Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիային հաջողվեց ստանալ ամերիկացիների «դաբրոն»

Ապրիլ 04,2015 15:30

Ռուբեն Սաֆրաստյանը մեկնաբանում է Թուրքիայի,
Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմական դաշինքի նշանակությունը

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները, քննարկել երեք երկրների միջեւ կնքվելիք ռազմական համաձայնագիրը: Այս համաձայնագրի եւ դրա հետեւանքով Հայաստանի հնարավոր մեկուսացման մասին «Առավոտը» խոսել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Նա մեզ հիշեցրեց, որ մեր հարեւան այդ երեք երկրների դաշնակցային հարաբերությունները սկիզբ են առել դեռեւս 2006 թվականից, նախաձեռնողը Թուրքիան էր, իսկ դրանից առաջ՝ 1999 թվականին, առաջարկ է եղել, որ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի ամբողջ երկայնքով ստեղծվեն համատեղ ջոկատայիններ, որոնք պետք է հսկեին նավթատարը՝ այն պաշտպանելու նպատակով: «Բայց այդ գաղափարին դեմ դուրս եկան ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն: Նույնիսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հայտարարություն արեց, որ դրա կարիքը չկա, եւ եթե դրա կարիքը լինի, ՆԱՏՕ-ն կպաշտպանի: Բայց այս գործընթացը, որի նպատակն է, ըստ էության, ներքաշելով Վրաստանին այս դաշինքի մեջ՝ մեկուսացնել Հայաստանը եւ ուժեղացնել Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, կիսատ մնաց, քանի որ 2008 թվականին ռուս-վրացական պատերազմը կանգնեցրեց այն: Վերջին այս մեկ-երկու տարվա ընթացքում նորից ակտիվացավ»,- ասում է պարոն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ հիմա գործընթացը նոր փուլ է մտել. համաձայնագիրը դարձել է ռազմական: «Ես կարծում եմ՝ սա հնարավոր դարձավ, քանի որ ուժեղացել է Ռուսաստանի եւ Ամերիկայի հակամարտությունը, Թուրքիային հաջողվեց ստանալ ամերիկացիների «դաբրոն», դրական մոտեցումը, որովհետեւ ամերիկացիները Թուրքիան ընկալում են որպես հակառուսական գործիք»,- ասում է պարոն Սաֆրաստյանը:

Մեր դիտարկմանը՝ արդյոք այս անգամ է՞լ մեծ պետությունների ձգտումներից տուժում է փոքր երկիր Հայաստանը, թուրքագետը պատասխանում է. «Ես չէի ասի, որ Հայաստանը սրանից տուժում է, որովհետեւ այն հանգամանքը, որ Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմակայան, դա արդեն նշանակում է, որ Հայաստանը դառնում է թիրախ այս ծրագրի համար: Սա ակնհայտ է: Այստեղ տուժելու կամ չտուժելու խնդիր չկա, որովհետեւ ի սկզբանե նպատակն է եղել Հայաստանը մեկուսացնել: Սա պետք է ընկալվի որպես տարածաշրջանի պառակտման քաղաքականության շարունակություն: Այսինքն՝ տարածաշրջանը երկու բեւեռների է բաժանվում, որոնք կարող են գտնվել ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի կողմը: Այսինքն՝ հակամարտությունը, որ ծավալվում է աշխարհով մեկ, տեղափոխվում է նաեւ մեր տարածաշրջան, որը ես վտանգավոր եմ համարում»: Պարոն Սաֆրաստյանը կարծում է, որ մեր հարեւան պետությունների ռազմական համաձայնագրի հետեւանքով սեպ է խրվում տարածաշրջանում, որը նաեւ տնտեսական խնդիրների առաջ է կանգնեցնելու բոլորին:

Ռուբեն Սաֆրաստյանը, համեմատելով այսուհետ երկբեւեռ դարձած մեր տարածաշրջանում կողմերի ուժերը, չի կարծում, որ Հայաստանը ավելի թույլ դիրքերում է՝ չնայած որ հակառակ կողմում ԱՄՆ-ի հովանավորչությունից օգտվող երեք պետություններ են. «Հայաստանում գտնվում է Ռուսաստանի ռազմակայանը, մենք մասն ենք կազմում ՀԱՊԿ-ի՝ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, որոնք որեւէ ռազմաքաղաքական դաշինքի անդամ չեն, նշանակում է, որ մեր դիրքերը՝ ռազմական առումով, բավականին ուժեղ են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ»

03.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    90 տարի առաջ ԱՄՆ-ն,Անգլիան,Ֆրանսիան մասերի բաժանված Թուրքիան վերականգնեցին՝սովետական Ռուսաստանի դեմ պայքարելու համար,Ռուսաստանն էլ Հայաստանի տարածքների զգալի մասը հանձնեց թուրքերին և ադրբեջանցիներին՝իր կողմը քաշելու նպատակով:Ինչպես ասում են կողմերից ոչ մեկի շահը մերի հետ չեր զուգահեռվում:Այսօր էլ նույն վիճակն է:Պատմությունը ցույց է տալիս,որ մենք պետք է լինենք այն դաշինքի անդամ,որին միանում է Թուրքիան,որովետև նա միշտ հաղթած է դուրս գալիս….

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930