Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 08,2014 10:17
Armen Shekoyan

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ տասնմեկերորդ
ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
Եթե մահկանացուներից որեւէ մեկն իրեն մյուսներից վատն է համարում, էդ նշանակում է, որ ինքը մյուսներից էապես ու որոշակիորեն է լավը, եւ տվյալ մահկանացուն ինչքանով որ իրեն մյուսներիցս վատն է համարում, էնքանով մյուսներիցս լավն է, եւ հատկապես ու առանձնապես Քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած հայերիս դեպքում է էդ էդպես, որովհետեւ հատկապես քրիստոնյաներիս դեպքում է խոստովանանքն ու ապաշխարությունն առանձնակի կարեւորվում, ու էդ է պատճառը, որ էսօրվա դրությամբ մեջներիցս ամենակարեւորվածն ու ամենաարժեւորվածը մեր հայրենակից Գրիգոր Նարեկացին է, բայց Նարեկացին հին դարերում մեր ժողովրդի կողմից ավելի ճանաչված ու կարեւորված էր, քան՝ էսօր, եւ ամենեւին պատահական չէ, որ անցյալ դարերում հայ մարդը «Նարեկը» բարձի տակ էր դնում՝ որպես բուժիչ ու բալասան, բայց անցյալ դարի կեսերին հայ գրագետներն ու մանավանդ գրականագետները Նարեկացուն հավատացյալ ժողովրդից խլելով՝ խցկեցին ութերորդ դասարանի հայ գրականության դասագիրք, եւ ութերորդ դասարանցի հայ դեռահասը կյանքում առաջին անգամ Նարեկացուն առնչվելով ու Նարեկացուն չհասկանալով՝ հետագա ողջ կյանքում խուսափում է Նարեկացուն եւս մեկ անգամ առնչվել, եւ սա իմ կյանքից ու իմ կյանքի փորձից եմ ասում, որովհետեւ իմ սերունդն իսկապես ութերորդ դասարանում առաջին անգամ Նարեկացուն առնչվելով՝ այնուհետեւ աճեց, զարգացավ եւ տասներորդ դասարանում արդեն առնչվեց պրոլետգրականության հիմնադիր Հակոբ Հակոբյանի պոեզիային, եւ էդպես կտրուկ ու շեշտակի հասունանալով՝ այնուհետեւ Նարեկացուն վերադառնալու ու անդրադառնալու առիթ չունեցավ, եւ միայն բացառիկներիս բախտ վիճակվեց հետագայում Նարեկացուն վերադառնալ ու անդրադառնալ, եւ էդ բացառիկներս մեզ թույլ չէինք էլ տա Նարեկացուն չվերադառնալ ու չանդրադառնալ, որովհետեւ բացառիկներս անցյալ դարի յոթանասունականների վերջերին արդեն բանաստեղծներ ու գրողներ էինք, եւ բացառիկներից ամենաբացառիկներս արդեն՝ Գրողների միության անդամ, իսկ ավելի ստույգ՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ, եւ ես էլ էի էդ հաջողակ բացառիկներից, որոնք Վարդգես Պետրոսյանի կամքով ու ցանկությամբ թափանցել էին Հայաստանի գրողների միության շարքերը, իսկ ավելի ստույգ՝ ԽՍՀՄ գրողների միության շարքերը, եւ չնայած հատկապես էդ թվականներին Հայաստանում քրիստոնեության ու հավատքի դեֆիցիտ կար, այդուհանդերձ, Նարեկացու անունն արդեն էլիտայի ու մանավանդ գրական էլիտայի շուրթերին էր, եւ սովետահայ գրագետներից ու գրականագետներից շատերն էին արդեն իրենց գցում Նարեկացու ու «Մատյանի» գիրկը, իսկ ավելի ստույգ՝ Նարեկացուն ու Նարեկացու «Մատյանն» էին իրենց գիրկը գցում, եւ Նարեկացուն ու «Մատյանն» իրենց գրկի մեջ խեղդելով՝ էդպես խեղդամահ արած հրամցնում էին բանասիրականի իրենց ուսանողներին, որպեսզի սրանք էլ հետագայում իրենց աշակերտներին ու ուսանողներին խեղդամահ Նարեկացի հրամցնեին, եւ չնայած հիմա էսքան հստակ ու էսքան համոզված եմ էս բաները գրում, էն ժամանակ էս բաները ոչ հասկանում ու ոչ էլ գիտակցում էի. ավելին. ինքս էլ իմ հերթին, իմ չափով ու իմ հնարավորության սահմաններում էի Նարեկացուն խեղդամահ անում՝ սրան ու նրան բացատրելով ու համոզելով, որ անմեղ հրեշտակ Նարեկացին ոչ թե անձամբ իր գործած մեղքերն է անվերջորեն թվարկելով խոստովանում, այլ, ընդհակառակը, ողջ մարդկության մեղքերն իր վրա առնելով՝ անվերջորեն թվարկել ու թվարկել է, եւ, ինչպես Նարեկացիագետներն ու Նարեկացիագիտության հավակնորդները, ձեր խոնարհ ծառան էլ չգիտեր ու չէր էլ ենթադրում, որ սեփական մեղքերը ստանձնելն ու խոստովանելը շատ ավելի լուրջ ու ծանր գործ է, քան՝ ուրիշների եւ նույնիսկ ողջ մարդկության մեղքերը ստանձնելն ու թվարկելը, եւ էս հասարակ բանը հիմա՝ տարիներ անց եմ հասկանում, երբ ժամանակ առ ժամանակ փորձում եմ գործածս որոշ ու որոշակի մեղքերս մտաբերել, եւ նույնիսկ սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է էդ բանն ինձ դժվարությամբ հաջողվում, որովհետեւ երբ սկսում եմ մեղքերս մեկ առ մեկ հիշել, հընթացս հասկանում եմ, որ շուտով եկեղեցին կփակեն ու չեմ հասցնի մեղքերիս գոնե մի չնչին մասը մտաբերել ու խոստովանել, որովհետեւ մեր եկեղեցիները շատ շուտ են փակվում՝ ի տարբերություն ռուսական ու մանավանդ մոսկովյան եկեղեցիների, որոնցից որոշներն ամբողջ գիշեր՝ մինչեւ լույս գործում էին նույնիսկ սովետական տարիներին, եւ էդ տարիներից երկուսում, երբ ապրում էի Մոսկվայի Գորկու ինստիտուտի Ռուսթավելի-Դոբրոլյուբով խաչմերուկի վրա գտնվող հանրակացարանում, ժամանակ առ ժամանակ՝ երբ որ անքնությունս վրա էր տալիս, գիշերներն այցելում էի էդ թաղամասում գտնվող եկեղեցին, որի անունը, ցավոք սրտի, չեմ հիշում եւ չեմ էլ ուզում ինտերնետի միջոցով ճշտել, որովհետեւ տարիների ընթացքում հասկացել եմ, որ մոռացածդ ուրիշների միջոցով եւ այլոց շնորհիվ ճշտելն ու վերականգնելն ամենեւին էլ հիշողության վերականգնում չի, եւ տարիների ընթացքում հասկացա նաեւ, որ կարեւորը ոչ թե եկեղեցիների անուններն են, այլ՝ եկեղեցիների էությունն ու մթնոլորտը, եւ նույնիսկ կարեւոր չէ՝ տվյալ եկեղեցին հայկակա՞ն է, թե՝ ռուսական. կարեւորն այն է՝ ինչքանո՞վ են տվյալ եկեղեցին ու տվյալ եկեղեցու մթնոլորտը նպաստում հավատքիդ ձեւավորմանն ու դրսեւորմանը, եւ չնայած հիմա էսպես եմ խոսում, եւ չնայած էս ամենը հասկանալով՝ մեր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էլ ժամերով չեմ նստում, այդուհանդերձ, չեմ կարող ասել թե՝ մեր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մթոլորտը հավատքիս ձեւավորմանն ու ամրապնդմանը չի նպաստում՝ դրա համար ժամերով չեմ նստում. այսինքն, եթե մեր էս կենտրոնական եկեղեցին էլ շուրջօրյա աշխատեր, էլի դժվար թե գիշերները գայի ու ժամերով նստեի, եւ չնայած էսօրվա դրությամբ էլ եմ անքնությունից հալածվում, էսօրվա անքնությունս ինձ որեւէ տեղ չի տանում, մինչդեռ ութսունականների սկզբների մոսկովյան անքնությունս ինձ քշում ու տանում էր Ռուսթավելու փողոցի ամենավերջում գտնվող եկեղեցին, որի անունն էս պահին չեմ հիշում ու չեմ էլ փորձում հիշել, որովհետեւ եթե հիշեմ էլ, դրանից որեւէ բան չի փոխվի, եւ հիմա նույնիսկ չեմ հիշում թե՝ էն ժամանակ, երբ անքնությունից հալածվելով քշվում էի էդ եկեղեցի, էդ ժամանակ էդ եկեղեցու անունը գիտեի՞, թե՝ ոչ, բայց հստակ հիշում եմ, որ էն ժամանակ, երբ գիշերներն անքնությունից հալածվելով՝ քշվում էի էդ եկեղեցի, ժամերով նստում ու մինչեւ լույս մնում էի էդ եկեղեցում եւ ուշադիր հետեւում էի՝ ինչպես են ուրիշներն Աստծուն հավատում:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031