Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում կառուցվելիք վրացական ՋԷԿ-ը չի ազդի վրաց-ադրբեջանա-թուրքական հարաբերությունների վրա

Սեպտեմբեր 01,2014 15:30

Օգոստոսի 21-22-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին (լուսանկարում՝ ձախից): Այդ այցից հետո հայտնի դարձավ, որ պայմանագիր է կնքվել Վանաձորում ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին: ՋԷԿ-ը կկառուցի «Anaklia IEP Holding» վրացական կազմակերպությունը: Ինչպես հաղորդում է Վրաստանում հայ համայնքի կայքէջը՝ այդ ընկերության սեփականատեր Թեյմուրազ Կարչավան օգոստոսի 26-ին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է. «Կառուցման ընթացքում եւ ՋԷԿ-ի շահագործումից հետո հինգ տարի շարունակ ՀՀ կառավարությունը վրացական կազմակերպությանն ազատում է հարկերի վճարից: Ավելին, էլեկտրակայանի կառուցման համար սպառված ամբողջ էլեկտրաէներգիան կարտահանվի Վրաստան»: Վրացի լրագրողների այն հարցին թե «ինչո՞ւ է տվյալ էլեկտրակայանը կառուցվում հենց Հայաստանում եւ ոչ թե Վրաստանում», Թեյմուրազ Կարչավան պատասխանել է հետեւյալը. «Անակլիայում նավահանգստի շինարարության եւ այլ նախագծերի իրականացման համար մեզ անհրաժեշտ է 400 մեգավատտ էլեկտրաէներգիա:

Այսօր Վրաստանի էներգոհամակարգը չունի այդ քանակության ազատ էլեկտրաէներգիա: Հայկական ՋԷԿ-ը շահագործման անցնելու համար անհրաժեշտ է 18 ամիս, իսկ Վրաստանում ՀԷԿ-ի կառուցման եւ շահագործման համար անհրաժեշտ է 8 տարի: Կառուցելով ՋԷԿ Հայաստանում՝ մենք 18 ամիս անց արդեն կունենանք մեզ անհրաժեշտ էլէկտրաէներգիան»: Վրաստանում հայ համայնքի կայքէջը գրում է. «Հայաստանի տարածքում վրացական ՋԷԿ-ի կառուցումը վրացական մամուլի համար դարձել է ակտիվ քննարկման նյութ, եւ այստեղ անհնար է չմեկնաբանել ընթերցողին ուղղված «Նյուփոստ» թերթի հարցը՝ «Հայաստանում կառուցվող ՋԷԿ-ը լարվածություն կառաջացնի՞ արդյոք Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններում»: Իհա՛րկե կառաջացնի: Վրաստանի կողմից այդ հակաադրբեջանական նախագծի իրականացման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի մտցնել սանկցիաների մի ամբողջ շարք Վրաստանի հանդեպ: Կդադարեցվի Վրաստանի միջոցով նավթի եւ գազի փոխանցումը Թուրքիային: Կդադարեցվի Ադրբեջանը եւ Թուրքիան կապող երկաթգծի շինարարությունը: Ադրբեջանը կփակի Վրաստանի հետ սահմանը եւ դրանով իսկ պետությունը կհայտնվի խիստ շրջափակման մեջ: Վրաստանից կհանվեն տարեկան ադրբեջանական գանձարանին հարյուր միլիոն դոլար շահույթ բերող ամբողջ մանր եւ խոշոր ադրբեջանական կապիտալն ու բիզնեսը: Ի դեմս Ադրբեջանի կողմից Վրաստանի հանդեպ ներմուծած սանկցիաների՝ Ադրբեջանն ու Թուրքիան կգտնեն նոր, այլընտրանքային ճանապարհ իրենց համար կենսականորեն կարեւոր փոխադարձ հաղորդակցությունն իրականացնելու համար»:

Այս հոռետեսական-սարկաստիկ նկատառումների վերաբերյալ «Առավոտը» Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վերլուծաբան Ջոնի Մելիքյանից հետաքրքրվեց՝ իրապե՞ս ՀՀ-Վրաստան տնտեսական հարաբերությունների խորացումը կարող է Ադրբեջանում հակազդեցությունների առիթ հանդիսանալ, եւ հնարավո՞ր է, որ այդ հակազդեցությունների վախից՝ նախատեսված կամ գործող հայ-վրացական ծրագրեր չիրականացվեն կամ դադարեցվեն: Ըստ վերլուծաբանի. «2012 թվականի իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում նկատվում է դրական շարժ: Այդ միտումն ուղղակի կապված է Բիձինա Իվանիշվիլիի ռուս-վրացական հարաբերություններին նոր շունչ տալու եւ երկխոսություն սկսելու հետ: Վրաստանի ղեկավարությունը դիտում է հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ զուտ պետության ազգային շահերի տեսանկյունից: Ուստի, հասկանալով, թե ինչքանով է կապված վրացական տնտեսությունը թուրքական եւ ադրբեջանական ներդրումներից, առեւտրից եւ էներգետիկ համագործակցությունից, վրաց կառավարությունը փորձում է հավասարակշռել այդ հարաբերությունները ռուս-վրացական եւ հայ-վրացական հարաբերութունների խորացումով: Այս պարագայում, մի կողմից մասնակցելով Վրաց-ադրբեջանական-թուրքական եռակողմ համագործակցության ֆորմատին, որի հիմքը դրվել է դեռեւս Սաակաշվիլիի օրոք՝ 2012-ին՝ Տրապիզոնում երեք երկրների ԱԳ նախարարների կողմից, Վրաստանը միեւնույն ժամանակ փորձում է ավելի խորացնել տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի եւ ՀՀ-ի հետ, հատկապես՝ անցած 8 ամիսների ընթացքում: Ինչ վերաբերում է Վանաձորում ՋԷԿ-ի կառուցմանը՝ վրացական «Anaklia IEP Holding»-ի կողմից եւ 600 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմանը, ապա ասեմ, որ, չնայած նրան, որ Վրաստանը ստանում է բնական գազ Ադրբեջանից, ի վերջ որոշում է կայացվել, որ այդ ծրագիրն իրականացվի Հայաստանում՝ ՀՀ-ի կողմից տրամադրված գազի եւ աշխատուժի շնորհիվ, ինչը եւս ցույց է տալիս Վրաստանի եւ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունների զարգացումը: Խոսելով այդ հարաբերությունների զարգացման եւ վրաց-ադրբեջանական կամ վրաց-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին, ասեմ, որ, չնայած այն բանին, որ մեր հարեւանները խանդով կվերաբերվեն դրան, բայց դա ոչ մի ազդեցություն չի թողնի ո՛չ հայ-վրացական հարաբերությունների վրա, ոչ էլ կլինի վրաց-ադրբեջանա-թուրքական նախագծերի՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Բաքու-Թբիլիսի–Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթգծի վերանայում կամ դադարեցում: Նույնիսկ մեր հարեւան երկրներից հայտարարվում է, որ վրաց- ազերի-թուրքական եռակողմ համագործակցության ֆորմատում սպասվում է հարաբերությունների խորացում՝ ընդհուպ ռազմական համագործակցության խորացումը: Բայց, ի վերջո, ինչպիսին էլ լինեն Վրաստանի հարաբերությունները հարեւանների հետ, դրանք կլինեն ազգային շահերի շրջանակներում՝ տնտեսական զարգացումը եւ տրանզիտ երկրի կարգավիճակը ուղղակի ի նպաստ են աշխատում այդ երկրի համար»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930