Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ դուք կպատժեք, կամ մենք ձեւը կգտնենք պատժելու»

Հունվար 22,2015 14:20

Կասկած չկա, որ աշխարհի յուրաքանչյուր սրտացավ, ազգասեր հայ ուշիուշով հետեւելու է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ամբողջ ընտանիքին դաժանորեն սպանդի ենթարկման մեղավորների ու պատճառների բացահայտմանը: Գյումիրի ոճրագործության բացահայտման հանրային պահանջն ավելին է, քան արդարության հաստատումը, այն ազգային արժանապատվության, ազգային ինքնուրույնությունն ապացուցելու պահանջ է:
Նշենք, որ այժմ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դասալիք եւ սպանության մեջ կասկածվող, մեղադրյալ Վալերի Պերմյակովը կալանավորված է: Նրան հայ-թուրքական սահմանի մոտ գտել են ռուս սահմանապահներն ու հանձնել ռուսական կողմին:
Թե ինչպես կաշխատեն իրավապահ մարմինները՝ ժամանակը ցույց կտա, իսկ հանրությունը որոշել է սեփական հետաքննություն իրականացնել:

Գյումրու ավագանու անդամ, «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն արդեն հայտարարել է, որ հանրային հետաքննություն են նախաձեռնելու՝ «Շահագրգիռ եւ փորձառու իրավաբանների, փաստաբանների, իրավապաշտպանների, ազատ քրեագետների, տեղյակ լրագրողների մի ժողով կունենանք Գյումրիում սպանության գործով. տեսնենք՝ ինչ կա իրար վրա դնելու եւ իրավական հարթության մեջ անելու։ Կարծում եմ՝ կարող են որոշ արդյունքներ լինել, մի կոողմից՝ օգտակար կլինի քննությանը, մյուս կողմից՝ որոշակի վերահսկողություն կստացվի»։

Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության գործի քննության աշխատանքների արդյունավետությունը ապահովելու նպատակով Հայաստանի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեները կստեղծեն համակարգող մարմին, կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են գործի համատեղ հետաքննության մասին եւ փոխհամագործակցված գործողություններ իրականացնել՝ ապահովելու գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունը:

Արդյոք, այնուամենայնիվ, վստահություն չկա՞, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի, մեղավորներն էլ կպատժվեն, որ հանրային հետաքննություն է նախաձեռնվելու, եւ որքանո՞վ հասանելի կլինեն գործով նյութերը: «Առավոտի» այս հարցերին Լեւոն Բարսեղյանն ասաց, որ նախաձեռնության առաջին պատճառը ինֆորմացիայի խառնաշփոթն է, որը տարածված է ամբողջ Հայաստանով մեկ, եւ այդ տեղեկությունների մի շարք հակասությունները, ճշգրտության դեֆիցիտը. «Մենք գտնում ենք, որ այդ ամբողջը հարկավոր է ի մի բերել, տրամաբանություն գտնել, հակասությունները պարզել եւ այլն»: Նախաձեռնության մյուս պատճառն, ըստ Բարսեղյանի, այն է, որ գործը գտնվում է ռուսական արդարադատության համակարգում, եւ մենք միջնորդավորված ենք տեղեկություններ ստանում, Հայաստանի ոստիկանությունն էլ այդ տեղեկությունները ստանում է ռուսական արդարադատության համակարգի իրավապահներից: «Ճիշտ է, մերոնք ամբողջությամբ մասնակցում են գործընթացներին, բայց, այնուամենայնիվ, որոշում կայացնողը ռուսական արդարադատության համակարգն է: Հանրության պահանջն է, որ այդ ամբողջը լինի հայկական արդարադատության համակարգում:

Այդ միջնորդավորվածությամբ սկսում ենք ավելի ու ավելի քիչ տեղեկություններ ստանալ: Պարզ ասած՝ ոչինչ ավելին, քան ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ասածներով՝ թե թափառել է, ջուր է ուզել, մտել է, տեսել են, կրակել է: Ոչ մի ավելի պաշտոնական տեղեկություն չգիտենք, այնինչ գործը վաղուց պետք է բացահայտված լիներ: Ամեն ինչ կա իրենց ձեռքի տակ, զոհվածներն էլ սոցցանցում էջ ունեն, մեղադրյալն էլ ունի, հեռախոսներ են ունեցել, զորամասի կազմն է տեղյակ այս ամեն ինչից, 3-4 օրվա չարչարանքի բան էր բացահայտումը: Այդ կցկտուր տեղեկությամբ մեզ կշտացնում են: Առայժմ տեղեկությունները քիչ են, այն ինքնախոստովանանքը, որ Պերմյակովն ասել է, Հայաստանում չկա մեկը, որ ասի՝ հա, ճիշտ է այդ տղեն»,- ասաց պարոն Բարսեղյանը:

Հայաստանի իրավապահ համակարգին Բարսեղյանը մինչ Գյումրիի դեպքն էլ բացասական երանգներով անդրադարձել է, բայց հիմա, ինչպես պարոն Բարսեղյանն ասաց, չի ուզում քար գլորել. «Գեւորգ Կոստանյանի (ՀՀ դատախազ-Ն. Բ.) խոսքերից իսկապես շահագրգռվածություն նկատեցի՝ ամբողջությամբ բացահայտելու, գուցե ունեն ազնիվ շահագրգռվածություն, բայց քանի դեռ գործը չի գտնվում Հայաստանի արդարադատության համակարգում, սա չի նշանակում, որ ռուսական կողմը չպիտի մասնակցություն ունենա, պիտի ունենա, պիտի պատասխանատվություն էլ կրի, դասալքության մասով՝ իրենք, մեր մասով՝ սահմանի հատման փորձն ու սպանությունը, բայց դերերը պիտի փոխվեն: Այնպես չէ, որ որոշումները պետք է ՀՀ եւ ՌԴ դատավորների միացյալ համաձայնությամբ լինեն, մեկն ու մեկը պիտի լինի գլխավոր: Մինչեւ հիմա գլխավորը ռուսական կողմն է, սա շատ պարզ պրիմիտիվ բան է, մասնակցում են մեր քրեագետները, քննիչները, բայց դոմինանտը պետք է լինի հայկական կողմը: Դա նրանից չէ, որ ես Կոստանյանին կամ Հովսեփյանին (ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար-Ն. Բ.) ավելի շատ եմ վստահում, քան ռուս քննիչներին, սա շատ կարեւոր հանգամանք է, սա ազգային արժանապատվության հարց է»:

Պարոն Բարսեղյանը անդրադառնալով այդպես էլ Հայաստանում պաշտոնապես սգո օր չհայտարարելուն (չնայած հանրությունը պահանջում էր) եւ միայն սահմանափակվելով ցավակցական խոսքերով բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ասաց. «Մարդը (նկատի ունի Սերժ Սարգսյանին-Ն. Բ.) պիտի սուգ հայտարարեր, չի հայտարարել, եթե հայտարարեր, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները պիտի այցելեին եւ իրեն ցավակցեին, աշխարհով մեկ, որտեղ դիվանագիտական ներկայացուցչություն ունենք, իրենք էլ պետք է ցավակցեին: Երեւի մտածել են՝ աղմուկը մեծ կլինի, Պուտինը կջղայնանա իրենց վրա, բայց դե, արդեն այս ամենը թաքցնել չի լինի»: Նշենք, որ ՌԴ նախագահը դեպքից մի քանի օր հետո միայն ցավակցություն հայտնեց, այս առնչությամբ էլ պարոն Բարսեղյանն ասաց. «Պուտինի ուշացած ցավակցությունը ծիծաղելի է, ժամանակին աներ՝ մարդիկ այսքան չէին բորբոքվի: Հաղորդագրության մեջ ասվում է՝ 2-րդ անգամ ցավակցելով, չիմացանք՝ 1-ին անգամ ե՞րբ է ցավակցել, կամ եթե մեկ անգամ ցավակցել է, երկրորդ անգամ ինչո՞ւ է ցավակցել, եթե 2-րդ անգամ ցավակցել է, կարո՞ղ է 3-րդ, 4-րդ անգամ էլ ցավակցի: Հիմարությունը պիտի սահման էլ ունենա»: Մեր դիտարկմանը՝ Պուտինը վստահեցրել է, որ մեղավորները խստագույնս պատժվելու են, սա արժանահավա՞տ է, թե՞ բողոքի ալիքը մեղմելու համար է ասված, պարոն Բարսեղյանն այսպես պատասխանեց. «Այդ կարգի պրիմիտիվագույն հայտարարություններ մենք լսել ենք նաեւ Հայաստանում: Թույլ տվեք ասել՝ ուրիշ բան չունե՞ք ասելու, «պուտիններ», իհարկե՝ պիտի պատժվեն՝ կամ դուք կպատժեք, կամ մենք ձեւը կգտնենք պատժելու: Լավ կլինի իշխանությունը պատժի, սա՝ մեկ, հետո՝ չլինեին այս բողոքի ցույցերը, մարդկանց դժգոհությունը չհասներ գագաթնակետին, ես կասկածում եմ, որ Պուտինն ու ռուսական լրատվամիջոցները սկսեին գիտակցության գալ: Վերջապես հասկացան, որ համը հանում են, մենք ձեզ համար «չուշկա» չենք»:

Նշենք, որ հունվարի 20-ի դրությամբ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու մասին որեւէ հայտարարություն չի եղել. Գ. Կոստանյանը խոստացել էր այդ մասին դիմել ՌԴ իր գործընկերոջը, սակայն երեկվա դրությամբ այս մասին էլ որեւէ լուր չկար:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031