Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը՝ Եվրանեսթի նիստում. «Ես զզվա՛ծ եմ այդ վիճակագրությունից»

Մարտ 16,2015 17:24

Այսօր Երեւանում ընթացքող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի հանձնաժողովում Եվրոպական խորհրդարանի քաղաքական բաժնի ներկայացուցիչ Պասկալ դե Միկոն ներկայացրել էր մի ուսումնասիրություն, որտեղ համեմատել էր  Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը ԵՏՄ-ի պայմանագրի հետ: Հայաստանում տնտեսական իրավիճակը ներկայացնելիս նա ընդգծել էր, որ Հայաստանի դեֆիցիտը 26,2 տոկոս է, «բավականին լուրջ առեւտրային դեֆիցիտ է, որը մասամբ վերականգնվում է օտարերկրյա փոխանցումներով, ընդ որում՝ հիմնականում ՌԴ-ից»:

Նրա հետ կռիվ տվեց եւ չհամաձայնեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով՝ «Առեւտրային լուրջ դեֆիցիտ կա, բայց դա արհեստական դեֆիցիտ է, Հայաստանն աշխատուժ է արտահանում, որը ՀՆԱ-ի հաշվարկի շփոթություն է առաջացնում: ՀԲ-ի թվերին, երբ անդրադառնում եք, զգույշ եղեք, որովհետեւ աշխարհում դեֆիցիտի հաշվեկշիռը հավասարակշռված չէ եկամտի բալանսին, հավասարակշռված եւ բացարձակ չեն այդ թվերը: Պետք է մեր ՀՆԱ-ի վրա հաշվվի, դա արտահանում է, մեր արտադրանքն է եւ այդպես էլ պետք է լինի: Հայաստանի ՀՆԱ-ն շեղված է 26 տոկոսով: 6 տոկոսի տարբերություն կա վիճակագրական ցուցանիշների մեջ աշխարհի մակարդակով, եւ այդ 6 տոկոսը թե ում միջեւ է բաշխվում՝ հարց է»:

Նա հայտարարեց. «Ես զզվա՛ծ եմ այդ վիճակագրությունից եւ ուզում եմ Եվրոստատն էլ մի բան անի՝ այն փոխելու համար: Իսկ ընդհանուր ուսումնասիրությունը գերազանց է»:

Պասկալ դե Միկոն Հրանտ Բագրատյանին պատասխանեց. «Վիճակագրական տվյալները մենք ստանում ենք ՀԲ-ից, եւ երբեմն լինում են անհամապատասխանություններ»: Նա ընդունեց, որ պարոն Բագրատյանը ճիշտ է ասում եւ այդտեղ իսկապես հաշվարկի խնդիր կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031