Լրահոս
Օրվա լրահոսը

Միկոյանը ստորագրել է նաև Կատինի սպանդը իրականացնելու որոշման տակ

Հուլիս 11,2014 20:20

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) «Յանովիչը և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով վճռում ներկայացված են փաստեր, որտեղ երևում է, որ Անաստաս Միկոյանը ստորագրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 14.700 լեհ ռազմագերիների և Ուկրաինայի ու Բելառուսի արևմտյան շրջաններում ձերբակալված 11.000 անձանց գնդակահարության մասին որոշման տակ:

Վերոնշյալ գործը ՄԻԵԴ-ում քննվել է 2007-ի նոյեմբերի 19-ին և 2009-ի մայիսի 24-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն՝ Լեհաստանի 15 քաղաքացիների (դիմումատու) կողմից` ընդդեմ Ռուսաստանի Դաշնային Հանրապետության բերված գանգատների հիման:

Գործում ներկայացված հանգամանքների համապատասխան՝ 1939-ի սեպտեմբերի 17-ին, երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին խորհրդային Կարմիր բանակը մտավ Լեհաստանի տարածք, իբրև թե Լեհաստանի արևելյան մասում ապրող ուկրաինացիներին և բելառուսներին պաշտպանելու նպատակով, լեհական բանակը զինված դիմադրություն ցույց չտվեց: ԽՍՀՄ-ը բռնազավթեց իր կառավարման ներքո հայտնված տարածքը և 1939-ի նոյեմբերին հայտարարեց, որ այնտեղ ապրող 13,5 միլիոն Լեհաստանի քաղաքացիներն այսուհետև Խորհրդային միության քաղաքացիներ են: Կարմիր բանակի առաջխաղացման հետևանքով, մոտավորապես 250,000 լեհ զինվորներ, սահմանապահներ, ոստիկաններ, բանտապահներ, պետական ծառայողներ և այլ պաշտոնատար անձինք ձերբակալվեցին:

Այնուհետև ՄԻԵԴ-ում քննված գործի նյութերում հանդիպում ենք Լ. Բերիայի կողմից ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ի. Ստալինին ներկայացրած մի առաջարկի` հաստատել պատերազմի լեհ ռազմագերիների գնդակահարությունը այն հիմքով, որ նրանք բոլորը «հանդիսանում էին` կառավարման խորհրդային համակարգի դեմ ատելությամբ լցված խորհրդային իշխանությունների թշնամիներ», ովքեր «փորձում էին շարունակել իրենց (հակահեղափոխական) աշխատանքները» և «իրականացնում էին հակասովետական քարոզչություն»:

Առաջարկում կոնկրետացվում էր, որ «ռազմագերիների ճամբարները ներառում էին 14,736 նախկին զինվորական և ոստիկանության ծառայողների, որոնցից 97 տոկոսը ազգությամբ լեհ էին, և որ ևս 10,685 լեհեր պահվում էին Ուկրաինայի և Բելառուսի արևմտյան շրջանների բանտերում»: Առաջակը քննարկվում է և Ի. Ստալինի, Կ. Որոշիլովի, Ա. Միկոյանի, Վ. Մոլոտովի, Մ. Կալինինի և Լ. Կագանովիչի ստորագրությամբ որոշվում. «Ռազմագերիների ճամբարներում մնացած 14.700 անձանց գործերը (նախկին լեհական բանակի ծառայողներ, պետական պաշտոնյաներ, հողի սեփականատերեր, ոստիկաններ, հատուկ ծառայության գործակալներ, ռազմական ոստիկաններ, գաղութների և բերդերի պահապաններ) և այն 11.700 անձանց գործերը, ովքեր ձերբակալվել էին և շարունակում էին մնալ Ուկրաինայի և Բելառուսի արևմտյան շրջաններում (հակահեղափոխական լրտեսական և դիվերսիոն կազմակերպությունների անդամներ, նախկին հողատերեր, գործարանատերեր, նախկին լեհական բանակի ծառայողներ, պետական պաշտոնյաներ և փախստականներ), պետք է քննության առնվեն հատուկ ընթացակարգով և նախատեսվեն մահապատիժներ, որոնք կիրականացվեն գնդակահարության միջոցով: Համապատասխան որոշման՝ «գործերը պետք է քննվեն առանց ձերբակալվածներին մասնակից դարձնելու կամ մեղադրանքը բացահայտելու, և առանց հետաքննության եզրահանգումների հրապարակման կամ մեղադրական եզրակացությունը նրանց հանձնելու»:
Ողբերգությունը հայտնի է Կատինի սպանդ անունով, քանի որ այն իրականացվել է «Կատինի անտառ» կոչվող վայրում:

Հետաքրքրական է այն, որ գործում առկա են նյութեր, օրինակ՝ 1942-1943-ին 12 դատաբժշկական փորձագետներից կազմված հանձնաժողովի եզրակացությունը, որ խորհրդային իշխանություններն են կրում կոտորածի պատասխանատվությունը: Այս ամենի վերաբերյալ Ռուսաստանի դուման ևս կատարեց հետևյալ հայտարարությունը. «Խորհրդային պաշտոնական քարոզչությունը, Կատինի ողբերգություն հավաքական անունը ստացած այս չարագործության պատասխանատվությունը վերագրում էր նացիստական հանցագործներին… Երկար տարիներ գաղտնի արխիվներում պահված հրապարակված փաստաթղթերը ոչ միայն ցույց են տալիս այս սոսկալի ողբերգության մասշտաբը, այլ հաստատում են այն փաստը, որ Կատինի հանցագործությունը իրականացվել է Ստալինի և այլ Խորհրդային առաջնորդների ուղղակի հրամաններով…»: Ինչպես արդեն նշել ենք, այս առաջնորդների շարքում էր նաև Անաստաս Միկոյանը: Նա ստորագրել է գնդակահարությունների մասին հայտնի որոշման տակ:

Գործի նյութերից բացահայտվում է ռուսական կառավարության հակասականությունը: Փաստորեն, մի կողմից Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 1940-ին դիմումատուների հարազատների մահապատժի փաստը, բայց մյուս կողմից, ռուսական ռազմական դատարանները նրանց հայտարարել են անհայտ կորած: Ռուսական իշխանությունները չեն ընդունել դիմումատուների վկայությունները, և քայլեր չեն ձեռնարկել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ փաստաթղթերի որոնման ուղղությամբ:

Ի վերջո, ՄԻԵԴ-ը մերժում է դիմումատուների հայցը: Վճռվում է, որ «Դատարանն օժտված չէ գանգատը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն քննելու իրավազորությամբ», «որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել», «որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները» և մերժում է դիմումատուների փոխհատուցման պահանջները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան Վանական says:

    Հայ Միկոյանը մենք պէտք է լաւ Ճանչնանք՝ իր “մթութեամբը ահեղ”.
    Վրացի Ստալինի արձանը Վրաստանի մէջ տապալեցաւ.
    Իսկ՝ Միկոյանի արձանը Հայաստանի մէջ երբէք պիտի չիքնահատուի.

    Հայութիւնը պէտք չունի Միկոյանի պէս “մթութեամբը ահեղ” հանճարի.

    Գործուած ոճիռը միջազգային հարձ է.
    Զգուշութիւնը իմաստութիւն է.

    Վահան Վանական

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031