Այսօր կայացավ «Հավասար հնարավորություններ» հաշմանդամության թեմայով զանգվածային լրատվամիջոցների 12-րդ ամենամյա մրցույթի մրցանակաբաշխությունը` որը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները: Միջոցառման կազմակերպիչները նշեցին, որ այս տարի մրցույթին ներկայացվել էին 36 լրագրողական աշխատանքներ, որոնցից 16-ը՝ տպագիր եւ էլեկտրոնային հոդված, 17-ը՝ տեսանյութ եւ 3-ը՝ ռադիոնյութ ու մուլտիմեդիա: Մրցույթի նպատակը, «Հույսի կամուրջ» հ/կ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանի խոսքերով, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարի տարածումն է:
«Լրագրողական հոդված» անվանակարգում երրորդ մրցանակը շնորհվեց «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սոնա Ադամյանին՝ «Միջավայրն եմ հարմարեցնում ինձ» հոդվածի համար։
Երկրորդ մրցանակը «Առավոտ» օրաթերթի լրագրող Լուսինե Բուդաղյանինն էր՝ «Ներառական կրթությունը «սրերով» ընդունած ուսուցիչներն այսօր այդ երեխաներով հպարտանում են» հրապարակման համար:
Առաջին մրցանակը հանձնվեց «168 ժամ» օրաթերթի լրագրող Լիլիթ Ավագյանին, որը ներկայացրել էր «Մի լավ ծիծաղեցինք աղջկա վրա։ Հետո՞…» հոդվածը:
«Հեռուստատեսային» անվանակարգում երրորդ մրցանակը «ՍիվիլՆեթի» լրագրող Տաթեւիկ Ղազարյանինն էր՝ «Մայրանալու հրաշքից առաջ» տեսանյութի համար, երկրորդը` Հանրային հեռուստաընկերության լրագրող Արմինե Ուդումյանինը՝ «Ապրել բոլորի պես» տեսանյութի համար։
Առաջինը մրցանակը հանձնվեց «ԱՐ» հեռուստաընկերության լրագրող Կարեն Խաչատրյանին՝ «Թիվ 174 դպրոցի հիմնանորոգումը կատարվել է լուրջ խախտումներով» ռեպորտաժի համար։
Հատուկ մրցանակը շնորհվեց Մանե Գրիգորյանին՝ Hetq.am-ում հրապարակված «Չնայած ինձ կոչեցին Վրեժ, բայց ես էությամբ Վիտալի եմ՝ ներսումս կյանքը եռում է» հրապարակման համար:
Պատվոգիր ստացավ «Վէմ» ռադիոընկերությունը՝ հաշմանդամության հիմնախնդիրների պարբերաբար լուսաբանման եւ հավասար հնարավորությունների գաղափարի տարածմանը հետամուտ լինելու համար։
«Հեռուստատեսային» անվանակարգում հատուկ մրցանակը հանձնվեց Հանրային հեռուստաընկերության լրագրող Սուսան Բադալյանին՝ լրագրողական հետաքննության եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ծրագրերում բացթողումները վերհանելու համար։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մրցանակը (ֆոտոխցիկ) ստացավ Անի Մանուկյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունից։
«Կովկասյան ցանց երեխաների համար» կազմակերպության մրցանակը հանձնվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Աննա Գրիգորյանին։
«Հույսի կամուրջ» ՀԿ CHILD ծրագրի խրախուսական մրցանակը (50 000 դրամ) ստացավ «Երկիր մեդիա»-ի լրագրող Լիլիթ Մանուկյանը` «Հրաչը» տեսանյութի համար:
Մրցույթի գլխավոր մրցանակակիրը Արման Սուլեյմանյանն էր՝«ՍիվիլՆեթ»-ում հրապարակված «Անիվս խերով լինի» տեսանյութի համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































