Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխադարձ հարգանքի գինը

Ապրիլ 05,2015 23:56

Մի հիմնարկի տեխնիկական բաժնի պետին ազատեցին աշխատանքից:  Շեֆի հետ «յոլա» չէր գնում: Նորանշանակ բաժնի պետը առավոտյան թռուցկաժողով (պիտիմինուտկա) հայտարարեց,  որը տևեց մեկ ժամից ավելի:

Բացելով անդրանիկ հանդիպումը իրեն ենթակա աշխատակիցների հետ`  նա հանդիսավոր կերպով հայտարարեց.

-Ինչպես գիտեք, ես ձեր նոր պետն եմ, Մանվել Սամվելի Վելասյան, 79 թվի ծնված, ունեմ երկու աղջիկ, ավարտել եմ Պոլիտեխնիկ ինստիտուտը (երևի պիտի ասեր` ճարտարագիտական համալսարանը): Տասն տարվա աշխատանքային փորձ ունեմ: Հարցեր կա՞ն,-շարունակելով ճեպազեկույցը, ակնոցների վերևից խորամանկ նայելով հավաքվածներին` ասաց նա, և ինքն էլ պատասխանեց,-տեսնում եմ, որ հարցեր չկան: Ուրեմն` իրար ճիշտ հասկացանք, իմ կարծիքով` հետագայում էլ լավ կհասկանանք և համերաշխ կաշխատենք: Մեր հարաբերությունները պետք է խարսխված լինեն փոխադարձ հարգանքի և լիակատար փոխըմբռնման վրա:

Ավարտելով խոսքը, նա բութ և միջնամատերով շոյեց բնականից նեղլիկ, դուրս ցցված ճակատի քունքերը, նախօրոք զգուշությամբ քթի վրայից հանելով կարճատեսության ակնոցը:

Հավաքվածները հասկացան, որ առաջին հանդիպումը ավարտված է և լքելով պետի աշխատասենյակը` դուրս եկան միջանցք` ամեն մեկը տարված իր մտքերով:

-Իմ կարծիքով` սա այնքան էլ նորմալ ծնունդ չէ, տեսա՞ք, թե գլուխը ինչքան նեղլիկ է, ոնց որ թուրքի գլուխ, երևի մայրը դժվար է ծննդաբերել և սրան աքցանով զոռով դուրս են քաշել այնտեղից,-սրամտեց ներկաներից մեկը կամացուկ բոթելով կողքի կանգնածին:

-Տեսնես` սա ու՞մ ծանոթն է, որ բերեցին ու խցկեցին այստեղ, մեր գլխին պատուհաս է դառնալու,-տրտնջաց մեկ ուրիշը:

-Կապրենք, կտեսնենք,-խորհրդավոր կերպով մրմնջաց մյուսը:

Ամեն մեկը իր հերթին մի-մի պիտակ կպցնելով Մանվել Սամվելիչին, համերաշխորեն բաժանվեցին իրենց աշխատատեղերը:

Պետի արտաբերած փոխադարձ հարգանք կոչվածը ամեն մեկը յուրովի հասկացավ: Օրինակ, եթե նրա տեղակալ Փայլակ Փայասլյանը բաժնի պետին Մանվել Սամվելիչ է ասելու, ապա նա էլ, բնականաբար, պետք է իրեն ասի` Փայլակ Թաթուլիչ, իսկ հաշվապահ Սիրանույշին` Սիրանույշ Սարխոշևնա,  տնտեսագետ Վիտալիկին` Վիկտոր Միխալիչ: Իրարից անկախ` Սիրանույշ  Չիլբարյանը և Վիկտոր Սավչենկոն նույնպես այդպես էին մտածում: Իսկ եթե անուն-հայրանունով չի ասելու, ապա պետք է գոնե օգտագործի «տիկին» կամ «պարոն» եզրույթները: Ասենք` պարոն Փայասլյան: Բայց  բաժնի մատակարարման հարցերով զբաղվող Հարություն Փորսուղյանը, որին շատերը հենց այնպես` Հարութ էին ասում, այլ կերպ էր մտածում:

-Մանվել Սամվելիչը վերադաս է, իսկ մենք` ստորադաս և պարտադիր չէ, որ վերադասը հարգի ստորադասին ու նույն ձևով դիմի,-ասում էր նա:

Կոլեկտիվի մի մասն էլ, ընդհանրապես, անտարբեր էր այդ հարցերի նկատմամբ և դրանց մատների արանքով էր նայում: Ինչպես ասում են` ինչքան մարդ, այնքան կարծիք, չարժե դրա համար գլուխ կոտրել կամ ողբերգություն սարքել:

Օրերը անցնում էին և կարծես տեխնիկական բաժնում աշխատանքը բնականոն հունով առաջ էր ընթանում:

Բայց այդ ընթացքում,  մի առիթով Մանվել Սամվելիչը  իր մոտ կանչեց Փայլակ Փայասլյանին:

-Ա’յ տղա,-դիմեց նա (ինչպես տեսաք, Փայլակ Փայասլյանը նրանից հետո բաժնի երկրորդ դեմքն էր):

-Ի՞նչ է, ա’յ ջահել,- հեգնանքով պատասխանեց Փայլակ Փայասլյանը:

-Էդ ի՞նչ տոնով ես հետս խոսում,-զարմացավ Մանվել Սամվելիչը:

-Քո’ տոնով,-դիտմամբ շեշտեց Փայլակ Փայասլյանը  առաջին դեմքով:

-Ուրեմն ճիշտ էի գուշակել, որ դու ընդդիմություն ես, սա էլ, հաստատ քո ձեռքի գործն է,-ասաց բաժնի պետը` ցույց տալով պատին կախված «Քաղաքավարության Քսան Կանոնները» պաստառը:

-Ես դրա հետ կապ չունեմ, բայց հիանալի ու ճիշտ կանոններ են,-ասաց Փայլակ Փայասլյանը:

-Նույնը Սիրուշն էր ասում ու դեռ համոզում, որ ես կոպիտ մարդ եմ, չարություն կա մեջս, գործից էլ լավ չեմ հասկանում, բա էդպես ե՞ն խոսում պետի հետ:

-Ոչ թե Սիրուշը, այլ Սիրանույշ Սարխոշևնան,-ուղղեց Փայլակը:

-Չէ’ մի,-զարմացավ պետը,-քեզ էլ Փայլակ Թաթուլի՞չ կամ պարոն Փայասլյան պիտի ասեմ, հա՞,-զարմացավ նա:

-Իսկ ինչու՞ ոչ,-հարցին հարցով պատասխանեց Փայլակը,-տիկին Սիրանույշը պատկառելի տարիքի կին է, շուտով թոշակի է անցնելու, Ղարաբաղում շրջապատման մեջ է ընկել և հազիվ դուրս պրծել` ստանալով հոգեբանական վնասվածք, իսկ ես էլ քեզանից հինգ տարով մեծ եմ:

-Բա էդ Վիտալիկը հասարակ տնտեսագետ չի՞, ասում է, որ իր հետ էլ անուն հայրանունով կամ պարոնով պիտի խոսեմ: Տո’, որ բոլորի հետ անուն-հայրանունով կամ պարոնով խոսեմ, բա անծանոթները, որ գալիս են բաժին, ո՞նց են ջոկելու, թե այստեղ պետը ո՞վ է:

-Բայց դու, հենց առաջին օրն ասացիր, որ պետք է լինի փոխադարձ հարգանք և փոխըմբռնում,- շեշտելով «դուն» ասաց Փայլակը:

-Իսկ Հարութը այդպես չի մտածում, որը 61 տարեկան է, սահմանային կռիվների մասնակից, հաշմանդամ, աշխատանքային վետերան,  բազմաթիվ շքանշաններով պարգևատրված:

Այդ վիճաբանության թունդ պահին հանկարծ  ներս  է մտնում Հարություն Փորսուղյանը:

-Բարև’ Ձեզ, պարոն Մանվել Սամվելի’չ  ջան, ո~նց եք, հալ-քեֆ, բան–ման պետք չի՞:

-Հա’, Հարու’թ ջան, պետք է, ճիշտ ժամանակին ես եկել-ասաց պետը,-գնա, բուֆետից մի քիչ հաց ու երշիկ բեր, ընդմիջումը մոտենում է:

-Հենց հիմա գնամ, պարոն Մանվել Սամվելի’չ ջան,-ասաց Հարություն Փորսուղյանը և արագ դուրս թռավ աշխատասենյակից` չսպասելով, որ պետը գրպանից ձեռքը հանի, որը տարել էր այնտեղ` իբր դրամապանակից գումար հանելու նպատակով:

-Տեսա՞ր,-զվարթացավ պետը,-ա’յ, քաղաքավարի մարդ, օրինա’կ վերցրեք:

-Քծնել չեմ սիրում. այս կանոնները իզուր չէ, որ կպցրել են այստեղ,-քրթմնջաց Փայլակը:

-Այդ կանոնները վաղուց գիտեմ և դրանք կիրառում եմ վերադասի նկատմամբ,-նետեց Սամվելիչը:

-Թթու է, թան չէ,  ամեն մարդու բան չէ.-խայթեց Փայլակ Փայասլյանը և դուրս եկավ պետի աշխատասենյակից` ավարտած համարելով խոսակցությունը:

Գործերի բերումով տեխնիկական բաժնին լրացուցիչ աշխատանքային նոր մակերես տրամադրեցին և Մանվել Սամվելիչը որոշեց դրա հաշվին իր առանձնասենյակի  պայմանները բարելավել, իսկ որպեսզի աշխատասենյակի դատարկ տարածքը շատ աչք չծակի միջանցքից ներս բերել տվեց մի քանի հին-մին գրապահարաններ, երկու սեղան (համակարգչի և հեռախոսների համար), մի քանի  աթոռ, երկու չհրկիզվող պահարան և էլի տարբեր մանր-մունր բաներ: Սենյակը լցվեց գրասենյակային իրերով և զբաղված տարածքի տեսք ընդունեց:

-Վաղվանից կտեղափոխվես ինձ մոտ, Սիրուշի հետ դժվար է նույն սենյակում գոյատևել,- մի քանի օր անց միջանցքում հանդիպելով Փայլակին ասաց պետը:

-Ախր…,-խոսքը չվերջացրեց Փայլակը:

-Ոչ մի առարկություն չեմ ընդունում, դու ժամանակին գալիս ես աշխատանքի, չես ուշանում, ժամանակից էլ ուշ տուն ես գնում, բան է, գործով եթե տեղ գնամ, կփոխարինես ինձ, ներքին կարգով հրաման կտամ, տնօրենի տեղակալի հետ համաձայնեցրել եմ:

Իհարկե, Փայլակը դժկամությամբ ընդունեց պետի առաջարկը, բայց ճարն ի՞նչ:

Այդպես մի որոշ ժամանակ խաղաղ աշխատում էին ու մի օր էլ պետը` թե.

-Ա’յ, տղա, այդպիսի գործ եք ձեռնարկում ու ինձ տեղյակ չեք պահու՞մ:

-Ի՞նչ գործ Մանվել,-զարմացավ Փայլակը` դիտմամբ հայրանունը չասելով:

-Ռացիոնալիզատորական (երևի պիտի ասեր նորարարական) առաջարկ եք ներկայացրել Վիտալիկի հետ ու իմ անունն էլ եք գրել…

-Ի՞նչ է, դժգո՞հ եք,-խորամանկ ժպտաց Փայլակը` գիտենալով, որ նա իսկի էլ դժգոհ չէ:

Ասեմ, որ պետի անունը դիտմամբ էին գրել նորարարական առաջարկության տակ, որ այն անցներ, թե չէ խոչընդոտներ կհարուցեր անպայման, ինչպես նախորդ անգամներին մերժվել էին «տնտեսապես և տեխնիկապես անշահավետ» լինելու պատրվակով և  կասկած կար, որ Մանվել Սամվելիչի մատը խառն է դրա մեջ:

-Ո’չ, դժգոհ չեմ,-փափկեց նա,-անհարմար դրության մեջ ընկա, երբ զանգահարեցին ու տեղեկացրին, որ վաղը քննարկման է դրվելու մեր առաջարկը, իսկ ես բանից տեղյակ չեմ…

Մանվել Սամվելիչը այս անգամ խայծը կուլ տվեց, և նրա եռանդուն ջանքերի շնորհիվ առաջարկությունը ընդունվեց, իսկ արդյունքում մի կլորիկ գումար պարգևատրում ստացան:

Մանվել Սամվելիչը գրեթե միշտ աշխատանքից ուշանում էր, իբր գործով տեղ է գնացել: Բայց նա շատ էր սիրում առավոտյան քնել, հետո շուկա կամ խանութ էր գնում, փոքր աղջկան տանում մանկապարտեզ, կնոջը օգնում տնային գործերում… Ուշացած ներս էր ընկնում առանձնասենյակ և անմիջապես Փայլակին  հարցնում.

-Ինձ մարդ չի՞ զանգել:

Լսելով Փայլակի կտրուկ «այոն» կամ «ոչը» փռվում էր բազկաթոռին ու մի քանի անգամ խորը շունչ քաշում, ինչպես բռնցքամարտիկը յուրաքանչյուր հաջորդ ռաունդից հետո, գրպանից հանում էր թաշկինակը, խռնչոցով մաքրում էր քիթը, ապա միացնում դիկտաֆոն-սելեկտորն ու իր մոտ կանչում որևէ աշխատակցի: Հաճախ վեճի էր բռնվում հրավիրյալի հետ, իսկ եթե այն դրական վախճան էր ունենում, ապա վերցնում էր թղթապանակը ու իբր վերադասի մոտ է գնում, հակառակ պարագայում զանգում էր մեկ ուրիշին և նրա վրա թափում զայրույթի դառը պտուղները:

Եթե տնօրենի տեղակալը զբաղված էր լինում, ապա գնում էր տեղակալի օգնականի մոտ: Երբ նա էլ տեղում չէր լինում, բաժին էր վերադառնում զայրացած ու չէր իմանում` ինչ անել: Մի քիչ «օ~ֆ-ու~ֆ» էր անում, ակնոցների տակից խորամանկ նայում Փայլակի կողմը, ծոցագրպանից հանում սեփական հեռախոսագիրքը, ընտրում հարմար հեռախոսահամարը ու զանգահարում.

-Բարև’ ախպեր, գործերդ լա’վ ե՞ն, չիմացար` ո՞վ է խոսում, վա’յ, քո անսլուխ (երևի պետք է ասեր` բաղաձայն), զբաղված ե՞ս, դե’, լա’վ, հետո կզանգեմ:

Հետո հավաքում էր հաջորդ հեռախոսահամարը:

-Իմացար` ո՞վ է, գործերդ ո՞նց են, լավ ե՞ն: Մոռացել ե՞ս: Հ՜ի, հ՜ի, հի՜…

Պատահում էր, որ տարված լինելով հեռախոսազրույցով` մեկ էլ կայծակնահար վեր էր թռչում տեղից, թղթապանակը դնում թևի տակ ու դռների արանքից ձայնում Փայլակին.

-Գնում եմ վերադասի մոտ, կանչել են:

Բայց  հո Փայլակը գիտեր, որ նրա վերադասը շուկան էր, խանութը,  մանկապարտեզը կամ վատագույն դեպքում` տունը:

Լինելով սկզբունքային մարդ` Փայլակը հաճախ էր քննադատում  նրա աշխատանքային ոճը, աշխատողների հետ անտակտ վարվելակերպը, գործից գլուխ չհանելու պարագան:

Ու մի օր էլ` թե.

-Մեր գործերը սկսել են վատ ընթացքով շարժվել, ընկե’ր Փայլակ:

-Անհրաժեշտ նյութերի մատակարարումը նվազել է,-ասաց Փայլակը,- ես Ձեզ դրա մասին զեկուցել եմ:

-Հարու¯թ,-կանչեց նա:

Հարություն Փորսուղյանը նույն պահին տնկվեց պետի սեղանի մոտ.

-Ասա’, պարոն Մանվել Սամվելի’չ ջան:

-Ինչու՞ ժամանակին անհրաժեշտ նյութերով չես ապահովում բաժինը:

-Սնաբժենին (պիտի ասեր` մատակարարման բաժինը) չի տալիս:

-Բայց երեկ հեռախոսով ինձ խոստացան, որ ամեն ինչ կտան:

-Ձեզ խոստանում են, բայց ինձ չեն տալիս…

-Հենց հիմա կզանգեմ, գնա’,-ու վերցրեց հեռախոսափողը:

Իսկ Հարութը միջանցքում բողոքում էր, չգիտես, թե ո՞ւմ:

-Ոչ մի բան չեն տալիս, հետները կռվել է, հարաբերությունները փչացրել, ապուշի մեկն է:

Հարութն էլ էր կարծես սկսում ընդդիմանալ:

Իսկ բոլորովին վերջերս Սամվելիչը գազազած ներս ընկավ աշխատասենյակ, դիմելով Փայլակին՝ որոտաց.

-Լսի’ր, քեզ կարգին մարդ էի համարում, վերադասի մոտ գովում էի, գիտության Պելե անվանում, պարգևատրման արժանացրի, հիմա մատերիալ (պիտի ասեր` հոդված) ես գրում վրա՞ս:

-Ի՞նչ հոդված, ի՞նչ բան,-զարմացավ Փայլակը:

-Քո մատը խառն է այդ գործում,-եզրափակեց նա,-իզուր չարդարանաս:

Փայլակը երդվեց, որ հեղաշրջման փորձ չի կազմակերպել, ահաբեկչությամբ չի զբաղվել: Բայց գլխի ընկավ, որ մամուլում  գրված հոդվածն է պատճառը, որը տարածել էին նաև համացանցի ֆեյսբուքում:

-Բայց ամեն ինչ կարծես ճիշտ են գրել,-ասաց Փայլակը հանդարտորեն:

Սամվելիչը ավելի տաքացավ ու նետեց.

-Չէ’, միևնույնն է, քո մատը խառն է, ամբողջ երկրով, չէ ամբողջ աշխարհով խայտառակ եղա:

-Այդպես էլ է լինում, տեղեկատվական դար է,-ասաց Փայլակը ու դուրս եկավ աշխատասենյակից:

Երբ Սիրանույշը այդ մասին իմացավ, իրեն հատուկ ջանադրությամբ սկսեց.

-Գիտե՞ք` Մանվել Սամվելիչը պարգևատրում է գրել Սահակի ու Մանուկի վրա ու գրպանել, բաժնի նոթբուքը տուն է տարել,  աղջկան նվիրել, մատակարարման ակտերը ստորագրել է, բայց սարքերի շուկայական գինը չի ստուգել, իսկ նոր քարտուղարուհի Մանուշի հետ էլ ասում են սիրաբանում է…

Փայլակ Փայասլյանի  քննադատությունը և հաճախակի ընդհարումները բաժնի պետ Մանվել Սամվելիչի հետ տվեցին անցանկալի բացասական արդյունք:

Կոլեկտիվի պահանջով ընդհանուր ժողով հրավիրեցին, վերադասին էլ կանչեցին` բաժնում գործերի վիճակը քննարկելու և լարված մթնոլորտը թուլացնելու նպատակով: Նրանք, այսինքն` ընդդիմության անդամները, սուր քննադատական  ելույթներ ունեցան, այսպես ասած` պատռեցին պետի դիմակը, իսկ նրա համախոհները գովասանական ելույթներ ունեցան, չեզոք զանգվածն էլ, ինչպես միշտ, լռեց և անտարբեր մնաց: Վերջում ընդարձակ ճառով հանդես եկավ վերադասը, այսինքն հիմնարկի տնօրենը:

-Այստեղ ելույթ ունեցան ընդդիմադիրները,-նա հայացքը սահեցրեց ընդդիմության անդամների վրայով,-քննադատեցին Մանվել Սամվելիչին, մյուսները,-նա հայացքը սահեցրեց պետին գովաբանողների վրայով,-ընդհակառակը, գովաբանեցին, կային նաև մարդիկ, որոնք անտարբեր գտնվեցին կոլեկտիվի շահերը պաշտպանելու գործում: Լսեցինք սուր քննադատություն, գործի նկատմամբ  սրտացավություն, կային նաև դրվատանքի խոսքեր, բայց ոչ ոք չխոսեց բաժնի մշակութային աշխատանքի մասին, պարոններ, կուլտուրական (երևի պիտի ասեր մշակութային) միջոցառումների կազմակերպման, բաժնում տարվող հոգեբանական մթնոլորտի բարելավման մասին, մանր-մունր բաների ետևից ընկած` մոռացել եք ամենակարևորը. մենք անկախ պետություն ենք կառուցում, մեզ մեծ գաղափարներ են պետք, համակարգային բարեփոխումներ են հարկավոր: Ես ճանաչում եմ Մանվել Սամվելիչին (իհարկե կճանաչի, իր դրածոն է,-մտքում ասաց Փայլակ Փայասլյանը): Իսկ ինչ վերաբերում է քաղաքավարությանը, կարող եմ ասել, որ նա շատ քաղաքավարի ու նրբանկատ մարդ է, ունի չափի զգացում ու զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող է նա այլ կերպ  վարվել, և դուք դժգոհ ե՞ք այդպիսի մարդուց,-նա հայացքը ևս մեկ անգամ սահեցրեց ընդդիմության հատվածի վրայով,-գնացե’ք, քարը փեշներիցդ թափե’ք և հաշտ ու խաղաղ աշխատե’ք:

Ժողովը վերջացավ, բոլորը մտահոգ դուրս եկան միջանցք. փաստորեն ամեն ինչ մնաց իր տեղում:

Անցավ որոշ ժամանակ: Բարեփոխումների հիմնական ջատագովներից մեկը` Սիրանույշ Չիլբարյանը վախճանվեց հիվանդանոցում սրտի անբավարար աշխատանքի հետևանքով, Փայլակ Փայասլյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից` «իր դիմումի համաձայն` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ» ,Վիկտոր Սավչենկոն կնոջ հետ գնաց իր աղջիկների մոտ, որոնք հարազատ Ուկրաինայում ավարտելով ԲՈՒՀ-ը Հայաստան չվերադարձան, իսկ Հարություն Փորսուղյանն ու հարմարվողական մեծամասնությունը ինչպես միշտ, մնացին իրենց գործին:

Բայց, երևի տնօրենը զգացել էր ժամանակի հրամայականը և Մանվել Սամվելիչին շուտով ազատեց իր զբաղեցրած պաշտոնից` բաժնի աշխատանքները ձախողելու համար և նշանակեց իր տեղակալի օգնական: Հիմնարկի տեխնիկական բաժնի նոր պետ նշանակվեց վերադասի ծանոթ տղաներից մեկ ուրիշը:

Լուսահոգի տատս էր ասում` աշխարհի գործերը աստիճանների նման են, մեկը բարձրանում է այդ աստիճաններով դեպի վեր, իսկ մյուսը` ցած իջնում: Պատահում է նաև, որ վերևինը թրմփալով ցած է գահավիժում և հիվանդանոց տարվում, իսկ ցածի կանգնածն էլ՝ վեր է խոյանում հրթիռի նման և անհետանում: Եվ այդպես շարունակ:

ՍԻՄԱԿ  ԳԱԼՍՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930