ՀՅԴ անդամ Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Տիգրան Ավինյանը փորձում է հերքել այն պնդումները, թե մայրաքաղաքի երթևեկության խնդիրներն ու խցանումները պայմանավորված են նոր շենքերի կառուցմամբ և շինթույլտվությունների տրամադրմամբ։ Ըստ Ավինյանի՝ խնդիրը մարդկանց եկամուտների աճն է, ինչի հետևանքով նրանք ավելի շատ ավտոմեքենաներ են ձեռք բերում։
⚠️ Մինչդեռ, քաղաքային իշխանությունների պարտականությունն է ոչ միայն շինթույլտվություններ տրամադրելը, այլև նախապես գնահատելն ու կանխատեսելը կառուցապատման հետևանքները՝ թույլ չտալով, որ քաղաքը վերածվի քաոտիկ միջավայրի։
Ավինյանն ասում է՝ մեր փողոցները ռեզինից չեն։
Կարդացեք նաև
❗️Իսկ քաղաքը ռեզինի՞ց է, որ այդքան շինթույլտվություններ եք տրամադրում:
Քաղաքաշինությունը պետք է ենթարկվի քաղաքի զարգացման տրամաբանությանը, ոչ թե քաղաքը հարմարեցվի կառուցապատողների և նրանց շահերին։
❓Եթե քաղաքային իշխանությունը չի տեսնում կառուցապատման և քաղաքային խնդիրների միջև ակնհայտ կապը, ինչպե՞ս է պատրաստվում լուծել դրանք։
Կամ այս մարդիկ պարզապես չեն տիրապետում քաղաքային կառավարմանը, կամ հետևողականորեն շարունակում են քաղաքականությունը, որի հետևանքով Երևանը կանգնում է քաղաքային կոլապսի առաջ։
Եվ, ինչպես միշտ, մեղավոր են քաղաքացիները։ Այս անգամ՝ ձախողված հանրային տրանսպորտի համակարգի պայմաններում որպես այլընտրանք ավտոմեքենա ձեռք բերելու համար։
⚠️ Քաղաքում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնցով այդպես էլ պատշաճ կերպով չեն զբաղվում։
❗️Երևանում շինթույլտվությունները տրամադրվում են առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունն ու հնարավորությունները նախապես գնահատելու։ Արդյունքում վերջին տարիներին հաճախակիացել են հոսանքազրկումներն ու ջրանջատումները։
Մյուս կողմից՝ ունենք հին շենքեր, որոնց հիմքերի ամրության, խողովակաշարերի, ջրագծերի և այլ ենթակառուցվածքների վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
🚨 Այս խնդիրները միայն տեսանելի անհարմարություններ չեն, այլև կարող են լուրջ վտանգներ ստեղծել բնակիչների անվտանգության համար։
❗️Իսկ կոյուղաջրերի խնդիրը դարձել է քաղաքի առօրյայի մի մասը․ գրեթե ամեն քայլափոխի կարելի է հանդիպել հոսող կոյուղաջրերի, կեղտաջրերի և հակասանիտարական վիճակի։
Տիգրան Ավինյանն իր թիմի հետ միասին չի տիրապետում Երևանի կառավարմանը։ Կոչ եմ անում երևանցիներին չհաշտվել այս իրականության հետ, չլռել և բարձրաձայնել այն բազմաթիվ խնդիրների մասին, որոնց առջև կանգնեցրել են մայրաքաղաքը ոչ կոմպետենտ իշխանությունները։
🔴 Ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով քաղաքը վերածվել է մի մեծ քաոտիկ շինհրապարակի»։


















































