Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Չարչյան. «Առաջին հերթին Թուրքիային է պետք, որ ընդունի ցեղասպանությունը»

Հոկտեմբեր 07,2014 21:55

«Նկարիչների փոխայցելություններ»  ծրագրի շրջանակներում  Թուրքիայի Ստամբուլ քաղաք այցելած նախագծի հայ  մասնակիցները օրերս են վերադարձել: Ծրագրից, Թուրքիայում ստեղծագործող արվեստագետների հետ աշխատանքային շաբաթից ստացած տպավորությունների մասին խոսել ենք հայաստանյան խմբի ղեկավար Գագիկ Չարչյանի հետ:

Այցի շրջանակներում  հայ երիտասարդ արվեստագետներն՝ իրենց ղեկավարի  գլխավորությամբ Թուրքիայում ապրող արվեստագետների հետ շրջեցին Ստամբուլ քաղաքով, ծանոթացան տեղի մշակութային կյանքին, տեսան  ճարտարապետական կոթողները, ինչպես նաեւ Գագիկ Չարչյանն իր վարպետության  դասն անցկացրեց  Tütün Depo-ում (ժամանակակից արվեստի հարթակ Ստամբուլում)՝տեսական և գործնական աշխատանքով ցուցադրելով իր ստեղծագործական փուլերից մեկը: 

«Ծրագիրը բազմաշերտ էր՝ որոշ բաներ ստացվեցին, որոշ բաներ՝ մի քիչ այլ կերպ կուզեինք, որ լինեին»,- մեր զրույցում ասում է Գագիկ Չարչյանը: Նշում է, որ ծրագրի նպատակը, որը մեր ներսում եղած «սահմանները» բացելն էր, կատարվեց. երկու երկրների երիտասարդ արվեստասերները կարողացան շփվել միմյանց հետ, ներկայացնել  արվեստի մասին իրենց պատկերացումները՝ առանց բարդույթների եւ ընկերացան միմյանց հետ:

Խոսելով ծրագրի բաց կողմի մասին նշեց. «Խնդիրն այն էր, որ կազմակերպիչները արվեստագետներ չէին: Եթե արվեստագետները կազմակերպեին, ակցենտը գուցե մի փոքր դրվեր արվեստի խնդիրների վրա: Շեշտը շատ դրված էր նկարչության վրա»:

Պարոն Չարչյանը կարծում է, որ նախագծի ընթացքում քննարկումներն ու շփումներն էին քիչ, որոնք կօգնեին ավելի լավ պատկերացնելու միմյանց արվեստների խնդիրները.

«Եթե մենք ավելի շատ ժամանակ ունենայինք, քննարկեինք, այդ տեսանկյունից մեր հարաբերությունները կառուցեինք, ոչ թե ինչ-որ պրոդուկտներ տայինք՝ նկարչական եւ այլն, մենք ավելի լավ կպատկերացնեինք մեր երկրների վիճակը, դիալոգն ավելի լավ կստացվեր»,- ասում է նա, կարծում է՝ այնուամենայնիվ կարծիքների, տեղեկատվության փոխանակում եղավ, օրինակ՝ Թուրքիայից մասնակից երկու երիտասարդ նկարիչ այդ ծրագրի շրջանակներում իմացան, որ երկու երկրների հարաբերությունները լարված են:

«Գիտենք, որ մեր մոտ էլ, այնտեղ էլ, գիտելիքը ձեւավորվում է դպրոցում, որը որոշակի քաղաքականությամբ է արվում, հատկապես մեր մոտի երկրներում: Գիտելիքը երիտասարդների մոտ այդ խողովակներով է ձեւավորվում: Օրինակ՝ մեր դպրոցում (նկատի ունի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որտեղ նա ավագ դպրոցի արվեստանոցի ղեկավարն է), որտեղ առաջնահերթ կարեւորվում են անհատականությունը եւ մտքի ազատությունը, պատահում է, որ նույնիսկ ավելի կրթված, ազատամիտ աշակերտի մոտ մեկ էլ սպրդում է այդ պրոբլեմը՝ կլիշեավորված մտածողությունը: Երբ սկսում ես հարցեր տալ, զգում ես, որ արդեն իր մտածողությունը չի, իր հարցերը չեն, ինքնուրույն ուսումնասիրություններից եկած հետեւություններ չեն: Դա գալիս է չգիտեմ որտեղից, այդ կարծատիպերը ձեւավորվել են ինչ-որ մի ժամանակ, եւ մենք մինչեւ հիմա քարշ ենք տալիս: Դրանք մինչեւ հիմա շարունակում են զարգացնել ինչ-որ մարդիկ, որոնք գուցե եւ հավատում են դրանց կամ չեն հավատում, բայց ինչ-որ շահեր ունեն»,- ասում է նա:

Խոսելով երկու երկրների ժամանակակից արվեստի զարգացման մասին՝ պարոն Չարչյանը նկատում է, որ Թուրքիայում այս ոլորտը, ունենալով իր խնդիրները, շարունակում է զարգանալ, իսկ Հայաստանում ժամանակին զարգացման միտումներ ունեցող այս ճյուղը դադարել է գործելուց՝ բավական ներդրումային դաշտ չունենալով:

«Արվեստագետը պետք է միշտ շփման մեջ լինի եւ պետք է միշտ բաց լինի ամենաակտուալ հարցերում»,- ասում է նա, եւ նշում, որ այս նախագիծը օգնեց երկու երկրների երիտասարդներին էլ ընդլայնելու իրենց պատկերացումները:

Վերադառնալով երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառ Հայոց ցեղասպանության թեմային, պարոն Չարչյանը նշեց, որ այս հարցի լուծումը հնարավոր է միայն փոխադարձ շփումների ժամանակ:

«Լարվածությունից ձերբազատվելու լավագույն ձեւը միֆերից ձերբազատվելն է: «Ուրիշի» մասին պատկերացումները, երբ որ թշնամու պատկերով է ձեւավորվում, հանրության մոտ ֆոբիաներ է ստեղծում, այդ ֆոբիաներից ազատվել է պետք, շփվել եւ թեմաները քննարկել- ասում է նա, շարունակում,- Առաջին հերթին Թուրքիային է պետք, որ ընդունի ցեղասպանությունը: Ցեղասպանության ընդունումը զուտ նրա համար է, որպեսզի երբեւէ չլինեն այդ տեսակ ռեժիմներ, որոնք կիրականացնեն ցեղասպանություն: Միայն դրա համար է պետք Ցեղասպանության ճանաչումը: Ես չեմ կարծում, որ Թուրքիայի՝ ցեղասպանության ընդունումից հետո կավարատվեն այն վերջին սերնդի տառապանքները, որոն հիմա արդեն տանում են իրենց հետ այդ ողբերգության հետեւանքները: Կարծում եմ՝ Թուրքիան կթոթափի այդ բեռն իր ուսերից միայն այն ժամանակ, եթե մեր մեջ լինեն նորմալ հարաբերություններ: Թե չէ պրոպագանդան անընդհատ թշնամության  է բերելու երկու կողմերում էլ, հարցը մնալու է չլուծված: Ես կարծում եմ՝ որոշ մարդկանց պետք է, որ այդ հարցը չլուծվի, որպեսզի այդ  թշնամանքի վրա կարողանան այլ խնդիրներ լուծել»,- ասում  է նա:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031