Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը՝ «մուտիլովշիկների» մասին. «Դա ռեժիմի մոտեցումն է»

Փետրվար 02,2015 18:30

«Մենք բազմիցս ասել ու ասում ենք, որ գործ ունենք մեր երկիրը զավթած, շրջափակած ռեժիմի հետ, որը գործում է օտարի թելադրանքով հանուն իր մերկացուցիչների անձնական և կլանային շահերի, որոնցից մեկի անունը նոր Դուք տվեցիք»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ դեպի Արցախ ավտոերթի ժամանակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ծեծուջարդի վերաբերյալ արված այն հայտարարությունը, թե «մուտիլովշիկների համար Արցախ մուտքն արգելված է», այսպես պատասխանեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, թե կարիք չկա ռեժիմի ամեն մի ներկայացուցչի կարծիք մեկնաբանել, քանի որ դա ռեժիմի մոտեցումն է: Այս առիթով նա նկատեց. «Ռեժիմն ասում է՝ իմ օտար տերն ինձ հանձնարարել է Արցախը անջատել ՀՀ-ից, տալ իրենց, որ կարողանա ինքը որպես մանրադրամ օգտագործել իր աշխարհաքաղաքական շահերի համար: Ես էլ ինքնիշխանությունս հանձնելու եմ, դառնամ մարզպետ: Դա էլ իմ նպատակն է»:

Մեր հարցին՝ նման հայտարարություններից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ իշխանությունները խուճապի մեջ են, պարոն Ավետիսյանն ասաց. «Մեզ վրա  հարձակվող ոստիկանների և բաշիբոզուկների աչքերի մեջ անգամ այդ վախն  ու սարսափը տեսնում էինք. իրենք մեզ հարվածում էին, բայց իրենք էին վախեցած: Դա ակնհայտ էր իրենց ամբողջական հատուկ նշանակության գործողության տրամաբանությամբ և հսկայական մասշտաբներով. հատուկ հետևելը, որ ջանադրաբար պիտի իրականացնեն առաջադրանքը, հակառակ դեպքում իրենց կպատժեն, անգամ անօդաչու թռչող սարք էին օգտագործում, որպեսզի այդ ամենը համայնապատկերային երևա, որ ոչ ոք չկարողանա գլուխ պահել: Սա խոսում է այն մասին, որ սա բացառապես խուճապի վիճակ է»:

Վարուժան Ավետիսյանը կարծում է, որ եթե իրենք մտնեին Արցախ ու երթով անցնեին, էլի նրանք մեծ հարված կստանային, բայց այն հարվածը, որ այսօր ստացան մարդկանց ծեծի ենթարկելով, երբեք չէր եղել: Վարուժան Ավետիսյանը նշեց, թե հիմա արցախցիները միմյանցից խլխում են և փորձում գտնել այն տեսանյութը, որտեղ պատկերված է, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Վարուժան Ավետիսյանը վրդովվեց. «Եթե ոտնատակ են անում պետական խորհրդանիշը, եթե պետության և ազգային ազատագրական պայքարի հերոսներին՝ էմիլ Աբրահամյանին, Իգոր Մուրադյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին հարվածում են, տասը հոգի մահակներով Ժիրայր Սեֆիլյանին էր ծեծում, ապա դա խոսում է այն մասին, որ իրենք մերժում են մեր բոլոր արժեքները և մարդկային արժանիքները կորցրած տականքներ են, և ժողովուրդը պիտի վարվի այնպես, ինչպես տականքների հետ: Սա ազգային ազատագրական պայքար էր, պատերազմ էր, ուղղակի վարվում էր այլ մեթոդներով»:

Փոխանցեցինք ՀՀԿ-ականների շրջանակներում տարածված այն կարծիքը, թե «Հիմնադիր խորհրդարանը» ֆինանսավորվում է դրսից, որպեսզի սեպ խրի Հայաստանի և Արցախի միջև: Այս առիթով պարոն Ավետիսյանն ասաց. «Այլ բան նրանք չեն էլ կարող ասել: Հանրապետականը նույն ռեժիմն է: Դա հանցավոր կազմակերպություն է, որը էապես մասնակցել է ժողովրդի իշխանության յուրացմանը և Արցախի պետության ինքնիշխանության հանձնմանը: Այդ կուսակցության ամբողջ ղեկավար կազմը հանցագործներից ու պետական դավաճաններից է բաղկացած, և ժողովրդի՝ իշխանության գալուց հետո քրեական հետապնդման պիտի ենթարկվեն»:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728