Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործն ավարտվեց, սպասվում են կողմերի ճառերը

Փետրվար 17,2015 15:11

Մարտի 12-ին մեղադրական ճառով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես կգա մեղադրող Արթուր Երիցյանը:

«Ֆինանսական բուրգի» գործով բարձրաստիճան ոստիկանների գումարները շրջանառած տարադրամի փոխանակման կետերի պատասխանատու Արթուր Անդրեասյանի պաշտպանը մինչ դատաքննությունն ավարտվելը հանդես եկավ միջնորդությամբ: Նա խնդրեց, որ դատարանի կողմից այսօր հետազոտված, տուժող Արտակ Գալստյանի եւ իր պաշտպանյալի միջեւ եղած հեռախոսային զրույցի ձայնագրությունը համարվի անթույլատրելի, քանի որ այդ ապացույցը ձեռք է բերվել օրենքի խախտմամբ:

Դատավոր Գագիկ Պողոսյանը լսելով մեղադրողին, տուժողի ներկայացուցչին, որոշեց այդ ապացույցը համարել անթույլատրելի:

Ամբաստանյալի պաշտպանը միջնորդեց, որպեսզի դատարան ներկայանա տուժողը՝ կապված եռակողմ պայմանագրի կնքման եւ դրանից բխած հարցադրումների հետ, մասնավորապես, այդ տուժողը հաղորդում էր տվել հանցագործության մասին, որտեղ հայտնել էր, թե ամբաստանյալը իրեն պարտք է 500 հազար դոլար գումար, իսկ հետագայում պահանջ էր ներկայացրել 720 հազարի: Սակայն դատախազ Ա. Երիցյանը առարկեց, ասելով, թե տուժողը մեկ անգամ եղել է դատարանում, պատասխանել հարցերին եւ հայտնել, որ գործի քննության ընթացքում է պարզել այդ գումարի չափի մասին:

Դատարանը այսօր հետազոտեց 12 հատորների մեջ եղած բոլոր ապացույցները, ամբաստանյալին պատկանող գույքի, վարկային, հիփոթեկային վարկային պայմանագրերը, «Եվրաֆուտբոլից» ստացած տեղեկանքը, «Մոսկվիչկա» խանութների ցանցի գումարային շարժերի մասին տեղեկանքը, բնակարանների խուզարկության մասին արձանագրությունը:

Ի դեպ, մեծ քննարկում եղավ Ա. Գալստյանի կողմից նախաքննությունը չավարտված նախաքննական գաղտնիք համարվող փաստաթղթերին ծանոթ լինելու հետ կապված, ինչի մասին մենք տեղեկացրել ենք մեր նախորդ հրապարակման մեջ: Խոսքը հատուկ քննչական ծառայություն ներկայացրած Արտակ Գալստյանի միջնորդության մասին էր, ՀՔԾ քննիչին ուղղորդելու, սակայն թե մեղադրողը, թե դատավորը առարկեցին պաշտպանական կողմին, որ Արտակ Գալստյանը կարող էր ծանոթ լինել գործում առկա ապացույցներին ոչ թե նախաքննական մարմնից, այլ մյուս տուժողներից:

Պաշտպանական կողմն այսօր հայտնեց նաեւ, որ սույն գործով որպես վկա հարցաքննվել է Ա. Գալստյանի կինը՝ Վեներա Գալստյանը, սակայն նա դատաքննության ընթացքում չներկայացավ դատարան՝ ցուցմունք տալու եւ նրա չներկայանալը պատճառաբանվեց նրանով, որ գտնվում է Եվրոպայում՝ բուժումների, ինչը դատարանի կողմից համարվել է հարգելի: Ամբաստանյալ Արթուր Գալստյանն այս կապակցությամբ հայտնեց, որ դատաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Գալստյանը Հայաստանի սահմանը չի հատել, ինչին էլ հետեւեց դատավորի կողմից նրան բերման ենթարկելու մասին որոշումը: «Նման պայմաններում Վ. Գալստյանը չներկայացավ դատարան: Փաստորեն, այդ ձեւով Վ. Գալստյանը ամեն գնով խուսափում է դատարան ներկայանալուց եւ ցուցմունք տալուց, առանց հարգելի պատճառ ունենալու: Գտնում եմ, որ Վ. Գալստյանի արարքում առկա են անօրինական գործողություններ»:

Մեղադրողի ճառից հետո չի բացառվում իրենց ճառերով հանդես գան նաեւ այս գործով տուժող ճանաչված բարձրաստիճան ոստիկանները՝ Կ. Բաբակեխյանը, Ներսիկ Նազարյանը, նաեւ նրանց հարազատները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728