Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդուհի Գեւորգյանին եւ նրա բազմանդամ ընտանիքին վտարման համար 10 օր ժամանակ տրվեց

Օգոստոս 07,2014 13:45

Վարդուհի Գեւորգյանի ամուսինը՝ Վարդան Ղարբազյանը, 40 տարեկանում մահացել է:
Նա 1993թ. զինվորական ծառայության էր անցել ՀՀ ՊՆ զինված ուժերում եւ մասնակցել էր մարտական գործողություններին, մարտադաշտում 1994թ. փետրվարին վիրավորվել էր, մինչ մայիս ամիսն ապաքինվել է զինվորական հոսպիտալում, մահացել է 1995թ.-ին: Ամուսինը, ըստ էության, չի հասցրել օգտվել ՀՀ նախագահի 1992թ. հունիսի 21-ի թիվ 116 հրամանագրով նախատեսված՝ զինծառայողի ընտանիքի համար սահմանված արտոնություններից:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օրեր առաջ՝ օգոստոսի 4-ին, մերժեց Վարդուհի Գեւորգյանի, նրա բազմանդամ ընտանիքի հայցը:
Վ. Գեւորգյանը պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան եւ տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:

Վիճելի բնակարանը հանգուցյալ ամուսինը գնել էր նախկին տանտիրոջից՝ Անդրանիկ Սարգսյանից, սակայն մարտադաշտ գնալու հետ կապված՝ նա չի կարողացել բնակարանի ձեւակերպումներն անել, չնայած այն հանգամանքին, որ 1988թ.-ից վիճելի տանը բնակվել է իր ընտանիքը, մինչ օրս տան կոմունալ վճարները կատարում են նրանք:
Այս գործը մի քանի անգամ «պտտվել է» տարբեր ատյանի դատարաններում, հասել վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, վերադարձվել կրկին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

«Առավոտը» անդրադարձել էր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Մելինե Սարգսյանի հայցով կայացրած վճռին: Մ. Սարգսյանը պահանջել էր տնից վտարել Վարդուհի Գեւորգյանին, նրա հարսին, որդուն՝ իրենց զավակներով՝ Հեղինե, Քրիստինե, Գեւորգ, Ռուզաննա, թոռնիկներին՝ Վարդան եւ Արտյոմ Ղարբազյաններին: Դատարանը հայցը բավարարել էր:

Ըստ գործում առկա պաշտոնական փաստաթղթերի՝ անշարժ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագրով նախկին տանտերը՝ Անդրանիկ Սարգսյանը, նշյալ տունը նվիրել էր երեք դուստրերից՝ Մելինե Սարգսյանին:

Վիճելի տան՝ սեփականության գործի հետ կապված դատարան էր ներկայացվել նաեւ 2013թ. հոկտեմբերի 17-ի գլխավոր դատախազության կողմից հաստատված, դատարան ուղարկված մի մեղադրական եզրակացություն, համաձայն որի՝ Մ. Սարգսյանը մոր եւ քրոջ հետ կատարել էր հանցավոր արարք, որը նախատեսված էր Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: 6 տարվա ազատազրկման դատապարտված Մ. Սարգսյանը, ըստ գործի նյութերի, 2013թ. մայիսի 2-ին մտել էր իրենց հարեւանությամբ գտնվող Մադոյան փողոցի 24 հասցե, որտեղ «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք ցույց տալով հարեւանների նկատմամբ՝ շուրջ 40 րոպե տեւողությամբ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Լ. Պետրոսյանի հասցեին, ապակյա տարայով հարվածել Վ. Գեւորգյանի հարսի՝ Լիլիթի գլխին, իսկ հարազատների հետ, հրելով պահարանը, առկա փայտը գցել են Լիլիթի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով գագաթային քերծվածքների ձեւով առողջության թեթեւ վնասվածքներ չպատճառող վնասվածքներ»:

Դատարանները, ըստ Վարդուհի Գեւորգյանի, հաշվի չեն առնում այն, որ ինքը զինվորի կին է, որ իր ընտանիքը բազմանդամ է, որ իրենք, ըստ էության, այդ վիճելի տան փաստացի բնակիչներն են տարիներ շարունակ:

Երեկ տեղեկացանք, որ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարողները տասն օր ժամանակ են տվել այս ընտանիքին՝ բնակարանն ազատելու համար: Սա այն դեպքում, երբ Վարդուհի Գեւորգյանը մտադիր է բողոքարկել վճիռը:

Դատարանն իր վճռի պատճառաբանական մասում նշել էր, թե վիճելի տունը նախկին տանտերը՝ Անդրանիկ Սարգսյանը, նվիրել է դստերը, որն էլ գրանցել է իր իրավունքը եւ ստացել սեփականության իրավունքի գրանցման վկայական:

Նաեւ արձանագրել էր. «Հայցվորի կողմից չի ներկայացվել որեւէ թույլատրելի եւ վերաբերելի ապացույց Մադոյան 24 տան եւ հողի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման փաստական եւ իրավական հիմքերի առկայության վերաբերյալ, ուստի նշված պահանջն անհիմն է»:

Սակայն դատարանը չի գնահատել այն, թե ինչ կարգավիճակով է Գեւորգյանների ընտանիքը 1988թ.-ից զբաղեցրել այդ տարածքը, ինչ կարգավիճակ ունեն այսօր էլ, ինչո՞ւ են նրանք անում «ուրիշի գույքի» համար կոմունալ վճարումները, եթե չունեն կարգավիճակ, եւ ինչո՞ւ «իրական» սեփականատերը 1988թ.-ից մինչ օրս նման պահանջ չէր ներկայացրել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

06.08.2014 թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031