Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. «Արցախ միություն»

Նոյեմբեր 20,2026 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Արցախ Միությունը դատապարտում է ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թ. նոյեմբերի 19-ի պարզաբանումը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշելու վերաբերյալ։ Ըստ Ծառայության՝ իբր դա պահանջում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) 9303 և ISO 3166 ստանդարտները։

Արցախ Միությունը ուսումնասիրել է հենց այդ ստանդարտները, ՀՀ օրենսդրությունը և միջազգային դատական ակտերը և հայտարարում է. ոչ ICAO-ն, ոչ էլ ISO-ն չեն պարտադրում արցախցիների անձնագրերում նշել «Ադրբեջան»։ Այդ պահանջը, հակասելով միջազգային ստանդարտներին ու դատական ակտերին, բխում է բացառապես ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումից ու ՀՀ նոր օրենքից, որը հնարավոր է և անհրաժեշտ է փոփոխել։

Ընդ որում, եթե ավելի հեռուն գնանք, ապա Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի Հանրապետության կազմում, և ՀՀ Անկախության հռչակագիրը և այլ իրավական ակտեր նույնպես դա ամրագրել են։ Պարզապես ՀՀ գործող իշխանությունների անհիմն ու անընդունելի քաղաքական դիրքորոշման հիման վրա նոր իրավական պրակտիկա է ձևավորվում՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ պարագայում, զուտ մարդու իրավունքների ներքին ու միջազգային նորմերից ելնելով, առկա իրավակարգավորումը պետք է փոխվի։

 

  1. Միջազգային ստանդարտները թույլ են տալիս նշել միայն բնակավայրը
  • ICAO 9303 փաստաթղթի 3-րդ մասի 3.7 կետի համաձայն՝ ծննդավայրի նշումն անձնագրում պարտադիր չէ։ Եթե այն նշվում է, կարող են նշվել ավանը, քաղաքը, արվարձանը և/կամ պետությունը։ Նույն փաստաթղթի 4-րդ մասում ծննդավայրի դաշտը նույնպես նշված է որպես ընտրովի։
  • ISO 3166-ի կոդը կիրառվում է միայն այն դեպքում, եթե ծննդավայրի դաշտում նշվում է պետությունը։ ISO 3166-ը կոդավորման ստանդարտ է. այն որոշում է, թե ինչպես գրել պետության անվանումը, բայց չի պահանջում, որ այն անպայման գրվի անձնագրում։
  • ICAO-ն հատուկ նշում է, որ ծննդավայրը նշելիս թողարկող պետությունը պետք է հաշվի առնի տվյալ պետության կամ տարածքի հետ կապված զգայուն հանգամանքները։
  • Ծննդավայրը անձնագրի մեքենայաընթեռնելի գոտում (MRZ) ընդհանրապես չկա, ուստի բնակավայրի նշումը չի ազդում փաստաթղթի մեքենայական ընթերցման վրա։
  • Միջազգային պրակտիկան նույնն է։ Միացյալ Թագավորության անձնագրերում որպես կանոն նշվում է միայն ծննդավայր քաղաքը։ ԱՄՆ-ն Երուսաղեմում ծնվածների համար ավանդաբար գրում է միայն «Jerusalem», և երկրի նշման դեմ առարկող քաղաքացուն առաջարկում է «միայն քաղաք» տարբերակը։

 

  1. Նախկին օրենքն ամբողջությամբ համապատասխանում էր այդ ստանդարտներին

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» 2011 թ. նոյեմբերի 30-ի օրենքի 5-րդ հոդվածը նախատեսում էր, որ անձնագրում նշվում է «ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ մարզը կամ շրջանը կամ քաղաքը կամ ավանը կամ գյուղը…)»։ Հենց այդ դրույթի շնորհիվ արցախցիների անձնագրերում հնարավոր էր նշել Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան, Մարտակերտ կամ այլ բնակավայր՝ առանց պետության։

Այս մոտեցումը գործել է տարիներ շարունակ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ինքը 2025 թ. ապրիլին հրապարակավ հաստատել է, որ արցախցիները կարող են պահանջել ծննդյան վկայականում նշված բնակավայրի գրառում։ Այդ հիմքով տրված անձնագրերով արցախցիները այսօր էլ ճանապարհորդում են։

Վիճակը փոխվել է 2026 թ. մայիսի 11-ին ընդունված և հոկտեմբերի 30-ից ուժի մեջ մտած «Անձը հաստատող փաստաթղթի մասին» ՀՕ-210-Ն օրենքով։ Դրա 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է միայն «ծննդյան վայրը՝ պետությունը», ուստի բնակավայրը նշելու հնարավորությունն այլևս չկա։ Այսինքն՝ «Ադրբեջան» գրառումը հետևանք է ՀՀ օրենսդրի ընտրության, ոչ թե միջազգային պահանջի։ Հետևաբար այն կարող է և պետք է շտկվի նույն օրենսդրի կողմից։

 

  1. Ծննդյան պահի պետությունը Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող լինել

Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են Խորհրդային Միության տարածքում։ Նույնիսկ եթե ՀՀ իշխանությունները Արցախը ճանաչում են որպես Ադրբեջանի մաս, ապա Ադրբեջանի Հանրապետությունը որպես պետություն 1991 թ.-ից առաջ գոյություն չուներ, և այն չկա այդ ժամանակ ծնված անձանց ծննդյան վկայականներում։ Իսկ անկախության տարիներին ծնված անձանց ծննդյան վկայականներում գրվել է կա՛մ Հայաստանի Հանրապետություն, կա՛մ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Եթե նոր օրենքը գոնե մինչև փոփոխվելը պահանջում է պետություն նշել, ապա ճիշտ է նշել ծննդյան պահի պետությունը, որն էլ արտացոլվել է ծննդյան վկայականում։ Իսկ խորհրդային տարիներին ծնվածների անձնագրում պետք է նշվի ԽՍՀՄ-ը, որը ներառված է հենց ISO 3166 ստանդարտի 3-րդ մասում (նախկինում օգտագործված անվանումներ)։

 

  1. Միջազգային իրավունքը բռնի տեղահանվածների ինքնության գրառումների մասին
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պաշտոնական գրառումներում անձի ինքնության տվյալները դիտարկում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված անձնական կյանքի մաս (Ciubotaru v. Moldova, 2010; Tasev v. North Macedonia, 2019)։ Chiragov and Others v. Armenia և Sargsyan v. Azerbaijan (2015) գործերով Դատարանը ճանաչել է ԼՂ հակամարտության հետևանքով տեղահանվածների կապը իրենց բնակության վայրի հետ որպես Կոնվենցիայով պաշտպանված շահ։ Բռնի տեղահանված անձին պարտադրել իր փաստաթղթում նշել այն պետության անվանումը, որի գործողությունների հետևանքով նա լքել է իր ծննդավայրը, անհամաչափ միջամտություն է, երբ առկա են չեզոք և ստանդարտներին համապատասխանող այլընտրանքներ։
  • ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ. նոյեմբերի 17-ի պարտադիր որոշմամբ Ադրբեջանից պահանջել է պաշտպանել և պահպանել ԼՂ-ից տեղահանվածների գրանցման և անձը հաստատող փաստաթղթերը և պատշաճորեն հաշվի առնել դրանք իր վարչական ու օրենսդրական պրակտիկայում։ Այդ գործում հայցվորը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևողական չէ միջազգային դատարանում պաշտպանել արցախցիների փաստաթղթերի իրավական նշանակությունը, միևնույն ժամանակ նրանց հայկական անձնագրերում գրել ծննդյան վկայականներին չհամապատասխանող տվյալ։
  • ԱՄԴ-ի 1971 թ. խորհրդատվական եզրակացությամբ («Նամիբիայի բացառություն»), որը կիրառել է նաև ՄԻԵԴ-ը, ծնունդների ու ամուսնությունների գրանցումները չեն կարող անտեսվել ի վնաս բնակիչների։

 

  1. Արցախ Միության պահանջները
  1. ՀՀ Կառավարությանը և Ազգային ժողովին՝ հրատապ խմբագրել «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը և վերականգնել նախկին օրենքով գործող կարգավորումը՝ «ծննդյան վայրը (պետությունը կամ անձի ցանկությամբ բնակավայրը)»։ Պետության նշումը չպետք է լինի պարտադիր։
  2. Մինչև օրենքի փոփոխությունը՝ կասեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց համար, ովքեր դեմ են այդ գրառմանը, և «պետություն» դաշտը մեկնաբանել որպես ծննդյան պահի պետություն, որն արտացոլվել է տվյալ անձի ծննդյան վկայականում։
  3. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ հրապարակել ICAO 9303-ի կամ ISO 3166-ի այն կոնկրետ դրույթը, որը, իր կարծիքով, արգելում է բնակավայրի նշումը, ինչպես նաև տվյալներ «բնակավայր» գրառմամբ անձնագրերի հետ կապված սահմանային խնդիրների մասին։
  4. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ գնահատել նոր կարգավորման համաչափությունը և դիմել Սահմանադրական դատարան։

 

Արցախ Միությունը կոչ է անում այն հայրենակիցներին, ովքեր դեմ են «Ադրբեջան» գրառմանը, կենսաչափական փաստաթղթի համար դիմելիս Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված վարչական ակտ։ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն։

Արցախցիների ծննդավայրը նրանց ինքնության ու արժանապատվության մասն է։ Հայաստանի Հանրապետությունը պետք է և կարող է հարգել այն՝ միաժամանակ մնալով լիովին համապատասխան միջազգային ստանդարտներին։

Արցախ Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել