Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մելիքյան. «Կողմերը կրկնեցին իրենց վաղեմի փաստարկները»

Օգոստոս 10,2014 23:20

«Ոչ մի նոր գաղափար կամ փաստարկ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահները շրջանառության մեջ չդրեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն`անդրադառնալով այսօր Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպմանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հիշեցնենք, մասնավորաբար ասաց. «Այս հարցն իր լուծումն է պահանջում, այն երկար է ձգձգվում, հույս ունեմ, որ այս գործընթացին ձեր անձնական ներգրավվածությունը կխթանի բանակցային գործընթացին: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 4 բանաձև է ընդունել, ըստ որի՝ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից: Անցել է 20 տարի: Այդ բանաձևերն այդպես էլ մնացել են թղթի վրա»:

Սերժ Սարգսյանն էլ հակադարձեց. «Մենք կարծում ենք, որ հակամարտությունը իրականում հնարավոր է կարգավորել խաղաղ ճանապարհով, պետք է այն լուծել փոխզիջումների հիման վրա, այն սկզբունքների, որոնք մեզ առաջարկել են ԵԱՀԿ-ի համանախագահները: Բայց այսպիսի հարց ունեմ, պարոն Ալիևին, իսկ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձևերի կետերը միայն Հայաստանն է կատարել, որը իր ազդեցությունն է օգտագործել, որպեսզի դադարեն մարտական գործողությունները: Ու եթե մենք վերադառնանք 90-ականների դեպքերին, ապա ինձ թվում է, որ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, գուցե ինչ-որ բան ձգձգվի… Եթե մենք շարունակենք մեղադրել իրար, ինձ թվում է, որ բավական երկար ժամանակ այս հակամարտությունը չի կարգավորվի»:

«Կողմերը կրկնեցին իրենց վաղեմի փաստարկները և նրանց հայտարարությունները վկայում են, որ դիրքորոշումների մերձեցում տեղի չի ունեցել»,- հավելեց Արման Մելիքյանը: Ըստ նրա, սակայն, կա երկու ընդգծված, աչքի ընկնող հանգամանք. «Նախ շեշտադրվեց Ռուսաստանի, հետևաբար նաև անձնապես նախագահ Պուտինի հատուկ դերը՝ կարգավորման հաջող ընթացքը ապահովելու համատեքստում, ապա նաև այն, որ հակամարտության կողմերից երկուսի ղեկավարներն իրենց հավատարմությունը հավաստեցին խնդիրը խաղաղ միջոցներով կարգավորելու սկզբունքին: Ուրիշ ոչինչ»:

Երկկողմ, ապա եռակողմ հանդիպումներում զուգահեռ սահմաններում լարված իրավիճակը պահպանվեց: Օգոստոսի լույս 10-ի գիշերը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Տավուշի սահմանամերձ գյուղերը: Ադրբեջանի, Հայաստանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպման առնվազն հրապարակային մասում, սակայն, վերջին շրջանի սահմանային իրավիճակին, Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններին անդրադարձ չեղավ:
Ի դեպ, երեկ Սարգսյանն ու Ալիեւը ոչ ֆորմալ հանդիպում էին ունեցել` ներկա գտնվելով սամբոյի մրցաշարին: Թե ի՞նչ թեմաներ են քննարկվել ոչ ֆորմալ այդ հանդիպման ընթացքում, որեւէ տեղեկատվություն առայժմ չկա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031