Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատանքները սկսվեցին թեժ մթնոլորտում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ դատապարտելով խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ կատարվածը եւ քննադատեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին՝ հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ռուսերեն խոսելու եւ օրենքը խախտելու համար: Նա առաջարկեց նիստի այսօրվա օրակարգում փոփոխություն կատարել եւ 7-8 կետին ավելացնել 8-9-րդ կետերը: Մասնավորապես առաջարկեց Արամ Մանուկյանի միջադեպի հետ կապված հայտարարություն անել եւ դեկտեմբերի 9-ին հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում ռուսերեն խոսելու հետ կապված արձանագրել, որ խախտվել է օրենքը:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դեպքը դատապարտելի է եւ իրավապահ մարմիններ պետք է անեն ամեն ինչ՝գործը բացահայտելու եւ մեղավորների հանրությանը ներկայացնելու համար»: Նա հիշեցրեց, որ ծեծի դեպքերը վերջին օրերին ավելի հաճախակի են դարձել. «Ծեծել են ազատամարտիկների եւ դեռեւս ոչ մի դեպքի բացահայտում չկա: Ինչպես Արամ Մանուկյանի, այնպես էլ ազատամարտիկների ծեծի դեպքերը պետք է հասարակության խստագույն դիմադրությանը արժանանան»:
Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ օրակարգը փոխելու, հանձնաժողովը դեմ քվեարկեց: Առաջարկին կողմ էին միայն ինքը՝ պարոն Փաշինյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ասաց, որ խորհրդարանում չի գտնվի որեւէ պատգամավոր, որ կարող է բառի բուն իմաստով չդատապարտել խորհրդարանի անդամի նկատմամբ կիրառված բռնության հանգամանքը. «Ես հեռու եմ այն մտքից, որ նման կեցվածք դատապարտողի միայն ունեն մեր հանձնաժողովի անդամները: Ուստի երկուշաբթի օրը ես առաջարկում եմ, որ միանային նաեւ մյուս հանձնաժողովներ: Սա այն դեպքը չի, որ արագ վազենք: Մենք ամեն մեկս ազատ ենք մեր կարծիքը հայտնելու: Ես խիստ դատապարտելու եմ նման արարքը եւ իրավապահ մարմինները պետք է օր առաջ ներկայացնեն խորհրդարանին քննություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ



















































