Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական կարգադրիչների գործով դատարան չներկայացավ վկա –դատավորը

Մարտ 09,2015 16:10

Չնայած դատավոր Նորա Կարապետյանը տեղեկացրել էր, որ ուշացումով կներկայանա Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն նիստին զուգահեռ տեղեկացրեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի ներկայանա ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ տարբեր ստորաբաժանումների պատասխանատու աշխատողների գործով հրավիրված դատական նիստին:

Միսակ Մարտիրոսյանը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ նախաքննությունն իրականացնող քննիչ Դավիթ Գեւորգյանն արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում չի եղել 2013թ.նոյեմբերի 7-ին, չի հանդիպել ամբաստանյալ Արմեն Մովսիսյանի հետ:

Դատարանն այդ կապակցությամբ հարցում էր ուղարկել տվյալ հիմնարկ, այնտեղից ստացվել էր պաշտոնական գրություն, համաձայն որի Արմեն Մովսիսյանի անձնական գործից պարզվել էր, որ քննիչը մուտք է գործել «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ եւ միայնակ չի եղել, այլ փաստաբանի՝ Գիվի Հովհաննիսյանի հետ:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց նաեւ գլխավոր դատախազին ուղղված Միսակ Մարտիրոսյանի նամակի հետը կապված գրությունը:

Ըստ այդ գրության էլ , գլխավոր դատախազին չի արվել միջնորդություն, գլխավոր դատախազության ձեռքի տակ է եղել միայն դատաքննության ժամանակ Միսակ Մարտիրոսյանի արված հայտարարության էլեկտրոնային սկավառակն ու դատական արձանագրության կրիչը:

Ինչ վերաբերում էր Միսակ Մարտիրոսյանի այն միջնորդությանը, թե դատարան հրավիրեն ամբաստանյալ Արմեն Մովսիսյանի կնոջն ու դստերը, որպես վկա հարցաքննելու, ապա այս հարցին մասամբ պատասխանեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ Ա.Մովսիսյանի կինը հայտնել է, որ չի ներկայանա դատարան, քանի որ սահմանադրությամբ արգելվում է մերձավորի դեմ ցուցմունք տալ, խնդրել է նաեւ իրեն չկանչել դատարան: Իսկ ամբաստանյալի դուստրն էլ Հայաստանում չի գտնվում եւ կներկայանա տասից տասնհինգ օրվա ընթացքում:

Այստեղ ընդվզեց Մ. Մարտիրոսյանի պաշտպանը՝ Վարդան Զուռնաչյանը, որը հայտնեց, որ ամբաստանյալի կինը պիտի անձամբ ներկայանա դատարան եւ նույն բանն ասի: Դատարանն իր դիրքորոշումն արտահայտեց մերժելով այս միջնորդությունը:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որը պաշտպանում է ամբաստանյալ Գեղամ Գրիգորյանին:

Տ. Աթանեսյանը հրապարակեց վկաների անուններ, տասնյակ, ովքեր դատարան չեն ներկայացել, սակայն դատարանում հրապարակվել են նրանց նախաքննության ժամանակ տրված ցուցմունքները: Ի դեպ, վկաներից շատերի հետ առերեսումներ էլ չեն եղել, հետեւաբար, պաշտպանական կողմի կարծիքով, անթույլատրելի պետք է ճանաչվեն այդ ապացույցները:

Տ. Աթանեսյանը հղում արեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, համաձայն որի, բոլոր ապացույցները պետք է ներկայացվեն հրապարակայնորեն, հնարավորություն տալով պաշտպանական կողմին հարցեր տալու իրավունքից օգտվելու, հավասար մրցակցության սկզբունքը պահպանելով: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից մեջ բերվեց նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի գործը: Ըստ դատարանի դիրքորոշման, անձն իրավունք ունի ցուցմունք տալ կամ չտալ :

Որպեսզի ըստ դատարանի, կանխակալության կանխավարկածը չխախտվի, նա գնահատականը կտա խորհրդակցական սենյակում, դատական ակտի կայացման ժամանակ:

Միսակ Մարտիրոսյանը վկաներից՝ Ռուզաննա Դարբինյանի հետ կապված հայտարարեց, ի դեպ, արդեն որերորդ անգամ, որ նա մինչ կգնար վեցերորդ վարչություն, հաղորդում կտար հանցագործության մասին, քրեական գործը հարուցելուց տաս ժամ առաջ արդեն քննիչը հարցաքննել է չորս անձանց:

Մեղադրող Սասուն Խաչատրյանն այս կապակցությամբ հարցրեց. «Ժամեր է նշվում: Որ ժամն է ելակետ ընդունում: Որ ժամն է ընդունում քրեական գործը հարուցելու համար»: Խոսքը 2013թ.սեպտեմբերի 23-ին ժամը 12-ին հայտարարություն տալու մասին է, իսկ նույն օրվա գիշերվա ժամը 2-ին արդեն մի քանիսը հարցաքննվել են:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031