Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնիվ աշխատավարձով սահմանամերձ բնակավայր չես գնա

Փետրվար 05,2015 18:30

Ընդդիմադիր պատգամավորի պատասխանը Գալուստ Սահակյանին

«Ոնց որ սահմանամերձ համայնքների օրենքն էիք քննարկում: Այդքան պայքարեցինք, այդ պայքարելուց հետո որեւէ մեկդ չգնաց այդ ժողովրդին հարցնեիք՝ լա՞վ եք, վա՞տ եք: Ստիպված նորից մենք հանձնախումբ կազմեցինք՝ ուղարկեցինք, որպեսզի տեսնենք` է՞լ ինչ առաջարկություններ ունեն: Հատվածային վարքագծով քաղաքականությունը որոշակի չի դառնում: Մենք հատվածային քաղաքականությանը դեմ ենք»,- խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին օրը «Շրջանառության հարկի մասին» օրենքի առիթով ընդդիմադիրների առաջարկների քննարկման ժամանակ նման հեգնական արտահայտություններով հակադարձեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ են ընդդիմադիրները «հատվածային վարքագծով քաղաքականություն» վարում եւ չեն գնում սահմանամերձ բնակավայրեր ու հետաքրքրվեն` ի՞նչ տվեցին տեղի բնակիչներին այն արտոնությունները, որոնք տրվեցին անցած տարեվերջին, ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարցով պատասխանեց. «Եթե իշխանությունը նման միջոցառում էր ձեռնարկում, ինչո՞ւ չէր դիմում նաեւ ընդդիմությանը: Մենք հաճույքով կմիանայինք այդ խմբին եւ կայցելեինք սահմանամերձ շրջաններ: Մենք նույն խորհրդարանում ենք, եւ խորհրդարանի ղեկավարությունը եթե նման նախաձեռնություններ ունի, կարող է դիմել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի համատեղ իրականացնենք»:

Մեր զրուցակիցն ասաց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան սահմանամերձ գյուղն իր ծնողների բնակավայրն է, ու ինքը հաճույքով կգնար` եւ զինվորների հետ կհանդիպեր, եւ տեղի բնակիչների, բայց նաեւ խոստովանեց. «Իմ ազնիվ աշխատավարձն ինձ չի բավարարում, որպեսզի ես նման տեղաշարժեր իրականացնեմ, մանավանդ, որ դատարկ ձեռքով չես կարող գնալ սահմանամերձ բնակավայրի բնակիչների, սահմանը պահող զինվորի մոտ: Մենք իշխանություն չենք եւ նման միջոցներ չունենք: Իշխանությունն ունի բավականին միջոցներ` տեղաշարժվելու համար, որովհետեւ ունեն լրացուցիչ եկամուտներ: Իսկ Գալուստ Սահակյանն այսուհետ պարտավոր է նման նախաձեռնություններում ընդդիմադիրներին էլ ներգրավել, որովհետեւ դա ՀՀԿ-ական միջոցառում չէ, ինքն էլ ԱԺ նախագահն է: Ինձ մոտ տպավորություն կար, նախօրեին էլ հաստատվեց, որ Գալուստ Սահակյանը դեռ քաղաքական հարթության մեջ է մնացել: Նա, իբրեւ ԱԺ նախագահ, պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրությամբ, ԱԺ կանոնակարգով, բայց մարդը` ԱԺ նախագահի աթոռին նստած, առաջնորդվում է քաղաքական նպատակահարմարությամբ: Ձեր մատնանշած դեպքն էլ` դրա վառ ապացույցը»:

Գալուստ Սահակյանը հեգնանքով արձագանքեց նաեւ դեռ անցյալ տարվա հոկտեմբեր ամսից արդեն որերորդ անգամ ընդդիմության կողմից անհետաձգելի կարգով քննարկման առաջարկվող «կառավարման ճգնաժամի» մասին հարցին: «Մենք ունենք անհետաձգելի աշխատանք այս քառօրյայում, եւ եթե կհասնենք, ուրեմն կքննարկենք նաեւ դա, որովհետեւ դա ձեզ համար իմպերատիվ է, ինձ համար, ընդհանուր առմամբ, հնարք է ընդդիմության կողմից, որը որեւէ ճանապարհ չի տանում։ Բայց օրենքի պահանջն է, եւ ես կա՛մ այս, կա՛մ հաջորդ նստաշրջանում անպայման քննարկման կդնեմ»,- ասաց Գալուստ Սահակյանը: Այն, որ խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, խուսափում է այս հարցի քննարկումից, ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ մեկ պատճառ կա` որպեսզի հանրությունն ավելի առարկայական ու թվերով փաստարկված չտեսնի ճգնաճամը: «Եթե ճգնաժամ գոյություն չունենար, չէին խուսափի այդ փաստերի քննարկումից: Անկախ ամեն ինչից՝ ճգնաժամն ամեն օր թակում է յուրաքանչյուր հայ ընտանիքի դուռը:

Մարդկանց ներկայիս սոցիալական վիճակն ամենավառ ապացույցն է ճգնաժամի առկայության»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ինքը հավատում է հարցի քննարկումից խուսափելու առթիվ իշխանության բերած հակափաստարկին, թե՝ «մեր կողմից ամեն ինչ վերահսկվում է». «Այո, չեմ հերքում, իրենց ներսում ամեն ինչ վերահսկվում է` փողերի ներքին շարժը, բոլոր կոռուպցիոն դրսեւորումները, ատկատների ապահովումը եւ ատկատներից գոյացած գումարների փոխանցումը վերեւներին»: Վկայակոչելով միջազգային տարբեր փորձագիտական խմբերի գնահատականները՝ մեր զրուցակիցն ասում է, որ անցած ութ տարիների ընթացքում ՀՀ իշխանությունները թալանել են մոտ քսան միլիարդ դոլար, որը գոյացել է տնտեսության յոթանասուն տոկոսը ստվերում պահելու արդյունքում: «Տարեկան կտրվածքով դա կազմում է 2,5 միլիարդ դոլար՝ այնքան, որքան մեր պետական բյուջեն: Ստացվում է, որ կարող էինք 20 միլիարդանոց բյուջե ունենալ` դրանից բխող բոլոր հետեւանքներով»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը: Նա կառավարման ճգնաժամի մի դրսեւորում էլ համարում է այն, որ 2008 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը եղել է 26 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատությունը` մոտ չորս տոկոս: 2014 թվականի պաշտոնական տվյալներով՝ աղքատության մակարդակը հասել է 37 տոկոսի, իսկ ծայրահեղ աղքատների քանակը հատել է 80 հազարի շեմը: «Մենք շատ լավ գիտենք, որ իրականում այդ տոկոսներն ավելի բարձր են»,- հավելեց մեր զրուցակիցը: Տիկին Սարգսյանը վկայակոչեց նաեւ դրամական շուկայում տեղի ունեցող վայրիվերումները, գնաճը, ասաց, որ կառավարության անարդյունավետ գործունեության հետեւանքով է, որ այժմ ոչնչացման եզրին են կանգնած ՓՄՁ-ները, ու հռետորական հարց հնչեցրեց. «Եթե կառավարման ճգնաժամ գոյություն չունի, ինչո՞ւ կառավարությունը չի ձեռնարկում կանխարգելիչ քայլեր կամ հստակ ծրագիր ներկայացնում` արտագաղթը գոնե մեղմելու համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Շնորհակալություն Նելիից, այս հարցը ներկայացնելու համար: Նախ նշեմ, որ ցանկացած որոշում պետք է հետևանք լինի մանրակրկիտ ու բազմակողմանի ուսումնասիրությունների, այլ ոչ թե աշխատասենյակներում մշակված ինչ-որ անհասկանալի լուծումների: Իմ կարծիքով սահմանամերձ բնակավայրերի հարցերին պետք է համակարգված լուծումներ տրվեն՝ սահմանամերձ բնակավայրերին տրվի կարգավիճակ և երլնելով այդ կարգավիճակից, մշակվի արտոնությունների երկարամյա համալիր ծրագիր, որը հույս և վստահություն կտա ներդրողներին, իսկ բնակիչներին վստահություն ապագայի նկատմամբ:
    Մարզերում, մասնավորապես Տավուշում գյուղատնտեսության ոլորտը կործանման եզրին է, որին նպաստել են նաև այդ ոլորտում պետբյուջեից կատարված անիմաստ և աննպատակ ներդրումները, որոնք բացի գումարներ լվանալուց, այլ արդյունք չեն ապահովել: Տավուշում չնչին հողեր են վարվում, ի սպառ վերացվել են գյուղատնտեսության բազմաթիվ ճյուղեր, անասնապահությունն արխաիկ մակարդակի վրա է և այլն: Մի թե դժվար է նախատեսել գյուղատնտեսության ոլորտի ցածր, իրականում ցածր, տոկոսի վարկավորում, մարման ժամկետի խելամիտ սահմանումով և նմանատիպ այլ հարցեր: Այս ամենին հասնելու համար հարկավոր է բանիմաց մարդկանց խումբ ստեղծել ու տեղում ուսումնասիրել յուրաքանչյուր հարց ու նոր որոշումներ կայացնել, այլ ոչ թե լրագրողների ուղեկցությամբ գալ տարածք ու…: Հասկանալ է պետք, որ այսօրվա չարածի համար մենք վաղն առավել թանկ ենք վճարելու, պետք է հաշվի առնել, որ ավելի ձեռնտու է մարդկանց սահմանամերձ գյուղերում պահելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնասրկել, քան հետո ծրագրեր մշակել դատարկված գյուղերը վերաբնակեցնելու համար: Սահմանում բնակվողի խնդիրները հասկանալու համար պետք է, որ որոշում կայացնողները գոնե մեկ շաբաթով, իրենց ընտանյոք հանդերձ ապրեն այնտեղ, հակառակորդի կրակոցների տակ աշխատեն, եթե իհարկե աշխատանք լինի, իրենց երեխաներին դպրոց կամ մանկապարտեղ ուղարկեն, պարբերաբար տեսնեն, որ իրենց ավտոճանապարհը դեպի մարզկենտրոն կրակի տակ է պահվում, ճաշակեն բոլոր դառնություններն ու նոր սկսեն պլաններ մշակել: Համոզված եմ, որ մեր իշխանավորներն այս ամենը հասկանում են գոնե խելամիտ ապագայում քայլեր կձեռնարկեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728