«Իմ ակնկալիքը ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտումն է»,- միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկի հարցին՝ ո՞րն է Ձեր ակնկալիքն այս ընտրություններից, վստա՞հ եք, որ ընտրվելու եք, քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Ծրարը գցելով քվեատուփի մեջ՝ Նիկոլ Փաշինյանը սրտիկ ցույց տվեց։
Լրագրողների հարցին ի պատասխանեց՝ ի՞նչ տրամադրություն ունեք, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շատ լավ։
Կարդացեք նաև
«Իզվեստիայի» հարցին՝ ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերի նկատմամբ տեղի ունենում ճնշումներ, փորձում էին «Ուժեղ Հայաստանին» ընտրապայքարից հանել, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Իսկ ո՞վ էր ցանկանում։ Դրանք գործընթացներ են, որոնք տեղի են ունենում ՀՀ ընտրական օրենսդրությամբ։ Ցավոք, կան շատ փաստեր ընտրական կոռուպցիայի հետ կապված։ ՀՀ-ի պետական մարմինները դրանց պետք է արձագանքեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե իշխանություն դառնալու համար մեծամասնություն չունենաք, պատրա՞ստ եք՝ որպես ընդդիմադիր աշխատել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ժողովուրդը ոնց որոշի, այնպես էլ կանեմ»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ իր ընտրվելուց հետո հայ-թուրքական սահմանի բացման շուրջ են աշխատելու, ԹՐԻՓՓ նախագիծն է իրագործվելու և այլն։
Փաստմանը՝ նշել եք, որ ընտրվելու դեպքում առաջինն այցելելու եք Մոսկվա և հարցին՝ ինչո՞ւ, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Առաջին, երկրորդի հարց չէ․ Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ , Բրյուսել էլ, Փարիզ էլ եմ մեկնելու, Թբիլիսի էլ եմ մեկնելու։ Հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցել ԵՔՀ գագաթաժողովին՝ Բաքվում»։
Հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում Արթուր Օսիպյանի առողջական վիճակը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չգիտեմ՝ ինչ խնդիր կա առողջական խնդրի հետ»։
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում ռուսական կողմի տնտեսական պատժամիջոցները, նա պատասխանեց․ «ՀՀ-ՌԴ հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորություն և հենված են փոխադարձ հարգանքի վրա։ ՀՀ-ում գործող որոշ ուժեր են փորձում լարվածություն ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում»։ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ին չեն կարող ԵԱՏՄ-ից հանել․ «Ըստ կարգավորումների՝ բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով, և ՀՀ-ն ունի նաև վետոյի իրավունք»։ ՀՀ-ում ԵՄ անդամակցության հետ կապված հանրաքվեի անցկացման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին ի պատասխան էլ ասաց․ «Ինչ վերաբերում է հանրաքվեին, հանրաքվեն տեղի կունենա այն ժամանակ, երբ լինի հանրաքվեի առարկա։ Առնվազն ՀՀ-ն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ լինելու համար կամ ունենա ԵՄ անդամ երկրի կարգավիճակ։ Այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին, որովհետև օբյեկտիվորեն գիտենք՝ մենք դեռ պատրաստ չենք այդ կարգավիճակին։ Ինչո՞ւ ենք ձևի համար դիմում աղմուկ հանելու համար։ Հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը»։
Հարցին՝ ինչո՞ւ Ձեր հրահանգով փակվեց Armat Media-ն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ես Ձեզ համար վատ նորություն ունեմ, գաղափար չունեմ Արմատ մեդիայի գործունեության մասին»։
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































