Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Մարզիկի համար արձակուրդը հարաբերական հասկացություն է»

Հունվար 15,2015 12:30

Մեկնարկել է նախաօլիմպիական 2015 թվականը, որի ընթացքում կիմանանք եկող տարի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած հայաստանցի մարզիկների հիմնական մասի անունները:

«Առավոտը» զրուցել է մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների եւ պատասխանատուների հետ: Առաջինը ներկայացնում ենք հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ հարցազրույցը:

– Մրցաշրջան 2014-ից հետո արձակուրդները որքա՞ն տեւեցին:

– Անձամբ ես Ամանորին այստեղ չեմ եղել: Վերադարձել եմ հունվարի 6-ին ու անմիջապես անցել եմ աշխատանքի: Իսկ արձակուրդ ասածը մարզիկի համար հարաբերական հասկացություն է: Մարզիկը չմարզվելու իրավունք չունի: Հանգիստը լինում է ակտիվ, որի մեջ մտնում են տարբեր մարզաձեւեր` լող, վազք, խաղեր… կարող է ընդամենը մասնագիտական հանգիստ լինել:

– Որո՞նք են հունահռոմեական ըմբշամարտի գլխավոր ծրագրերը 2015 թվականին:

– Մեր վերջնական նպատակը 2016 թվականի օլիմպիական խաղերն են, իսկ այս տարի` աշխարհի առաջնությունը, որը կայանալու է սեպտեմբերին` ԱՄՆ-ում եւ որտեղ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու: Ճիշտ է, դեռ պարզ չի, թե վեց քաշային կարգերում մինչեւ որ տեղերն են ուղեգիր բերելու, բայց կարծում եմ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում միջազգային ֆեդերացիան կհրապարակի չափանիշները:

– Բացի աշխարհի առաջնությունից, ուրիշ ի՞նչ պաշտոնական մրցաշարեր կան:

– Հայաստանի առաջնությունը Վանաձորում` հունվարի 23-ից 25-ը, որի արդյունքներով կձեւավորվի ազգային հավաքականի հիմնական կազմը, որը փետրվարի 4-ից երկշաբաթյա հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Այնտեղից կմեկնենք Իրան` աշխարհի գավաթի խաղարկությանը: Դրան կհաջորդեն նոր ուսումնամարզական հավաքներ, տարբեր միջազգային մրցաշարեր:

– Հայաստանի առաջնությանը մեր բոլո՞ր առաջատար ըմբիշներն են մասնակցելու:

– Բոլորը` բացի Արթուր Ալեքսանյանից եւ Արսեն Ջուլֆալակյանից, քանի որ աշխարհի չեմպիոնների ծանրաբեռնվածությունը 2014 թվականին, ինչպես ամեն տարի, չափազանց մեծ է եղել եւ բացի դա, նրանք իրենց քաշային կարգերում անհամեմատ ուժեղ են հայաստանցի մրցակիցներից: Այնպես որ, նրանց ավելորդ ծանրաբեռնվածությունը նպատակահարմար չի եւ տեղին էլ չի: Բայց նրանք մարզվում են եւ լինելու են մեր բոլոր ուսումնամարզական հավաքներում, մասնակցելու են պլանավորված միջազգային մրցաշարերին:

– Աշխարհի առաջնությունից բացի, լինելու են նաեւ վարկանիշային այլ մրցումներ:

– Մենք դրանց անցկացման վայրերի եւ ժամկետների մասին պաշտոնական տեղեկություն չենք ստացել: Բայց դրանք լինելու են 2016 թվականին:

– Դուք կանխագուշակություններով չեք զբաղվում եւ սովորաբար խոստումներ չեք տալիս: Այնուամենայնիվ, օլիմպիական քանի՞ ուղեգիրը կհամարեք նորմալ:

– Բոլորս էլ գիտենք, որ օլիմպիական են համարվում վեց քաշային կարգեր: Բնականաբար, ձգտելու ենք առավելագույնին: Իսկ թե ի՞նչ կլինի, մրցագորգը ցույց կտա:

– Դուք ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եք եւ, բնականաբար, տեղյակ եք հավաքականի թեկնածուների ներկայիս առողջական եւ մարզական վիճակի մասին:

– Այս պահին բոլորի մոտ էլ ամեն բան նորմալ է: Բոլորն էլ իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ պատրաստվում են Հայաստանի առաջնությանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031