Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանցիները Սերժ Սարգսյանին հիշեցնում են. «Քանի դեռ երեխան լաց չի եղել, մայրը կուրծք չի տալիս»

Սեպտեմբեր 15,2014 15:42

Սեպտեմբերի 12-ին Սեւան քաղաքի մի խումբ անվանի բնակիչներ՝ Սեւանի պատվավոր քաղաքացիների ակումբի նախագահ Գագիկ Պողոսյանը, շրջխորհրդի գործկոմի նախկին նախագահ Ռուբեն Ղուկասյանը. «Սեւան» հայրենակցական միության նախագահ, քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահ, Սեւանի պատվավոր քաղաքացի Վազգեն Կիրակոսյանը եւ ուրիշներ, էլեկտրոնային մի շարք կայքերով բաց նամակ են հղել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նույն նամակն ուղարկվել է նաեւ փոստի միջոցով:

Նամակում սեւանցիները Սերժ Սարգսյանին հիշեցնում են նախընտրական հանդիպման ժամանակ նրա ասած խոսքերը. «Մեծարգո նախագահ, Սեւանում Ձեր նախընտրական հանդիպման ժամանակ Դուք հնչեցրիք ժողովրդական հայտնի խոսքը՝ քանի դեռ երեխան լաց չի եղել, մայրը նրան կուրծք չի տալիս; Այսինքն՝ կուտակված հիմնահարցերը պետք է բարձրացվեն իշխանությունների առաջ, որ դրանք ընկալելի լինեն եւ գտնվեն դրանց լուծման ուղիներ: Այսօր կարծես թե եկել է համար պահը՝ իրականություն դարձնել Ձեր իսկ կողմից արտահայտած միտքը. էլ ո՞վ, եթե ոչ մենք՝ սեւանցիներս, պետք է բարձրացնենք մեզ հուզող խնդիրները: Այո, Սեւանի ներկա վիճակը՝ քարուքանդ փողոցներով ու բակերով հանդերձ՝ խիստ տագնապալի է: Եվ՝ ոչ միայն այդ: Այդ վիճակը նրա բնակչի մոտ, որքան էլ նա սիրի իր քաղաքը, ծնում է հոռետեսություն վաղվա օրվա նկատմամբ , եւ Սեւանը… դատարկվում է»:

Նամակում ասվում է, որ Սեւան քաղաքի Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, Գագարին գյուղի ճանապարհների վիճակն այնքան վատթար է, որ փոսային նորոգումներն արդյունք չեն տա, քանզի ասֆալտապատումը երկու տասնյակ տարի առաջ է արվել: Սեւան քաղաքի տարեկան բյուջեն 400 միլիոն դրամ է, որի 80 տոկոսը ծախսվում է համայնքային ենթակայության հիմնարկների, ենթակառուցվածքների պահպանման եւ աշխատավարձերի վճարման համար: Նամակում ասվում է , որ վերջին 20 տարում քաղաքում կապիտալ լուրջ ներդրումներ չեն արվել: Դիմումի ավարտին սեւանցիները, «որպես սրտի թելադրանք», նախագահից եւ վարչապետից պահանջում են քաղաքի բնակչության հետ շուտափույթ հանդիպում՝ Սեւանի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումը Սեւան քաղաքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930