Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման հավանական հետեւանքներն ու ԲՀԿ-ի ազնվության չափը

Սեպտեմբեր 12,2014 16:30

Մեկ օր առաջ տեղի ունեցավ ՀԱԿ-ԲՀԿ առաջնորդների հանդիպումը: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ գրասենյակում հանդիպման ընթացքում քննարկել են քառյակի համագործակցության արդյունքները, համատեղ հանրահավաքի կազմակերպման եւ նախապատրաստման հետ կապված հարցեր:
Այն, որ քառյակի անդամ երկու կուսակցությունների ղեկավարներն առանձին հանդիպեցին, բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալիս: Թեեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այդ հանդիպման մեջ արտառոց բան չի տեսնում, սակայն հանդիպումը որոշ վերլուծաբանների համար առանձնահատուկ է թվացել հատկապես առաջիկայում քաղաքական նոր վերադասավորումների առումով: Ստեփան Մարգարյանը փորձել էր կրքերը հանդարտեցնել ու վստահեցնել, թե քառյակում ոչ ոք խանդով չի վերաբերվում այս հանդիպմանը, ավելին՝ ներքին պայմանավորվածություն կա, որ հնարավոր են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Հանդիպման տեխնիկական կողմն էլ է շատերին կասկածելի թվում: Օրինակ` այն, որ նման հանդիպումները միշտ լինում են ԲՀԿ գրասենյակում` Կանյաչնիում, ուստի սա նշանակում է, որ քառյակում ուժերից մեկը ուղղորդո՞ղ է: Ավելի հեռու գնացող` մինչեւ 2017-2018 թվականների քաղաքական վերադասավորումների հասնող վերլուծություններ էլ կան, թե իբր հնարավոր է, որ տիտղոսային ընդդիմության ներկայացուցիչ Գագիկ Ծառուկյանը դառնա կոմպրոմիսային թեկնածու, մանավանդ, որ ԲՀԿ-ից էլ են հայտարարություններ հնչում, թե իրենք հավակնում են նախագահի աթոռին: ՀԱԿ-ԲՀԿ հանդիպմանը կեսկատակ-կեսլուրջ են վերաբերվում իշխանական թեւում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն այս առիթով հեգնել էր. «ՀԱԿ-ականներն այնպիսի տեսքով էին նստած՝ կարծես լավ, հարուստ տեղ աղջիկ էին ամուսնացնում»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում նախագահի աթոռին ձգտելու առումով առանձնապես բարձր չգնահատեց ԲՀԿ-ի շանսերն ու նշեց. «Այստեղ իրականության հետ որեւէ կապ չեմ տեսնում: Եթե քաղաքական բաղադրիչն ենք նայում, ապա հակաքաղաքագիտական խոսակցություն է ստացվում»: Հետաքրքրվեցինք` արդյոք այն, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն առանձին հանդիպեցին, վկայո՞ւմ է քառյակի աղճատման խորացման մասին, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «ՀՀ-ում ընդդիմություն կոչվածը խիստ հարաբերական է: Չկա քառյակ, այլ ներիշխանական ազդեցության խումբ` ԲՀԿ պայմանական անվանմամբ, եւ նրան հարող այլ խմբավորումներ, որոնց ընդունված է կոչել քառյակ: Նրանք ուղղակի մեր քրեաօլիգարխիկ համակարգի անբաժանելի մասն են, նրանք էլ իրենց շահերը հետապնդելու նման ձեւ են ընտրել»: Քաղաքագետի կարծիքով` քառյակը կշարունակի գոյատեւել այնքան ժամանակ, քանի դեռ ձեռնտու է իշխանություններին եւ ՀՀ իշխանությունների հովանավոր պուտինյան Ռուսաստանին. «Առայժմ քառյակն իր ֆունկցիան կատարում է, այն կատարում է հասարակության խլացուցիչի ֆունկցիան: Քանի դեռ ֆեյք ընդդիմությունն իր ֆունկցիան է կատարում՝ դաշտը փակելու առումով, դրանով սպասարկում է իշխող համակարգի հարատեւությանը եւ ապաքաղաքականացնում քաղաքական դաշտը, այն վերածում կրկեսի, ինչ-որ խեղկատակության, որ վարկաբեկի ընդհանուր քաղաքական գործունեությունը»: Պարոն Մեհրաբյանը հորդորում է քառյակի գործունեությունից, այդ հանդիպումներից հեռուն գնացող հետեւություններ չանել, եւ կարծիք է հայտնում, որ Սահմանադրություն փոխելը առանձնապես բան չի փոխելու. «Հասարակությանը փորձում են հրամցնել մի օրակարգ, որը հասարակության եւ առկա մարտահրավերների, հանրության եւ պետության շահերի հետ կապ չունի, մեժդուսաբոյշչիկ է, որը հետաքրքրում է միայն մասնակիցներին»: Հարցին` ԲՀԿ-ն ազնիվ խա՞ղ է խաղում, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանց. «ԲՀԿ-ն ազնիվ խաղ է խաղում այնքանով, որ անում ու ասում է այն, ինչ ուզում է, մնացածն էլ ձայն չեն հանում, հետեւաբար հարաբերականորեն արդար է»:

Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է, որ ԲՀԿ-ն ստեղծվել է որպես հակաօռանժիստական կուսակցություն, որ կոչված էր Հայաստանում թույլ չտալ գունավոր հեղափոխությունների տրամադրություններ, որ իշխանությունը այլընտրանք չունենա սեպտեմբերի 3-ի դրությամբ. հասան նրան, որ սեպտեմբերի 3-ին զուգահեռ ՀՀ-ում տեղի ունենա օլիգարխիկ ռեւանշ, որի գլխավոր խորհրդանիշը Հովիկ Աբրահամյան վարչապետն էր:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930