Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ հավատում ապաքաղաքական արվեստի գոյությանը»

Հունվար 17,2015 14:00

Գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանը չի թաքցնում իր՝
քաղաքականացված լինելը

Գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանն առայժմ ունի տպագրված մեկ ժողովածու՝ «Դոմինո» խորագրով, սակայն առավել հայտնի է Ֆեյսբուքում իր քաղաքական գրառումներով: 2012թ. «Դոմինո»-ի հրատարակումից հետո մասնագետները հեղինակին բնորոշեցին գերքաղաքականացված անձ: «Դոմինո» ժողովածուում տեղ գտած պատմվածքների ու «Համբարձման գիշեր» նրա պիեսի մասին ընդհանրացված արտահայտվում են, թե հեղինակը չափազանց զգայուն վերաբերմունք է հանդես բերում մեր երկրի սոցիալական վիճակի ու մարդկանց ճակատագրերի հանդեպ:

«Առավոտի» հետ զրույցում Սարգիս Հովսեփյանը, համակարծիք լինելով իրեն «քաղաքականացված» մարդ որակելուն, ասաց. «Ինձ հուզում են մարդկանց սոցիալական խնդիրները, մեր երկրի ինքնիշխանությանն ու անվտանգությանը վերաբերող հարցերը, համաշխարհային քաղաքական, մշակութային, գաղափարական միտումները: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Չեմ հավատում ապաքաղաքական արվեստի գոյության հնարավորությանը, եթե անգամ այն ստեղծվել է ոչ քաղաքական մոտիվներով, եւ եթե նույնիսկ քաղաքականությունն այնտեղ ընդհանրապես չի նկատվում. լինի դա երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, կինո կամ գրականություն»: Խոսելով կոնկրետ իր ոլորտի մասին՝ հայտնեց. «Արվեստն ու մասնավորապես գրականությունը, ինքնին բազմաշերտ երեւույթներ են, եւ ընթերցողն, իհարկե, իր հետաքրքրություններից, գիտելիքներից ու նախընտրություններից ելնելով՝ կարող է տեքստի մեջ հետեւել սյուժեին, ոճին կամ մեկ այլ բանի, բայց որեւէ միջավայր նկարագրված, ֆիքսված ստեղծագործության մեջ միշտ ներկայացնում է կոնկրետ հասարակական հասարակարգի համակեցության ձեւեր կամ դրանց տեսլական…»: Ասվածն էլ մանրամասնելով՝ մեր զրուցակիցը օրինակ բերեց Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը»: Արվեստագետը վստահ է, որ Շեքսպիրի հայտնի ստեղծագործությունն առաջին հերթին դիտվում է որպես մեծ սիրո հուզիչ պատմություն, սակայն ոմանք այնտեղ նկատում են նաեւ տվյալ ժամանակաշրջանի հասարակական ու քաղաքական կարգերը, դրանք ծնող պատճառները եւ այլն: «Մնում եմ իմ համոզմունքին, որ ապաքաղաքական ոչինչ չկա… Այլ բան է, թե քաղաքականությունն ինչպես է առկա կոնկրետ ստեղծագործության մեջ, նկատի ունեմ՝ արդյո՞ք այն իրենով չի փոխարինել արվեստին…»,- հավելեց Սարգիս Հովսեփյանը:

Դիտարկմանը, թե «Դոմինո» ժողովածուում տեղ գտած ARMageddon պատմվածքում ինքը վիրտուալ պատերազմ է մղում ադրբեջանցիների հետ, ինչի արդյունքում էլ հերոսը հուսահատվում է ու արտագաղթում, հարցրինք՝ իսկ մտավախություն չունի՞, որ այդ հերոսի օրինակը կարող է վարակիչ լինել, Սարգիսը նախ նշեց, թե պատմվածքը գրելու միտքը ծագել է, երբ online խաղեր խաղալիս նկատել է, որ քաղաքականությունը նույնկերպ կրկնվում է խաղում, թերեւս ավելի սուր դրսեւորումներով ու առանց ավելորդ պոլիտկոռեկտության, սակայն, ի տարբերություն իրականության՝ բարեբախտաբար, առանց զոհերի: «Նման խաղերում դժվար է անտարբեր մնալ ու հուզական չարձագանքել երկրիդ ու հայրենակիցներիդ հասցեին վիրավորանքներին: Փորձում ես ամեն կերպ պահպանել ադեկվատությունը, բայց երբեմն չի հաջողվում: Հիմնականում խորքային պատճառը մեր ու մեզ նման տարածաշրջաններում, ասենք՝ Բալկաններ, Մերձավոր Արեւելք եւ այլն, անվտանգության տոտալ բացակայությունն է ու պատերազմի վերսկսման անընդհատ սպառնալիքը: Մեր ժողովրդի դեպքում էլ՝ նաեւ դաժան պատմական փորձը: Պատկերացրեք, որ հենց խաղի ընթացքում լուր ես ստանում դիպուկահարի գնդակից կամ դիվերսիայից հերթական հայենակցիդ զոհվելու մասին: Դժվար է, հուսահատեցնող… »,- այս կարծիքին է գրողը: Մի բանում արվեստագետը համոզված է՝ «Հայաստանում ապրողներս պիտի հասկանանք, որ միայն մի ճանապարհ գոյություն ունի՝ ստեղծել ամուր պետականություն, որը կարող է առավելագույնս պաշտպանել սեփական քաղաքացիների անվտանգությունը, հաշվի առնելով մեր ռազմատենչ հարեւաններին, պետք է դադարել էթնիկ կամ կրոնական համայնք լինել սեփական երկրում: Դա անշուշտ հեշտ չի լինի, կուղեկցվի հուսահատություններով ու խոչընդոտներով, հաճախ էլ մեր կարծրացած պատկերացումները հաղթահարելու բարդություններով: Դա միակ ու հնարավոր տարբերակն է»,- հավաստիացնում է Սարգիս Հովսեփյանը:

Իսկ թե ինչու հերթական գիրքը չի հանձնում ընթերցողներին, այդ մասին էլ ասաց, որ այժմ աշխատում է ֆիլմի սցենարի վրա՝ այն զուգահեռելով առաջին վեպի աշխատանքներին: Խոստովանեց նաեւ, թե գործը դժվարությամբ է առաջ գնում, որովհետեւ զբաղված է նաեւ այլ ծրագրերով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031