Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Իր իսկ անվտանգությունից ելնելով՝ Ծառուկյանը մարտի 5-ին քաղաքականությունից դուրս պիտի չգնա»

Մարտ 03,2015 11:56

«Երբեք մեր ժողովուրդն այդքան պատրաստ չէր եղել իշխանափոխության, որքան փետրվարի 13-ին»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Ըստ նրա՝ փետրվարի 13-ի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո ժողովուրդը ոտքի էր կանգնել, սակայն դրան հաջորդեցին իրադարձություններ, որոնք շատերի համար մնացին մութ:

Ըստ Արամ Հարությունյանի՝ Ծառուկյանը Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան հանդիպմանը պատանդի կարգավիճակում է եղել և նրան մեղադրել չի կարելի: Այնուհետև մանրամասնեց. «Ընդհանրապես տրամաբանության տեսակետից բացառվում էր հանդիպում նրանց միջև, քանի որ երկուսն էլ՝ Սերժ Սարգսյանն էլ, Գագիկ Ծառուկյանն էլ ամեն ինչ ասել էին: Նախագահը ցույց էր տվել, որ այս ժողովրդի հետ կապ չունի և ներկայացնում է այլ տեսակներով առաջնորդվող թիմ: Գագիկ Ծառուկյանին սպառնացել են ընտանիքով, դրա համար մեղադրել Գագիկ Ծառուկյանին անընդունելի է, քանի որ երբեք ահաբեկչի մոտ գտնվող պատանդից որևէ մեկը պահանջ չունի և չի կարող մեղադրել»:

Ըստ Արամ Հարությունյանի՝ զարմանալի է, որ ԵՄ դեսպանները Սերժ Սարգսյանի ելույթին չարձագանքեցին, քանի որ իր ելույթում բացահայտ հրահանգներ էր տալիս իրավապահ մարմիններին և ոստիկանությանը:

Ըստ Արամ Հարությունյանի՝ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածից հետո, ի դեմս համաժողովրդական շարժման ուժերի, դրոշ վերցնող չեղավ: Այնուհետև մանրամասնեց. «Պարզվեց, որ Րաֆֆին կարոտել էր Վովա Գասպարյանին, Զարուհի Փոստանջյանին, երբ նա գնաց Ազատության հրապարակ՝ իրեն այնպես պահեց, կարծես թե չէր էլ եղել համաժողովրդական շարժում: Կարծես թե ոհմակի նոր փնտրտուք էր սկսել:Աննկատ մնաց նաև այն, որ Քաղաքացիական պայմանագիր ուժը արդեն հայտարարել էր համաժողովրդական շարժման հետ համագործակցության մասին»:

Արամ Հարությունյանը պատմեց, թե ինչ հանդիպումներ է ունեցել եռյակի ուժերի հետ, բայց անարդյունք. «Փետրվարի 20-ի հանրահավաքում ուզում էի խոսել, բայց բարձրախոսը Րաֆֆիի ձեռքին էր՝ հետո խուսափեց դա տալուց՝ դրանով ցույց տալով, որ հեռանում է համաժողովրդական շարժումից: Հանդիպել եմ նաև Լևոն Զուրաբյանին, ասել եմ, որ իրավունք չունեք հետ քաշվելու, ոչինչ չի պատահել, դուք պիտի վերցնեք դրոշը: Ես մարտի 1-ին ցանկացել եմ խոսել, բայց հանրահավաքից կես ժամ առաջ զանգեց ինձ՝ ասաց, որ հնարավոր չէ: Փաստորեն, մեղադրել Ծառուկյանին ճիշտ չէ: Բոլորը կարծես թե մոռացան, որ դա համաժողովրդական շարժում էր, այլ ոչ թե Ծառուկյանի շուրջ շարժում: Իրականում այդ շարժումը կա, ժողովուրդն է, քանի որ ոչ մի բան չի փոխվել, հակառակը, ժողովուրդը ավելի է վրդովված ու պատրաստ իշխանափոխության: Ինձ համար ՀԱԿ-ի՝ արձակուրդի գնալու մոտեցումը անընդունելի է, անընդունելի է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին»:

Պարոն Հարությունյանը վրդովված է, լավ, եթե Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տալիս, այդ դեպքում ո՞ւր են Րաֆֆին ու Լևոն Տեր-Պետրոսյանը, իրենք պիտի հանդիպեին, բայց դա չեղավ:

Պարոն Հարությունյանը մտահոգված է նաև խոսքի ազատության խնդիրներով ու նշում. «Տեսնում ենք «Կենտրոն» հեռուստաընկերությունը պատանդի կարգավիճակում է, ԲՀԿ-ն պատանդի կարգավիճակում է: Հեռուստաընկերությունները փակ են»:

Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ է լինելու ԲՀԿ-ի հետագա ճակատագիրը, նա պատասխանեց. «Կոչ եմ անում Գագիկ Ծառուկյանին, որ ինքը քաղաքականությունը չթողնի: Սերժ Սարգսյանը երբեք չի հանդուրժելու նման թշնամի իր համար կենդանի կարգավիճակով:Եթե Գագիկ Ծառուկյանը դուրս կգա քաղաքականությունից, շատ կարճ ժամանակում ինքը ուրիշների օգնությամբ ինքնասպան կլինի: Սերժ Սարգսյանն արել է այնպիսի քայլեր, որից հետո Գագիկ Ծառուկյանի կենդանի մնալը իր համար անվտանգ չի լինելու: Գագիկ Ծառուկյանի անվտանգությունից ելնելով՝ ինքը ամսի 5-ին քաղաքականությունից դուրս պիտի չգնա: Որևէ մեկը ԲՀԿ-ում, բացի Գագիկ Ծառուկյանից՝ բարոյական իրավունք չունի դառնալ ԲՀԿ նախագահ:

Որևէ մեկը բարոյական իրավունք չունի ԲՀԿ-ին վերցնելու: Մենք հասկանում ենք, որ ԲՀԿ-ն կապվել է Ծառուկյանի հետ, բայց այստեղ Հովիկ Աբրահամյանը կամ մեկը իրավունք չունեն այն վերցնելու վերցնում են կուսակցության քաղաքական անցած ճանապարհը, իշխանափոխության դրո՞շը: Որևէ մեկն իրավունք չունի ձեռք տալու այն ամենին, ինչ ստեղծել է Գագիկ Ծառուկյանը՝ չլինելով դասական առումով քաղաքական գործիչ, բայց ինքը դարձավ գործոն»:

Պարոն Հարությունյանը Սերժ Սարգսյանի իշխանավարման մասին նշեց. «Սերժ Սարգսյանը կյանքից կհեռանա իշխանության մեջ. դա կլինի բնական, թե արհեստական՝ ոչ ինքը կարող է ասել, ոչ մենք: Բայց նա մարտի 1-ով եկել էր իշխանության, մարտի 1-ով էլ պիտի գնար: Հանրահավաքը արտոնված էր , ի՞նչ էր պատահել գնալ իշխանափոխության, մանավանդ որ ժողովուրդը ուզում էր: Բայց ընդդիմությունը ցույց տվեց, որ իշխանափոխությունը հանում է օրակարգից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031