Լրահոս
Օրվա լրահոսը

4 լրագրողների թույլ չեն տվել բնակարանների ընդունման ակտը ստորագրել

Օգոստոս 07,2014 16:49

Օգոստոսի 2-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի 55/8 եւ 55/11 հասցեներում մեծ շուքով բացվեց «Մատչելի բնակարան երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին և մարզիկներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակում կառուցված բազմաբնակարան համալիրը, որում պետք է բնակարան ստանային ծրագրի 338 շահառուներ:

Բացման հանդիսավոր արարողությանը և դրանից հետո ներկա լրատվամիջոցներին տված հարցազրույցներում Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հ/կ նախագահ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հայտարարեց, որ բոլոր 338 շահառուները արդեն` օգոստոսի 2-ի դրությամբ ստացել են իրենց բնակարանները: Ցավոք, պարզվում է փոխնախարարն ուղղակի, մեղմ ասած, ճիշտ չի ասել:

Իրականում 338 շահառուներից 4-ը, որոնք ի դեպ, հանրապետությունում թերեւս, ամենաճանաչված լրագրողներից են, մինչ օրս էլ բնակարան չեն ստացել` ընդ որում հենց «Շրջանավարտների միավորման» և անձամբ Արսեն Քարամյանի թեթև ձեռքով: Բանն այն է, որ ս.թ. հուլիսի 10-ին «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման» պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն. «Ծարավ Աղբյուրի 55/11 և 55/8 հասցեներում գտնվող բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատման աշխատանքներն ավարտվել են, և Երևանի քաղաքապետը ստորագրել է շինարարության շահագործման փաստագրման ակտը և բազմաբնակարան համալիրները հանձնվել են շահագործման:

Lragroghneri shenq

Ի դեպ, հետագա օրերին նույն ամսաթվով թվագրված ծանուցումներ են ստացել նաև ծրագրի շահառուները` ապագա բնակարանատերերը, ովքեր արդեն 2 տարի սպասում են իրենց բնակարանների կառուցման ավարտին:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ կնքված պայմանագրերի համաձայն, վաճառողը` այսինքն` Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հ/կ-ն պարտավորվել է կառուցապատման ավարտից անմիջապես հետո հանձնել բնակարանը գնորդին: Իսկ գնորդը, այսինքն` շահառուն, պարտավոր է վաճառողի կողմից ծանուցում ստանալուց հետո 10 օրվա ընթացքում ընդունել Անշարժ գույքը և ստորագրել հանձնման-ընդունման ակտը»: Սակայն, երբ վերոհիշյալ 4 շահառուները նախատեսված 10-օրյա ժամկետում դիմել են Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում հ/կ` պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունը կատարելու` ընդունման-հանձնման ակտը ստորագրելու համար, նրանց ուղղակի մերժել են` պատճառաբանելով, որ չեն վճարել էլեկտրաէներգիայի միացման վճարները, որոնք, ի դեպ,նախատեսված չեն պայմանագրով, բայց պահանջվում են շահառուներից:

ruzo

Ի դեպ, ինչպես պարզ է դառնում միավորման պաշտոնական կայքում առկա տեղեկատվությունից, 338 շահառուներից միայն հիշյալ 4-ն են հրաժարվել վճարել առանց իրավական հիմնավորման իրենցից պահանջվող այդ գումարները: Արդյունքում, նրանց առաջ բանավոր պայման է դրվել. միայն վճարելուց հետո իրենք կստանան իրենց բնակարանները:

Շահառուների վերջին օրերի հարցումներին ի պատասխան, այստեղ հայտնել են, թե Արսեն Քարամյանը և մյուս պատասխանատուները արձակուրդում են և կվերադառնան միայն օգոստոսի վերջին, իսկ նրանց բացակայության օրոք ոչ ոք իրավասու չէ շահառուների հետ գործարք կատարել:

Ահա, այսպես, որոշ պաշտոնյաների ապօրինությունների ու կամայականությունների հետևանքով, բնակարանի կարիք ունեցող 4 ընտանիք ոչ միայն չեն կարողանում իրենց բնակարաններին տեր դառնալ, այլև զրկվում են պայմանագրով ստանձնած իրենց օրինական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ընդ որում` առանց որևէ օրինական հիմքի:

Մանրամասներն առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031