Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անուշ Արշակյան. «Ցանկացած անորակ բան home video-ով կարելի է նկարել եւ հայտնի դառնալ` լայքերի քանակով» (Տեսանյութ)

Ապրիլ 14,2015 14:01

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում երգչուհի, արվեստի վաստակավոր գործիչ Անուշ Արշակյանը եւ երաժշտագետ, Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոս, արվեստագիտության թեկնածու Նունե Աթանասյանն իրենց մտահոգությունները հայտնեցին` հայկական երգարվեստի օտարացման, ազգային երաժշտական ժառանգության պահպանման համար:

Լրագրողների հարցին` մշակույթի նախարարությունը չի՞ թերացել իր գործում, կատարո՞ւմ է այդ առումով իր վրա դրված պարտականությունները` Նունե Աթանասյանը պատասխանեց. «Ես կարող եմ խոսել միայն այն աջակցության մասին, որն ինքս եմ իմ գործի բերումով տեսել մշակույթի նախարարության կողմից: Անշուշտ, մենք անելիքներ շատ ունենք: Մշակույթի մարդիկ սովոր են աշխատել, որովհետեւ իրենք սիրում են իրենց գործը, նվիրումով են աշխատում, իրենք հասկանում են այն կարեւորությունը, որն իրենց մեջ կրում են: Իրենք շարունակում են այն երախտավորների գործունեությունը, որոնք մինչ այժմ պահպանել են եւ ավանդել են մեզ: Իհարկե, մշակույթի նախարարությունը, որպես հովանավոր, կարող էր ավելի ակտիվ գործունեություն ծավալել: Եվ ոչ միայն մշակույթի նախարարությունը, ԿԳ նախարարությունը նույնպես: Դպրոցից պետք է սկսել այդ աշխատանքը»:

Լրագրողների դիտարկմանը, որ եթե արաբական երաժշտություն է եթերում, մարդիկ սկսում են դա լսել, առաջարկով է պայմանավորված պահանջարկը, ժողովրդական եւ դասական երաժշտություն եթերում շատ քիչ է հնչում` Նունե Աթանասյանը պատասխանեց. «Եթե կան մարդիկ, որոնք գերադասում են այդ երաժշտությունը, ուրեմն այն պետք է գոյություն ունենա: Դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Մենք պետք է դրան հակառակ ներկայացնենք այն մշակույթը, որը գուցե ավելացնի իր ջոկատը»:

Անուշ Արշակյանի դիտարկմամբ` «Մենք մի քիչ կոսմոպոլիտ ազգ ենք, մենք ավելի շատ սիրում ենք լինել աշխարհի քաղաքացի, քան հայրենասեր: Մեզ համար հայրենասիրությունը կախված է նեղ մտածելակերպի հետ: Բայց դա այդպես չէ: Իրական հայրենասերը նա է, ով օբյեկտիվորեն կարողանում է գնահատել իրականությունը եւ իր ազգի դերն այդ իրականության մեջ: Սփյուռքում շատ հայրենասերներ եմ տեսնում, որոնք ապրելով օտար միջավայրում, այնուամենայնիվ, հայ են: Հայերը ցանկացած տեղ մի քիչ տարբերվում են»:

Նունե Աթանասյանը, խոսելով ժողովրդական երգի մասին, ասաց, որ այդ երգերը հաճախ հյուսվում էին գեղջկական միջավայրում: Բայց հիմա մեր գյուղը փոխվել է եւ գյուղացին չի ապրում այնպես, ինչպես 1 դար առաջ. «Ինքը երգով չի ուղեկցում իր կենցաղը: Երգը ծնվում էր հենց կենցաղում: Նա աշխատելիս երգում էր, ողբալիս երգում էր, նանիկ ասելիս երգում էր: Մենք այսօր ունենք այն նմուշները, որոնք պետք է ուղեկցեն մեզ, պետք է մեր գենետիկական ճաշակը զարգացնեն»:

Aravot.am-ի հարցին` ո՞վ է մեղավոր երգարվեստում, մշակույթի դաշտում ստեղծված իրավիճակի համար, ո՞վ է մեղավոր նրա համար, որն այսօր ով փող ունի, կարողանում է տեսահոլովակ հանել եւ եթերում մատուցել իր ուզած այդ «որակը», ո՞վ է իրավասու վերահսկել դաշտը, որ չի վերահսկում` Նունե Աթանասյանը պատասխանեց. «Համաձայն եմ, դաշտը չի վերահսկվում: Ցենզուրա հասկացողությունը վերացել է, բոլորն իրավունք ունեն անել այն, ինչ ուզում են: Մեղավորներին փորձում եմ չփնտրել, այլ ավելի լավ կատարել իմ աշխատանքը, ավելի շատ ուսանողների մեջ ազգային դաստիարակություն սերմանել: Իմ ճանապարհը դա է»:

Անուշ Արշակյանը պատասխանեց. «Պարտադիր չէ փող ունենալ` որակյալ տեսահոլովակ նկարահանելու համար: Այժմ մի քիչ իրադրությունը փոխվել է, կա ինտերնետ եւ ցանկացած անորակ բան home video-ի ձևաչափի մեջ կարելի է նկարահանել եւ հայտնի դառնալ` լայքերի քանակով: Սա քաղաքակիրթ աշխարհի չարիքն է»:

Մեր հարցին` սոցիալական վիճակը կապ ունի՞ այսօր այդ դաշտում տիրող խառնաշփոթի հետ, այսօր երգիչները չեն կարողանում բեմում գումար վաստակել, ռեստորաններում են երգում, այնտեղից էլ բերում են մի ուրիշ որակ` Անուշ Արշակյանը պատասխանեց. «Այո, կարող է ազդել, որ երգիչը ստիպված ինչ-որ կոմպրոմիսների է գնում եւ ինչ-որ տարրեր է խառնում երգի մեջ: Մեղադրելու չի»:

Ասուլիսի վերջում Անուշ Արշակյանը անակնկալ մատուցեց լրագրողների համար եւ երգեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930