Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական գրականության պահանջարկը մեծ է». Արքմենիկ Նիկողոսյան

Ապրիլ 02,2015 14:51

Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է, որը նշվում է նաև Հայաստանում

«Հայաստանում մանկական գիրք հրատարակելը շահութաբեր է ինչպես հրատարակչությունների, այնպես էլ գրախանութների համար»,- համոզված է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, քանի որ, նրա դիտարկմամբ, ծնողները շահագրգռված են, որ իրենց երեխաները գիրք կարդան. «Նրանք կարող են իրենց շատ բաներից զրկել, բայց իրենց երեխաներին գրքերից չեն զրկում: Այնպես որ, վստահաբար կարելի է ասել, որ մանկական գրականության պահանջարկը մեծ է, և գրախանութներում դրանք ամենապահանջված գրքերն են»:

Գրականագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մանկական գրքի հրատարակման իմաստով Հայաստանում, կարծես թե, խնդիր չկա. «Բազմաթիվ մանկական գրքեր են տպագրվում պետպատվերով, ամեն տարի անցկացվում է նաև Մանկական գրքի շաբաթ, որի ընթացքում մանկագիրները մրցանակներ են ստանում: Չպետք է մոռանալ նաև այն, որ նախկինում մեր արտադրանքն էապես զիջում էր, և շատերը նախընտրում էին այս կամ այն գիրքը կարդալ, օրինակ, ռուսերենով: Բացի այդ, այսօր արդեն հայերենով ունենք աշխարհում մեծ պահանջարկ ունեցող խոսող, երգող և այլ էֆեկտներ ունեցող գրքեր, որոնք գնային առումով մեզ մոտ անհամեմատ ավելի մատչելի են»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ մենք այսօր նոր մանկագիրներ ի հայտ բերելու, ձևավորելու ուղղությամբ աշխատանք տանելու խնդիր ունենք. «Հրատարակիչների խնդիրը պետք է լինի նոր անունների ներգրավումը, թարգմանություններից ու նմանակումներից անցումը բուն հայկական բովանդակությամբ գրքերի: Մեր գրողներն էլ պետք է «թարմացնեն» իրենց: Այսօրվա հեքիաթների հերոսները ոչ թե պետք է գնան անհնարին բաներ հաղթահարելու, այլ դեպի այդտեղ տանող ճանապարհն ավելի գունեղ դարձնելու»,- ասաց գրականագետը և հավելեց, որ մանկական գրականությունն այսօր նաև ձևի ու բովանդակության հետ կապված խնդիր ունի, այսինքն՝ կան լավ ձևավորած գրքեր, որոնք վատ բովանդակություն ունեն, և հակառակը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930