Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվությունը խոստումնալից չէ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 21,2015 10:59

Տնտեսական տարին Հայաստանում մեկնարկում է ակտիվության բավական ցածր մակարդակով։

Անցած օրը վիճակագրական ծառայությունը հրապարակեց հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ըստ այդմ, նախորդ տարվա համեմատ այն ավելացել է 1,3 տոկոսով։ Դանդաղել է աճի տեմպը։ Անցած տարվա հունվարին տնտեսական ակտիվությունը Հայաստանում 1,8 տոկոս էր։

Դեկտեմբերի նկատմամբ տնտեսական ակտիվությունը կրճատվել է ավելի քան կիսով չափ։ Չնայած դա անսովոր երեւույթ չէ։ Սովորաբար տնտեսական գործընթացները շատ ավելի աշխույժ են լինում տարեվերջին, քան հաջորդ տարեսկզբին։ Այդ առումով բացառություն չէ նաեւ ընթացիկ տարին։ Առավել եւս, որ տարեսկիզբը ոչ միայն պասիվ շրջան է տնտեսության համար, այլեւ այն, այսպես ասած, կիսատ ամիս է համարվում։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա ազդել են մի շարք գործոններ։ Հայտնի է, որ տարին հերթական անգամ մեկնարկեց ոչ այնքան բարենպաստ պայմաններում։ Մի կողմից՝ արտաքին, մյուս կողմից՝ ներքին մարտահրավերը մեծացրին ճնշումը տնտեսության վրա։
Վիճակը բարվոք չէ արտաքին հատվածում։ Թեեւ նոր տնտեսական միությանը անդամագրմամբ հայկական ընկերությունների համար բացվեց բազմամիլիոնանոց շուկա, այնուհանդերձ դրանից օգտվելու հնարավորություններն առայժմ ցածր են։ Ռուսաստանի տնտեսության ու ֆինանսական հատվածում գոյություն ունեցող անկայունությունը դժվարություններ է ստեղծել այստեղ հայկական ապրանքների իրացման համար։ Դրա հետեւանքով տնտեսության որոշ հատվածներում սահմանափակվել է արտահանումը։
Մյուս կողմից՝ տարեսկիզբը բարեհաջող չէր նաեւ մի շարք այլ շուկաներում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հանքահումքային ապրանքներին, որոնց համաշխարհային գները նպաստավոր դիրքում չեն ոլորտի հայաստանյան ընկերությունների համար։
Այս երկու կարեւոր գործոններն ուղղակիորեն ազդել են ինչպես տնտեսության իրական հատվածի, այնպես էլ արտահանման ցուցանիշների վրա։ Հունվարին արդյունաբերության ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների անկում. նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել է 6,3 տոկոսով։ Արդյունաբերության մեջ սա նոր երեւույթ չէ։ Տնտեսության այս ճյուղը անկումային իրավիճակում մեկնարկեց նաեւ 2014թ. սկզբին։ Միայն տարեվերջին հաջողվեց մի փոքր աճ արձանագրել։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728