Լրահոս
Օրվա լրահոսը

Իվան Կուխտա. «Ռուսաստանը ահաբեկիչներին աջակցելու համար պետք է պատասխանատվություն կրի»

Հուլիս 22,2014 13:29

«Մեր տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Դոնեցկի անջատողականների կամ ահաբեկիչների կողմից եւ Ռուսաստանի զենքով: Ուկրաինան բոլոր ապացույցներն ունի: Ուկրաինան, ինչպես ամբողջ միջազգային հանրությունը, շահագրգռված է այդ ավիավթարի պատճառների լիարժեք բացահայտման մեջ: Մենք ունենք ապացույցները, բնականաբար, եզրակացություն կանի հանձնաժողովը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան՝ հուլիսի 17-ին ռուս-ուկրաինական սահմանի մոտ «Մալայզիական ավիաուղիներին» պատկանող «Բոինգ 777» ինքնաթիռի կործանման առնչությամբ:

Նրա խոսքերով՝ «Երեկ Ուկրաինայի նախագահը՝ Պոռոշենկոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ Ուկրաինան շահագրգռված է որքան հնարավոր է շուտ բացահայտելու եւ հաստատելու այդ ավիավթարի պատճառները: Ուկրաինան կանչել է բոլոր միջազգային կազմակերպություններին, ԻԿԱՕ-ին, ԵԱՀԿ-ին՝ այդ վթարի օբյեկտիվ հետաքննության համար: Նախագահը նաեւ հրավիրել է ՌԴ իշխանության ներկայացուցիչներին»:

Հարցին՝ Դուք ասում եք, որ ունեք ապացույցներ, որ ռուսական զենքով են կրակել, բայց ՌԴ իշխանությունները հակառակն են պնդում, ԱՄՆ-ն ասում է,որ ինքն էլ ապացույցներ ունի, Դուք կոնկրետ ի՞նչ ապացույցներ ունեք՝ Իվան Կուխտան պատասխանեց. «Իսկապես, ուկրաինական կողմն ունի իր լուրջ, պաշտոնական, շատ ապացույցները: ՌԴ-ն ունի իր ապացույցները, ԱՄՆ-ն ունի իրենը: Դրա համար կա ԻԿԱՕ-ն միջազգային կազմակերպությունը եւ ԵԱՀԿ-ն, որոնք այդ ապացույցները կհետաքննեն եւ մասնագետները կգան համապատասխան եզրակացության: Կան լուսանկարներ եւ այլ հիմնավոր ապացույցներ, որոնք կտան միջազգային կազմակերպությանը»:
Հարցին՝ ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ Ուկրաինայի արեւելքում գործող անջատողականները տեւական ժամանակ արգելում էին միջազգային դիտորդների մուտքը տարածք, սահմանափակումներ էին դնում ժամանակի հետ կապված՝ դեսպանը պատասխանեց. «Ավիավթարից հետո Ուկրաինայի իշխանությունները տեղյակ պահեցին միջազգային հանրությանը, որ այն տարածքում, որտեղ ընկել է ինքնաթիռը, Դոնեցկի անջատողականները արգելում էին մոտենալ հատկապես Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այլ երկրների ներկայացուցիչներին ու միջազգային դիտորդներին: Կարծում եմ, դա դիտավորյալ էր արվում, որպեսզի ավիավթարից րոպեներ անց որոշ ապացույցներ, փաստեր կոծկեին, թաքցնեին»:

Իսկ թե այդ լուրջ սպառազինությունը, որով կործանվել է ինքնաթիռը, որտեղից կարող էր հայտնվել անջատողականների մոտ, քանի որ ինքնաթիռն ընկել է բավականին մեծ բարձրությունից՝ դեսպանը պատասխանեց. «Ուկրաինայի ղեկավարությունը գտնում է, որ Դոնեցկի անջատողականներն ունեին այդ սպառազինությունները ռուսական սահմանից: Այդ մասին գիտի միջազգային հանրությունը, ոչ ոք չի թաքցնում: Քանի որ չէին կարող ինքնաթիռին կրակել ռոգատկայով ու կործանել այն»:

Քանի որ Իվան Կուխտան օգտագործեց «ահաբեկիչ» բառը, հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ՌԴ-ն ֆինանսավորում է ահաբեկչությունը՝ նա պատասխանեց, որ այն երկիրը, որն աջակցում է Դոնեցկի անջատողականներին, պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Դոնեցկի անջատողականները պետք է ճանաչվեն միջազգային ահաբեկիչներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031