Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը համաձայն չէ օմբուդսմենի գնահատականին. «Մենք շատ ավելի շատ թերություններ ունենք»

Դեկտեմբեր 10,2014 16:52

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հրավիրել էր բարձրաստիճան ութ պաշտոնյաների կլոր-սեղան քննարկման:

Այդ բարձրաստիճան պաշտոնյաներն էին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը եւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ դրական շարժ է տեղի ունեցել այդ ոլորտներում: Անդրադառնալով ոստիկանությանը` նա ասաց, որ ակնհայտ է` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման տարիների ընթացքում ոստիկանությունում ծեծը, բռնությունը, կաշառակերությունը նվազել է. «Ոստիկանները դարձել են ավելի բարեկիրթ եւ բարեհամբյուր: Ոստիկանի կերպարը մարդու թշնամուց վերածվում է մարդու առաջին պաշտպանի: Մենք կուզեինք շարունակել աշխատել ոստիկանության հետ, բայց հավաքների ազատության հետ կապված խնդիրներ ունենք: Մենք ունենք աշխատանքային խումբ, ուզում ենք 2015 թվականին ակտիվացնել այդ աշխատանքային խմբի աշխատանքները, որպեսզի հստակ խաղի կանոններ սահմանվեն թե’ ոստիկանների համար, որոնք հայտնվում են այդ իրավիճակում, ե’ւ թե քաղաքացիական ակտիվիստների համար, որպեսզի ոստիկանություն եւ մարդ բախումները նվազեցվեն 2015 թվականին»:

Խոսելով Սահմանադրական դատարանի մասին` նա նշեց, որ 2014 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանը կայացրել է մի քանի փայլուն որոշումներ, որոնք ժողովրդի համար ստեղծել են մի շարք նախադրյալներ:

Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ արդարադատության նախարարության կողմից էլ ստացել են մի շարք դրական խոստումներ, եւ հույս ունեն, որ շուտով դրանք կկատարվեն:

Նա, անդրադառնալով Քննչական կոմիտեի աշխատանքին, ընդգծեց, որ Քննչական կոմիտեն վերջին երկու ամիսների ընթացքում մարդակենտրոն աշխատանք է իրականացնում եւ ե’ւ տուժողի, ե’ւ մեղադրվողի իրավունքները պաշտպանվում են:

Օմբուդսմենի խոսքերով` կրթության եւ գիտության նախարարությունն էլ է մեծ ձեռքբերումներ ունեցել, նա որպես օրինակ բերեց ներառական կրթության մասին օրենքը. «Սա շատ լուրջ ձեռքբերում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար, շնորհակալ ենք այս օրենքի ընդունման համար եւ միասին հետեւողական կաշխատենք դրա կիրառման համար, որպեսզի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներն ունենան կրթություն ստանալու նման պայմաններ»:

Անդրադառնալով Դավիթ Հարությունյանին` Կարեն Անդրեասյանն ասաց, որ ՄԻՊ-ը դրական համագործակցություն ունի կառավարության հետ:

Օմբուդսմենը, խոսելով պաշտպանության մասին, շեշտեց, որ պաշտպանության նախարարությունը պաշտպանել է հայ ժողովրդի կյանքի իրավունքը. «Հետեւողական աշխատանքների շնորհիվ վերադարձվել են մեր հայ գերիները, վերադարձվել են ուղղաթիռի անձնակազմի աճյունները, բանակում զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից եւ նվազել են կոռուպցիոն ռիսկերը զորակոչիկների բախշման հարցում»:

Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով օմբուդսմենի գնահատականին, ասաց, որ դա չափազանցված գնահատական է. «Մենք շատ ավելի շատ թերություններ ունենք, քան դուք 40-50 հոգով կարողանում եք մեզ մոտ տեսնել: Բայց դուք մի կարեւոր գործառույթ եք կատարում` դուք ուղղում եք մեզ այն ուղղություններով, ինչն ավելի շատ մտահոգում է քաղաքացուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031