Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Արսենյանը վիճարկում է բանդա ստեղծելու եւ ավազակային հարձակումներ կատարելու մեղադրանքը

Մարտ 05,2015 16:40

Տուժողները՝ նախկին ԱԺ պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ, Լինսի հիմնադրամի ԾԻԳ-ի պատասխանատուներից՝ Ատոմ Ղազազյանը, Աղվան Գրիգորյանը, Նապոլեոն Ազիզյանը, Էդուարդ Բեռզոյանը, նրանց ընտանիքի անդամները այսօր վերաքննիչ դատարան չէին ներկայացել:Նրանք նույնպիսի վարք էին դրսեւորել նաեւ առաջին ատյանի դատարանում, բացառությամբ մեկ-երկու նիստի, չէին ներկայանում:

Սա այն դեպքում, երբ մինչ օրս չի հայտնաբերված գողոնը, մինչ օրս հայտնի չէ, տուժե՞լ են, թե ոչ: Իսկ ըստ գործի նյութերի տուժել են, մասնավորապես, Էդվարդ եւ Կարեն Բեզոյանները՝ 25 000 դոլար գումար, 5.300 000 ՀՀ դրամ, 221.825 ԱՄՆ դոլարի արժողության ոսկյա իրեր, 5.300 000-ի չափով իրեր:

Նապոլեոն Ազիզյանին պատճառված վնասը «հաստատվել էր»,35 000 ԱՄՆ դոլար, 3 000 000 ՀՀ դրամ, 3000 Եվրո, ոսկյա զարդերով ընդհանուր պատճառված վնասը՝ 173 495 750 ՀՀ դրամ:

Խեղճ տուժողներից Ատոմ Ղազարյանից գողացվել էր 1200 ԱՄՆ դոլար, 50 000 ՀՀ դրամ, ոսկյա իրեր՝ 24 190 000 դրամի չափով:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, նախագահող Արմեն Դանիելյանը հրապարակեց «Բանդայի գործով» ամբաստանյալ Արթուր Մանուկյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանի՝ մեղադրող Սասուն Խաչատրյանի բացարկ հայտնելու հետ կապված կայացրած որոշումը:

Դատարանն անհիմն համարեց բացարկը, դրանում արված փաստարկները դատախազի կողմնակալության վերաբերյալ:

Եվ քանի որ դատավորներից Սերգեյ Չիչոյանը մասնակցելու էր այլ նիստով բողոքի քննության, հետեւաբար, դատարանը հետաձգեց այսօրվա բողոքների քննությունը:

Դրանք քննության կառնվեն մարտի 9-ին:

Aravot.am-ին Արտուշ Հակոբյանի պաշտպան, Հովիկ Արսենյանը տեղեկացրեց, որ բողոք բերել են այս գործով բոլոր ամբաստանյալների՝ Արթուր Մանուկյանի, Սամվել Դավթյանի, Դավիթ Գալստյանի պաշտպանները:

«Բանդայի» «պարագլուխ» Արտուշ Հակոբյանի պաշտպանի բողոքը 43 էջից է:

Պաշտպան Հովիկ Արսենյանը իր բողոքում վիճարկում է զինված, կազմակերպված խումբ՝բանդա ստեղծելու, եւ իր պաշտպանյալի գլխավորությամբ ավազակային հարձակումներ կատարելու մասին մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանն իրեն մեղավոր չէր ճանաչել:

Ըստ Հովիկ Արսենյանի բողոքի, իր պաշտպանյալը ցուցմունք էր տվել այն մասին, որ իր դեմ մեղսագրվածը նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «շոուի մաս է», որին օժանդակել է նախաքննության մարմինը իր «աբսուրդ-մեղադրական եզրակացությամբ»:

Պաշտպանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալներն իրար չէին ճանաչում, իրեն ճանաչել է միայն Արման Դալլաքյանը:

Պաշտպանը հիշատակել էր իր պաշտպանյալի խոսքերը.«Արման Դալլաքյանի կողմից իր անունը տալը, դաժան խոշտանգումների նաեւ ծեծի արդյունք է, ավելին` նրան ասել են, որ նման ցուցմունք չտալու դեպքում, կնոջը կդատեն, ինչից ելնելով Արմանը տվել է իր անունը»::

Պաշտպանական կողմը գտնում էր, որ թե նախաքննությամբ , թե դատաքննությամբ չի հիմնավորվել Արտուշ Հակոբյանին մեղսագրվող արարքները, որ Արտուշ Հակոբյանին առաջադրվել են շինծու մեղադրանքներ գործող նյութական եւ դատավարական նորմերի խախտումներով, ստեղծվել են կեղծ ապացույցներ, գոյություն չունի մեկ փաստական տվյալ, որով հիմնավորվեր, թե Արտուշ Հակոբյանը կազմակերպել, նախաձեռնել է բանդա:

Սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ լսվել է հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությունները, ձեռք չեն բերվել տվյալներ ամբաստանյալների՝ նախկինում իրար ճանաչելու, շփվելու հետ կապված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031