«Իհարկե, փոքր բախումների մասշտաբի, բայց պատերազմն անխուսափելի է»,-այսօր «Բլից ինֆո » մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ասալա» խմբավորման մարտիկ Վազգեն Սիսլյանը: Նա շեշտեց, թե պատերազմն ավարտված չէ և Ադրբեջանի կողմից միշտ էլ ագրեսիա եղել է: Ըստ պարոն Սիսլյանի` «հայկական բանակը կարող է Բաքու էլ հասնել»:
Իսկ Ադրբեջանի զինված ուժերի մասին խոսելով` պարոն Սիսլյանը նկատեց. «Երբ մեծ զենքեր են գնում, ուրեմն իրենց զինվորին չեն վստահում»:
Պարոն Սիսլյանը նշեց, թե պետք չէ խուսափել պատերազմի վտանգի մասին խոսելուց և պետք է լավ էլ պատասխան տրվի թշնամուն և անընդհատ հանդես չգանք պատասխանողի դերում:
Aravot.am-ի հարցին` ի՞նչ գնահատական կտա հայկական ինքնաթիռի խոցման մասին տարակարծություններին, թե պետք չէր այս լարված իրավիճակում այդ գոտի ինքնաթիռ ուղարկել, պարոն Սիսլյանն ասաց. «Նմանատիպ բաներ անընդհատ էլ ասվում են, բայց ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի որ դեպքի վայրում չեմ եղել: Սա Ադրբեջանի հերթական լկտիությունն է: Այսօրվա տեխնոլոգիաներն էլ այնքան զարգացած են, որ արդեն ռադարի վրա տեսնում են այդ ուղղաթիռի վրա զենք կա, թե` ոչ»:
Կարդացեք նաև
Այն մասին, թե արդյոք հայկական կողմը այդ փաստին արժանի պատասխան տվեց, պարոն Սիսլյանն ասաց. «Իմ ուզած պատասխանը չտվեցին», բայց նաև շեշտեց, թե «օդաչուների աճյունները բերելով՝ ցույց տվեցին, որ կարող ենք թափանցել հակառակորդի տարածք, վնաս հասցնել ու վերադառնալ»:
«Ասալա» խմբավորման մարտիկը քննադատում է անընդհատ լռելը ու եզրափակում. «Սաֆարովը կացնով մեր սպային խփեց, լռեցինք, հերոս սարքեցին, լռեցինք, հետո՞: Այդ կացնի հարվածը միայն Գուրգենի վրա չէր, այլ ամբողջ հայ ժողովրդի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































