խնդիրը պետք է լինի պետության համար պետական մտածելակերպ ունեցող քաղաքացի մեծացնել: Խուլիգանություն չէ մեր կատարածը, ունենք արժանապատվություն»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Ամբաստանյալ Հայկ Հարությունյանն էլ պնդեց, որ դատարանում հետազոտված տեսաերիզում ակնհայտ երեւում է, որ հասարակությունը խնդիր ուներ ոչ թե իրենց, այլ ոստիկանների հետ. «Եթե մենք հասարակական կարգ էինք խախտել, ինչպե՞ս եղավ, որ հասարակությունը մեր պաշտպանն էր: Հասարակության համար մենք էինք կռիվ տալիս: Մեր երկրին տեր կանգնելու պահանջով ենք դուրս եկել, ոչ թե խուլիգանություն ենք արել»:

Մյուս ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանն էլ հիշեցրեց հայկական ֆիլմերը, որտեղ պայքարող քաղաքացիների ճամփա փակողը հայ զինվոր չէր, այլ՝ ասկյար. «Իսկ մեր ճամփան մեր ոստիկաններն էին փակում, որովհետեւ նրանք մնացել են խորհրդային կարգերում՝ որպես սովետական միլիցա: Նախորդ անգամ էլ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին էին քաշքշում, ծեծում: Դե լավ, ծեծեք, ջարդեք, թող ժողովուրդը թողնի փախնի, տեսնեմ ում փողերով եք աշխատավարձ ստանալու»:

Ամբաստանյալների հայտարարություններից հետո դատարանը հետազոտեց դեպքի իրեղեն ապացույցները՝ փայտե մահակները, ապակու կտորներ…

Ինչից հետո «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ ներկայացված ապացույցները կիսատ են. «Ֆոտոապարատը, երեխուս մոտից գողացել են, զրահաբաճկոնն ո՞ւր է, Վովան գողացե՞լ է, թե՞ պետությունից էլ չէր ստանալու»:

Ինեսա Պետրոսյանն էլ միջնորդեց դատարանում հետազոտել նաեւ մյուս իրեղեն ապացույցները՝ օրինակ զրահաբաճկոնը, որը դատարան չի ներկայացվել: Դատավորն ասաց՝ եղածները հետազոտելուց հետո,կհետազոտվեն նաեւ լրացուցիչ իրեղեն ապացույցները:

Շանթ Հարությունյանն էլ ասաց, որ իրեղեն ապացույցները միտումնավոր են կիսատ բերվել դատարան.«Ոստիկանների շառը հաստատելու համար: Հո չէին բերի զրահաբաճկոնն ու ցույց տային, որ դրանով ենք դուրս եկել պայքարի: Այդ դեպքում հարց կառաջանար, ինչո՞ւ, ումից էինք պաշտպանվում»:

Հետո ասաց, որ եթե կարողանար, բոլորի համար զրահաբաճկոն կապահովեր. «էլեկտրաշոկ էլ էի ուզում վերցնել: Էլեկտրաշոկերի հարցը լուծելու էի, եթե մինչեւ դեկտեմբերի երկուսը մնայի էնտեղ»:

Վերջում էլ հավելեց, որ պատրաստված պետք է դուրս գալ ճշմարտությունն ասելու. «Ես կարծում եմ, որ աշխարհայացքային հեղափոխություն պետք է լինի, ոչ թե սոցիալական կամ քաղաքական»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031