Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ապրիլի 24-ի մեր ուղերձը

Ապրիլ 13,2015 18:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

Արամ Աբրահամյան.- Մենք բավականին երկար ժամանակ ապրել ենք թե Խորհրդային, թե անկախ Հայաստանում, ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ ինչպես էինք մենք այս ամբողջ ընթացքում ոգեկոչում ապրիլի 24-ը:

Կարինե Աճեմյան.- Նախ հարցն է տարօրինակ՝ դուր գալու-չգալու հարց չկա: Ես փոքր ժամանակից մասնակցել եմ այդ արարողություններին՝ հայրս, մայրս շատ լուրջ էին վերաբերվում այդ ամենին: Մերոնք Վանից գաղթել են, 11 երեխաներից ողջ է մնացել միայն պապս, ու 11 երեխաները տղաներ են եղել: Տարիներ շարունակ ես մտածում եմ գնալ Վան, բայց չեմ կարողանում ինչ-որ բան հաղթահարել: Ես ուզում եմ ասել, որ մենք կորուստ ենք ունեցել, ես հասկանում եմ, որ դա մշակույթ է, որ մանկուց պետք է ներդրվի երեխայի մեջ, ոչ թե ամբողջ տարին սգաս կամ սգի մեջ ապրես, այլ դու անպայման այդ օրը հարգես հիշատակը: Չնայած որ միայն այդ օրը չի, մենք եւ այն ժամանակ՝ խորհրդային տարիներին, եւ հիմա դրա մասին խոսում ենք, իսկ այս տարի ավելի շատ, որովհետեւ 100-ամյակն է: Իհարկե, շատ բան է փոխվել կյանքում, եւ խոսքի ազատության, գործողությունների ազատության պատճառով մարդիկ որոշակի ցինիզմով են արդեն ամեն ինչին վերաբերվում, դա իր դրոշմը դրել է այս օրվա վրա:

Ա. Ա.- Պարզ է, որ ապրիլի 24-ին պետք է գնանք Ծիծեռնակաբերդ, բայց ինչ խոսքերով, ինչ զգացմունքներով, արդյոք զոհի բարդույթո՞վ, թե՞ հպարտությամբ: Եվ ինչո՞վ ենք հպարտանում՝ նրանով, որ դիմադրե՞լ ենք, թե՞ նրանով, որ մեզ մորթել են:

Ստեփան Սաֆարյան.- Գիտեք, խառն է իրականում՝ զգացողությունները նկատի ունեմ: Երեւի ամեն մարդ ինքն է փորձում հասկանալ` ինքը ինչ է զգում, երբ տարբեր տարիների բարձրանում է Ծիծեռնակաբերդ: Այսպես ասեմ` «մեռելոցի» նման մի բան է նաեւ, ճիշտ այնպես, ինչպես մենք մեր հարազատների շիրիմներին ենք այցելում, այդ օրն էլ ընտրված է շիրիմ չունեցող մեր եղբայրների, նախնիների, հարազատների համար: Ինչ-որ սգի տարր կա անպայման: Բայց հիշում եմ նաեւ մանկուց՝ դա կլինի Սովետական Հայաստանի օրոք, թե անկախ Հայաստանի օրոք, դա նաեւ քաղաքական ակցիա էր, դրա մասին հայտարարվեր, թե չհայտարարվեր՝ դու ուզում ես ազգի մի մասը կազմել այդ բողոքի ժամանակ: Իհարկե, Ցեղասպանությունը ցավ է, Ցեղասպանությունը նաեւ պիտի ասեմ՝ ամոթ է, որովհետեւ ամեն ազգ չի, որ այդ ոճրին ենթարկվել է, եւ այստեղ, բնականաբար, նույնպես մտածելու խնդիր ունենք. ես չեմ ուզում շատ պատմության մեջ մտնել, քննարկել սխալները կամ անբարենպաստ զարգացումները, որոնք այլ ուղղություններով ընթացան եւ մեզ տարան:

Կ. Ա.– Զոհի կարգավիճակը այնքան էլ լավ բան չէ:

Ս. Ս.– Այո: Հիմա երեւի ամփոփեմ, քանի որ նաեւ ուզում եմ առաջին հարցին արձագանքել: Սգո մշակույթը, քանի որ մենք ասացինք՝ այս ամեն ինչում է՝ ե՛ւ ոգեկոչման, ե՛ւ ապրելու, դիմակայելու, ե՛ւ սխալները միգուցե քննարկելու թեկուզ քո ներսում:

Ա. Ա.- Փորձեք մի հատ սխալները քննարկել, լավ գիտեք՝ ինչ է լինելու..

Ս. Ս.– Ինձ դա չի սարսափեցնում: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունն էլ է աստիճանաբար բացվում, եւ ապագան տանելու է հենց այդ բազմակարծության, բազմաձայնության ճանապարհով: Բայց սգո մշակույթը, հանուն արդարության ասենք, չի աղավաղվել հենց հիմա ու չի աղավաղվել միայն Ցեղասպանության ոգեկոչման կամ 100-րդ տարելիցի հետ կապված, ճիշտ այնպես, ինչպես մենք աղավաղել ենք սովորական շիրմաքարեր կառուցելու երեւույթը` դամբարաններ եւ այլն..

Ա. Ա.- 100-ամյակը` ապրիլի 24-ը, պե՞տք է տարբերվի մնացածից, ինչո՞վ:

Կ. Ա.- Իհարկե, պետք է տարբերվի: Ես գտնում եմ, որ այդ ծրագիրը՝ միջոցառումները, հռչակագիրը, Կոմիտասի տուն-թանգարանի բացումը, հենց 22-23-ը մեծ ֆորում է իրականացվելու, եւ ընդհանրապես՝ այդ ընթացքը շատ գրագետ արված, մտածված մի համալիր ծրագիր է, եթե ճիշտ իրականացնենք, բնականաբար՝ ամեն ինչ իր տեղը կընկնի, որովհետեւ մենք խոսք ունենք ասելու եւ այդ խոսքը տեղ հասցնելու: Իհարկե, պետք է տարբերվի, որովհետեւ 100 տարին է լրանում, եւ դրսից շատ ու շատ հյուրեր ենք ունենալու, գերխնդիրը հավաքելը չի, մեր գերխնդիրը ի վերջո Ցեղասպանության ճանաչումն է:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930