Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը գթաց զոհի, վիրավորի եւ բազմամիլիոն վնասի մեղավոր 18-ամյա զինվորին

Դեկտեմբեր 30,2014 14:02

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ, ՊՆ զորամասերից մեկի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 1995թ. ծնված Ալիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին իրեն ամրակցված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից Տավուշի մարզի Նորաշեն գյուղ մեկնելու ճանապարհին, Արծվաբերդ գյուղում, ավտոմեքենայի շարժիչի սնման համակարգում անսարքություն առաջանալուց հետո, թույլ է տվել «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ:

Նա կայանման արգելակային համակարգի չգործադրմամբ չի ապահովել ավտոմեքենայի անշարժ վիճակը, շարժիչը գործարկելու նպատակով կատարել է հետընթաց, ստեղծել վթարային իրավիճակ: Ա. Հարությունյանը չկարողանալով կառավարել մեքենան՝ հարվածել է իր հետեւից վերընթաց ընթացող, Արծվաբերդի բնակիչ Սլավիկ Դումանյանի անձնական օգտագործման «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով 79 հազար 400 դրամի չափով նյութական վնաս: Ապա ավտոմեքենան թեքվել է դեպի աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից, կողաշրջվել եւ հայտնվել Արծվաբերդի բնակիչ Սիրուշ Երիցյանի տան բակում ու հրդեհվել:

Դրա հետեւանքով ուղեւոր, նույն զորամասի բուժկետի բուժակ Արեւշատ Բաբասյանը մահացել է, մեքենայի ավագ, զորամասի բուժկետի պետ, ավագ լեյտենանտ Արման Բեջանյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Բռնկված հրդեհի հետեւանքով Ս. Երիցյանի տանը եւ գույքին պատճառվել է 10 միլիոն 346 հազար 300 դրամի չափով նյութական վնաս, այրվել, ոչնչացել է ՊՆ հաշվեկշռում գտնվող , 2 միլիոն 195 հազար 600 դրամ արժողությամբ «ՈՒԱԶ 3962» մակնիշի ավտոմեքենան, դրա մեջ գտնվող, 61 հազար 701 դրամ արժողությամբ զրահաբաճկոնը, 44 հազար 875 դրամ արժողությամբ զրահաթիթեղը,44 հազար 875 դրամ արժողությամբ սաղավարտը, 377 հազար 977 դրամ արժողությամբ ռադիոկայանը, 42 հազար 800 դրամ արժողությամբ ռադիոկայանի մարտկոցը, 89 հազար դրամ արժողությամբ դաշտային հեռախոսային ապարատը եւ 50 հազար դրամ արժողությամբ սանիտարական պատգարակը:

Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավարության ժամանակ Ա. Հարությունյանը միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, այդ միջնորդությունը բավարարվել է:

Պատիժ նշանակելիս դատարանն Ա. Հարությունյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, մարտական ծառայություն է իրականացնում սահմանամերձ զորամասում, տուժողներին պատճառված նյութական վնասը հիմնականում վերականգնել է, մնացած մասը պատրաստ է առաջիկայում վերականգնել, ընդունում է իր մեղքը, անկեղծորեն զղջում իր արարքի համար:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը դեպքի ժամանակ եղել է 18 տարեկան, տվյալ մեքենան նրան ամրակցվել է դեպքից մի շաբաթ առաջ, նա մինչ պատահարն այն վարել է ընդամենը մեկ անգամ, ավտոմեքենան, ըստ նրա՝ ունեցել է անսարքություն, նա անփորձ լինելով՝ չի կարողացել այն կառավարել:

Դեկտեմբերի 26-ին դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ալիկ Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 377 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով, ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով: Դատարանը վճռել է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ նշանակված հիմնական պատիժը պայմանականորեն չկիրառել՝ փորձաշրջան նշանակելով 2 տարի ժամկետով: Դատարանը վճռել է Ա. Հարությունյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 2 միլիոն 206 հազար 849 դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՄԱՆՎԵԼ says:

    ԵԹԵ ԴԱՏԱՈՐԸ ԱՌԱՆՑ ԿԱՇԱՌՔԻ Է ՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՐԵԼ ԵՍ ԽՈՆԱՐՎՈՒՄ ԵՄ ԴԱՏԱՎՈՐԻ ԱՌՋև և ՀԱՅՏՆՈՒՄ ԻՄ ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

  2. gohar says:

    ՛ընդունում է իր մեղքը՛ , աբսւրդ ե
    մեղքը նրանն ե,օվ քեզ մեքենա եր վստահել․նա ել պետք ե պետք ե նյութական վնասը փոխհատուցեր

  3. rol says:

    Ցավակցելով Արեւշատ Բաբասյանի հարազատներին համաձայն եմ Գոհարի հետ: Որտեղից պետք է այդ գյուղացու զավակը ճարի նշված միլիոնները:
    Ի վերջո Ալիկը գտնվում էր ծառայության մեջ և կատարել է ինչ որ մեկի հրամանը: Չեմ կարծում, որ ՀՀ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջները կիրառելը երիտասարդ զինվորի նկատմամբ տեղին է:

  4. david says:

    Դատավորը անգլուխ համակարգի պատճառով չդատեց տղային և ճիշտ արեց:Անմեղ զոհի մեղքն էլ անգրագետ ու տգետ համակարգինն է:Վիրահատարան խելոք , գրագետ բիրաբույժը պիտի մտնի, ղեկին` պրոֆեսիոնալը մոտենա:Կյանքը ամենուր կյանք է:

  5. Ցավակցություն, բայց ... says:

    Դեպքի նկարագրությունից պարզ հետեւում է, որ մեղավորը զինվորին հրաման տվողն է: Ոչ մի տեղ բոլորովին անփորձ վարորդին չեն թույլատրում մարդ տեղափոխել, ինչի՜մասին է խոսքը: Հիմա “մեծահոգություն” են ցուցադրում՝ չենք նստեցնում, բայց միլիոններ պիտի վճարի ու շնորհակալ լինի! Մեղքը հրաման տվողինն է, որը պարտավոր էր մտածել ու գիտակցել հնարավոր հետեւանքների մասին:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031