Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձևը»

Մարտ 03,2015 13:30

Հարգելի գործընկերներ,

Ցանկանում եմ երախտիքս հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նմանօրինակ բանաձևի հնարավորության համար:

Մենք բարձր ենք գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում բոլոր պետությունների և միջազգային կառույցների, կուսակցությունների և կրոնական ու հասարակական կազմակերպությունների քաղաքական խիզախությունն ու կայուն կամքի դրսևորումը:

Այս բանաձևը ևս մի քայլ կարող է լինել` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ, պատվար` նոր ոճրագործ մտահաղացումների չեզոքացման համար:

2015 թվականին ՀՀ-ը իր արտաքին քաղաքականության համար ուղենիշ է սահմանել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման նոր փուլի մեկնարկը: Այսպիսի քաղաքականությունը ինքնանպատակ չէ` ուղղված միմիայն սեփական ցավի ամոքմանը:

Մենք գիտակցում ենք, որ ցեղասպանություն վերապրած ժողովուրդը, ով վերջին հարյուրամյակի ընթացքում դրսևորել է վերածնվելու ու ազգային գիտակցությունը վերարժեվորելու աննկարագրելի ջանքեր, ունի նաև իր անելիքը նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում: Ոճիրի ճանաչմանն ու դատապարտմանն հասնելու միջոցով մենք պարտական ենք վերհիշել ու հիշեցնել, դատապարտել ու քննադատել: Մեր խորհրդարանի օրակարգում են արդեն ցեղասպանության ճանաչման մի շարք նախագծեր: Յուրաքանչյուր ցեղասպանական հանցագործություն մարդկային դաժանության դրսևորում է` ծնված անպատժելիության զգացումի ուժով:

Մենք դիտարկում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որպես կարևոր հանգրվան պատմական արդարության համար մղվող պայքարում և «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու ենք այս գործընթացը:

Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի սկիզբը նախանշվել է դեռևս 1915 թվականին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի համատեղ հռչակագրով, ուր պատմության մեջ առաջին անգամ կիրառվել է «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը:

Դրանից հետո մինչ օրս բազմաբնույթ փաստաթղթեր են ընդունվել տարբեր պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:

Դատապարտող ցանկացած բանաձև, քննադատական յուրաքանչյուր խոսք ու խորհրդարանական որոշում յուրահատուկ վերաբերմունք են եղել թուրքական մերժողականության դեմ, ապացույց, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է:

Սակայն, որքան էլ ցավալի է, Ցեղասպանության 100-ամյակի նախօրերին մենք դեռ պայքարում ենք թուրքական մերժողականության դեմ: Շուրջ 100 տարի է, ինչ մի ամբողջ ժողովրդի պատմական հիշողություն ոտնահարված է: Միջազգային հարթակներում թուրքական պաշտոնական լոբբին ջանքեր չի խնայում խեղաթյուրելու պատմական արդարությունը: Թուրքիան չի գիտակցում, որ Հայոց ցեղասպանության մերժումը և պատմական ճշմարտության կոծկումը առաջին հերթին սպառնում է հենց իրեն` Թուրքիային` ժողովրդավար դառնալու իր ուղին ավելի դյուրին դարձնելու գործում:

Մենք, ամենաբարձր մակարդակով, կոչ ենք արել Թուրքիայի Հանրապետությանը՝ ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմությանն ու հիշողությանը:

Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ:

Այս համոզմունքից ելնելով` մենք մշակելու ենք մեր հետագա անելիքները:

Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` մարդասիրական նկատառումներից ելնելով:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական ասամբլեայի հարգարժան բարեկամներին երախտիքս հայտնել Համաշխարհային քաղաքականության բազմազբաղ օրակարգում Հայոց ցեղասպանության եղելությունը լսելի դարձնելու, մեր ժողովրդի ցավը կիսելու համար:

Մեր մասով, մենք միշտ հրատապ ենք պահելու «Ճանաչի´ր և դատապարտի´ր, որ չկրկնես» բանաձևը:

Շնորհակալություն ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031