«ՆԳՆ-ն է առաջարկը ներկայացրել։ Ուրախ եմ, որ այդ կարգավորումը կա Սահմանադրության նոր նախագծում։ Քաղաքացիությունից զրկելու ինստիտուտներ տարբեր երկրներ ունեն նախատեսված։ Տվյալ պայմաններում անձն այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյոք իրենք պե՞տք է շարունակել կապ ունենալ այդ անձի հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցերին, որոնք վերաբերում էին նոր սահմանադրության նախագծում ընդգրկված այն դրույթին, որը սահմանում է դատարանի որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիությունից անձին զրկելուն։
Հարցին՝ որևէ մեկին աչքի տակ ունե՞ք, որ ուզում եք ՀՀ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներառված լինի նոր Սահմանադրության նախագծում, Արփինե Սարգսյանը հավաստիացրեց՝ որևէ մեկին նկատի չունենք, որևէ այլ երկրի քաղաքացու նկատի չունենք․ «Հարցը գաղափարական է, չի նախատեսվելու այնպիսի մի բան, որը կլինի հակասահմանադրական կամ չի համապատասխանի մեր միջազգային պարտավորություններին»։
Լրագրողները փաստեցին՝ Արցախից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրի դաշտում նշվում է «Ադրբեջան» և հետաքրքրվեցին՝ հնարավոր չէ՞ր նշել բնակավայրը և այս իրավիճակից խուսափել, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «ICAO-ն ունի ստանդարտ, որով անձնագրի դաշտերի կանոնակարգը նախատեսված է և ծննդյան վայրը դաշտի մասով ունի լրացման կոնկրետ կառուցակարգեր՝ պետություն, քաղաք, բնակավայր կարող ես նշել։ Ունենք նաև ISO ստանդարտ՝ տեղանունների հաստատված ցուցակ։ Մենք ընտրել ենք երկիրը նշելու տարբերակը՝ հաշվի առնելով ICAO-ի փորձագետների հետ մեր կոնսուլտացիաները։ Եթե մենք որոշեինք, որ գնալու ենք բնակավայրը նշելու ճանապարհով, ապա ISO ստանդարտում Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից մատնանշված տեղանունները չեք գտնի այն անվանումներով, որոնք նրանք ցանկություն ունեն տեսնելու իրենց անձնագրերում։ Մենք գնացել ենք ավելի գլոբալ ճանապարհով, դրա համար նշված է Ադրբեջանի Հանրապետություն ծննդավայր դաշտի համար։ Մեզ ասում են, որ դա կամարտահայտությամբ է։ Ամենայն հարգանքով բոլոր հայրենակիցների կողմից ներկայացված փաստարկներին՝ միջազգային ստանդարտը հստակ է․ դա ոչ թե անձի կամարտահայտությունն է, այլ պետությունների ցանկությունն է ծննդավայր դաշտն ինչպես լրացնել։ Եթե մեկն ասի, որ չի ցանկանում ծննդավայր դաշտում որևէ բան նշվի, այդպիսի բան լինել չի կարող․ մենք միջազգային ստանդարտներով ենք շարժվում»։
Կարդացեք նաև
Արփինե Սարգսյանը հավաստիացրեց, որ երբ անձնագրերում ծննդյան վայր դաշտը լրացված չէ, սահմանային հատումների ժամանակ տարբեր խնդիրներ են առաջանում։
Հարցին՝ այսպիսով փաստորեն ՀՀ-ն ընդունո՞ւմ է, որ ինչպես Ադրբեջանն է պնդում, այդ մարդիկ բռնազավթել են Ադրբեջանի տարածքները, ՆԳ նախարարը պատասխանեց․ «Քանի որ մեր հայրենակիցները փախստական են և ՀՀ քաղաքացիներ չեն, բռնազավթման մասին խոսք լինել չի կարող։ Մենք ծննդավայր վայրը չնշել չէինք կարող, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր հայրենակիցները սահմաններին խնդիրներ ունենան»։
Արփինե Սարգսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































