Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ, պետք է ինքնակազմակերպվենք»

Փետրվար 27,2015 14:33

«Ընդդիմությունն առաջին հերթին մեր ժողովուրդն է: Եվ եթե ասում ենք, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, նախեւառաջ սա նշանակում է, որ ժողովուրդն է ճգնաժամի մեջ: Ժողովուրդը դեմ է այս ապօրինի կարգերին: Քանի դեռ մենք չենք կազմակերպվում, ուրեմն մենք ճգնաժամի մեջ ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք  ՀՀԿ-ականների այն քննադատությունը, որ ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ է՝ այսպես պատասխանեց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ ընդդիմությունը միայն քաղաքական ուժերը չեն: Խնդիրը ամբողջ ժողովրդի կազմակերպման մեջ է. «Մի կողմից մի խումբ է ավազակների, հանցագործների, մյուս կողմում ժողովուրդն է: Այդ խումբը հարձակվել է ժողովրդի վրա, ժողովուրդը չի կարողանում պաշտպանվել, չի կարողանում պաշտպանել իր իրավունքները եւ նրանցից նաեւ ազատվել: Հետեւաբար ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ»:

Մեր հարցին՝ ժողովուրդն ի՞նչ անի, երբ ինչ-որ կոչերով հույս են արթնացնում, որ հիմա երկրում վիճակ է փոխվելու, իշխանափոխություն է լինում, որ աննախադեպ իրավիճակ է, այլ պատկեր է լինելու, բայց լինում է ինչպես միշտ՝ հիասթափություն՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Մենք բոլորս պետք է ինքնակազմակերպվենք: Երբ պատերազմ է լինում, մարդիկ ո՞նց են կազմակերպված դիմադրություն ցույց տալիս: Սրա մասին է խոսքը: Այո, քաղաքական ուժերը մեծ դերակատարություն ունեն, բայց, այնուամենայնիվ,  ամենամեծ դերակատարն այստեղ ժողովուրդն է, որը ինքը պետք է կազմակերպվի»:

Մեր հարցին՝ այսինքն, համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ լիդերներ մեզ պետք չեն, պետք են թիմեր՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Քաղաքական կազմակերպությունները, անհատները շատ կարեւոր են, բայց դրա հետ մեկտեղ օրակարգ ձեւավորողը ժողովուրդը պետք է լինի: Քաղաքական էլիտան չի կարող միայնակ որեւէ բան անել: Պետք է ազդակներ ստանա  ժողովրդից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728