Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ազատամարտիկը կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը

Օգոստոս 08,2014 20:01

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ:

Հարց. Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետապնդում նման լարվածության ստեղծումը:

Պատ. 1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր “մարտ-հետախուզությամբ” մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազմակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

Հարց. Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

Պատ. Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենիքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

Հարց. Հատկանշական է, որ զուտ կամավորականության սկզբունքով իրականացվող այս հիրավի օրինակելի առաքելությունը, որոշ շրջանակներում, այդ թվում նաև մեր հակառակորդի ճամբարում, այլևայլ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը փորձեց այս իրողությունն օգտագործելով, կասկածի տակ դնել ՊԲ-ում ծառայող մեր այսօրվա զինվորի մարտական ու բարոյահոգեբանական հնարավորությունները…

Պատ. Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Դա ոգևորելու և ոգևորվելու նպատակ է հետապնդում, որն ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ այսուհետ մեր երկրում ունի և ունենալու է իր առանձնահատուկ դերակատարությունը: Արցախի ազատամարտիկների կողմից կատարվող այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր խոսքը հաստատում է գործով և անհրաժեշտության դեպքում նա կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը:

Հարց. Եվ վերջին հարցը. Ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում

Պատ. Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահ համոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումների հեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենք պարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատ պարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության: Իսկ դրան հասնելու ամենակենսունակ ճանապարհը մեկն է` յուրաքանչյուր հայրենյաց պաշտպան` լինի զինծառայող, թե ազատամարտիկ իր առջև դրված խնդիրը պետք է կատարի խղճով և պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Հանգամանք, որն այսօր արդեն իրողություն է և այն դրսևորվում է ամեն օր ու ժամ:

Շնորհակալություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031