Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կիսատ խոսքը

Մարտ 14,2015 16:30

Աղապատանքի կամ անքնության ժամերին, երբ հոգիդ բաց է երկնքի առջեւ, եւ դու խոսում ես անխոս, քանզի բոլորը քնած են եւ մեն մենակ ես աստղերի դեմ. խոսում ես զավակներիդ հետ, չասված ասելիք ես ասում կնոջդ, սիրելիներիդ, ընկերներիդ, հին եւ օր օրի մոռացվող ազգիդ թագավորներին, երկրիդ նախագահին…

Խոսում, խոսում-ասում ես ինքդ քեզ, իսկ երբ լույսը բացվում է, եւ մտնում ես օրվա շարքային երթի մեջ, որը քեզ պարտադրում է մի այլ անաստղային առօրյա` հասկանում ես, որ քո խոսքը տեղ չհասավ, մնաց կիսատ, մնաց քո գիշերվա մեջ, եւ դարձյալ մնացիր չհասկացված:

Ու անմիջապես էլ մտածում ես՝ իսկ պե՞տք է, որ հասկացված լինես: Եվ ընդհանրապես՝ կա՞ մեկը այս հողի վրա ապրած եւ ապրող, որ հասկացվել է: Չէ՞ որ բոլորի խոսքն էլ կիսատ է մնացել: Եվ ինչպես մեր չհնչեցրած եւ տեղ չհասած խոսքն է կիսատ, այդպես էլ կիսատ է մեր ապրած կյանքը:

Այո, մենք կիսված ենք երկրի եւ երկնքի միջեւ: Եվ ես չգիտեմ՝ աստղերի հեռավոր խորքերում ճանճ կա՞, թե՞ չկա: Բայց փորձիր երկրի վրա մեր առօրյա ճանճերին քշել-հեռացնել քեզնից, ճանճը անպայման կհարձակվի քեզ վրա` ճանճակերպ արժանապատվությամբ:

Ինչեւէ, ես վաղուց իմ երազներում այլեւս չեմ թռչում…

Տեր Աստված, ճախրանքի թեթեւության ինչպիսի կորուսյալ անբարբառ զգացողություն: Թռիչք, երբ դու դու ես եւ ուրիշ մեկն ես նաեւ, ով քո ներսում է, բայց դու չես ճանաչում նրան: Եվ քո ներսի անճանաչը, ով հայտնվեց կիսադեմով` քեզ թռցնում է, տանում քո հայրական տան, քո մանկության օրերի վրայով, քո ապրած կյանքի վրայով` դեպի կապույտ ստվերներ հագած սարերը…

Ուր հետո, քեզ` միամիտիդ, արդեն թվում է, թե քո չգիտակցված, բայց բաղձալի անմահությունն է թաքնվում սարերի թվացյալ հավերժ կապույտ ստվերներում: Մի տեղ, ուր ժայռերը հաշտ են ձյուների հետ, բայց ծաղիկ են երազում: Երազում են ժայռի անմահություն եւ չեն ուզում որպես ավազ հոսել գարնան ջրերի հետ:
Բայց ափսոս, որ ժայռի երազանքն ու իր ներսում անբարբառ ասած խոսքն էլ է կիսատ մնում, քանի որ ուշ կամ ավելի ուշ ավազն է շարունակելու նրա կիսատ խոսքը, բայց արդեն ավազի լեզվով: Եվ ժայռի երազած ծաղիկը, որը մի օր անպայման կբացվի, բայց արդեն սարերի ոտքերի տակ, բոլորի աչքից հեռու, մի անհայտ հովտում:
Միտքս թափառ էր: Այսօր այսպես մտածեցի, մտածեցի ու դարձյալ խոսքս մնաց կիսատ:
Եվ հիմա թող խոսի նա, ով իր խոսքն ավարտել է… Ես չավարտեցի:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031