Լրահոս
Օրվա լրահոսը

Համայնքի ղեկավարը վարչական դատարանում պարտվել է

Մարտ 27,2015 14:15

Երեկ վարչական վերաքննիչ դատարանը, դատավոր Գալուստ Ղարիբյանի նախագահությամբ, դատավորներ Քրիստինե Մկոյանի եւ Արթուր Առաքելյանի մասնակցությամբ, կայացրեց որոշում՝ քննելով Լյուդմիլա Սարգսյանի վերաքննիչ բողոքը` վարչական դատարանի 2014 թվականի հուլիսի 17-ի վճռի դեմ:

Հայցով առաջին ատյանի դատարան էր դիմել Երեւան համայնքը՝ հանձին ՀՀ Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, պահանջելով Լյուդմիլա Սարգսյանից 391. 333 ՀՀ դրամ գումար:

Դատարանը 2014 թվականի հուլիսի 17-ին վճռել է. Երեւան համայնքի հայցը՝ ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի, բավարարել. Լյուդմիլա Սարգսյանից հօգուտ Երեւան համայնքի բռնագանձել 391.333 ՀՀ դրամ, որից ապառք` 258.750 դրամ, տույժ` 132.583 դրամ։
Լ. Սարգսյանը բողոք էր բերել:

Պարզվել էր, որ Լյուդմիլա Սարգսյանը պատշաճ ծանուցված չի եղել սույն վարչական գործով դատական նիստերի վայրի եւ ժամանակի մասին, այդ պատճառով չի կարողացել ներկայացնել իր առարկությունները։

Հայտնել է, որ նա հաշվառված լինելով այլ հասցեում (ձեռնպահ ենք մնում քաղաքացու հասցեն տպագրելուց, որպեսզի այն անհատական տվյալ չդիտվի), տասնյակ տարիներ այդ հասցեում չի բնակվում։ Նշված տունը հանդիսանում է իր նախկին ամուսնու հայրական տունը, որտեղ նա հաշվառվել է, սակայն չի բնակվել։

Լ. Սարգսյանն իր նախկին ամուսնու գերեզմանին այցելելու հետ կապված, երբ աղջկա հետ այցելել է սկեսուրի տուն՝ վերջինիս հետ գերեզման գնալու համար, վերջինս Լ. Սարգսյանին է տվել մի քանի ծրար (նամակներ), որոնք ուղարկված են եղել վաղուց։ Այդ ծրարների մեջ էր 30.08.2014թ. ՀՀ վարչական դատարանի կողմից Լ. Սարգսյանին ուղարկված ծրարը, որով ուղարկվել էր բողոքարկվող դատական ակտը։ Լ. Սարգսյանը փաստացի ծրարը ստացել է սեպտեմբերի կեսերին, որի պատճառով էլ իր կամքից անկախ պատճառներով զրկված է եղել գործի քննությանը մասնակցելու, առարկություններ, հիմնավորումներ եւ ապացույցներ ներկայացնելու իրավունքից։

Երեւան համայնքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն իր առարկություններում հղում էր արել Լ.Սարգսյանի վերաքննիչ բողոքում արված պատճառաբանությանը, թե՝ «հարկման օբյեկտ հանդիսացող ավտոմեքենան օտարել է»: Սակայն, ըստ համայնքի ղեկավարի, «մինչ օրս նշված հարկման օբյեկտը համարվում է պատասխանողի սեփականությունը»: Հիմնավորելու համար ասվածը, դատարան է ներկայացվել ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից տրված տեղեկանքը, համաձայն որի՝ «CHVROLET SUBURBAN» ավտոմեքենան 25.07.2007թ.-ից մինչ օրս հաշվառված է Լյուդմիլա Սարգսյանի անվամբ։
Ի դեպ, նշված հանգամանքի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ վարչական դատարանը, մասնավորապես հաստատված է համարել այն փաստը, որ դատարանի կողմից վերջինիս սեփականատերը համարվում է գույքահարկ վճարող եւ վճիռ կայացնելիս հիմք է ընդունել նաեւ ՀՀ վարչական դատավարության 30-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 86-րդ հոդվածի 1-ին եւ 8-րդ կետերի դրույթները։

Դատարանը վերաքննիչ բողոքը բավարարել է՝ վարչական գործով 2014 թվականի հուլիսի 17-ի վճիռը բեկանել եւ այն փոփոխել է:

Երեւան համայնքի` ի դեմս Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի, ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի` 391.333 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, մերժել։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ
26.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031