Լրահոս
Օրվա լրահոսը

Բարաք Օբամայի` պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը «ՎՏԲ Բանկին» չի վախեցրել

Հուլիս 30,2014 17:17

«Մի շարք ռուսաստանյան բանկերի, այդ թվում նաեւ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ-ի հանդեպ ԱՄՆ կողմից կիրառված պատժամիջոցների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկն» աշխատում է սովորական ռեժիմով` տրամադրելով վարկային եւ ավանդային գործառնությունների ողջ տեսականին, ներառյալ նաեւ դրամական միջոցների փոխանցման գործարքները եւ բանկային քարտերի օգտագործումը»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն իրականություն դառնալու դեպքում,ինչպիսի՞ խնդիրներ կունենան ՎՏԲ-ի հայաստանցի հաճախորդները, պարզաբանեցին «ՎՏԲ Բանկ ԲԲԸ» եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից:

«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ այսօր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, թե Վաշինգտոնը էներգետիկայի, զենքի եւ ֆինանսների մասով պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ եւ պատժամիջոցների թիրախում են մասնավորապես, «Մոսկվայի բանկ»-ը, «Ռուսաստանի ագրոբանկ»ն ու «ՎՏԲ բանկը»:

Ըստ «ՎՏԲ Բանկ ԲԲԸ» եւ «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի պարզաբանման.
«Ընդգծում ենք, որ կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին եւ կատարել պարտավորությունները ողջ ծավալով եւ բոլոր այն արժույթներով, որոնցով աշխատում էր մինչ այդ: Visa եւ Mastercard ընկերությունների ներկայացուցիչներն արդեն հաստատել են, որ բանկի պլաստիկ քարտերը նույնպես կարելի է օգտագործել առանց սահմանափակումների ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ արտասահմանում»:

ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ի պաշտոնական դիրքորոշումն էլ հետեւյալն է. «ՎՏԲ-ն ափսոսանքով ընդունեց ամերիկյան իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալ ներգրավելու բանկի հնարավորությունը: Մեր կարծիքով, այն բացարձակ ոչ ադեկվատ է, քանի որ ՎՏԲ-ն խստորեն կատարում է բոլոր օրենսդրական նորմերը, այդ թվում նաև ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջները, ինչի մասին նրանք լավագույնս տեղեկացված են: Այսպիսով, մենք դիտարկում ենք այս որոշումը որպես բացառապես քաղաքական շարժառիթներ պարունակող, անարդար, իրավական հիմքերին հակասող եւ երկկողմանի տնտեսական վնաս հասցնող: ՎՏԲ-ն համակարգ ձևավորող ռուսաստանյան ուժեղ վարկային ինստիտուտ է լայն միջազգային ներկայությամբ եւ կայուն ֆինանսական դիրքով: Չնայած ԱՄՆ խտրական որոշումներին` ՎՏԲ-ն կատարելու է իր բոլոր պարտավորությունները բաժնետերերի, հաճախորդների ու ներդրողների հանդեպ:
Կապիտալի շուկայի հասանելիությունը ՎՏԲ-ի համար սահմանափակելու ԱՄՆ որոշումը չի անդրադառնա բանկի գործունեության ու վարկունակության վրա: ՎՏԲ-ն համաշխարհային ներդրողների շրջանում լավ համբավ է վայելում: Մենք վստահ ենք, որ անհրաժեշտության դեպքում կկարողանանք ներգրավել ռեսուրսներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031