Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի սպանության մասին ավելի շատ բան գիտեն, քան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի

Ապրիլ 14,2015 20:12

«Գելափ ինթերնեյշնլ ասոցիացիան» հրապարակել է «Սոցիալ-տնտեսական-քաղաքական հիմնախնդիրների ուսումնասիրություն» խորագրով հարցման արդյունքները: Այն անցկացվել է հեռախոսազանգի միջոցով 1500 քաղաքացիների շրջանում: Հիմնականում քաղաքացիներին տրվել են իրենց սոցիալական, հոգեբանական վիճակին վերաբերող հարցեր, օրինակ՝«Ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք Ձեր կյանքով», կամ «Ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսական վիճակը», «Ձեր կարծիքով՝ Դուք /Ձեր ընտանիքը/ ﬔկ տարի հետո ներկա դրության հաﬔմատ ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ կապրեք», հարցեր կան նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:

Հարցերի մի խումբ էլ վերաբերում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հրեշավոր սպանությանը: Հարցվածների 99.9 տոկոսը տեղյակ է այդ սպանությունից: Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ըստ հարցման արդյունքների՝ հանրությունն ավելի պակաս տեղյակ է, քան Գյումրիի հրեշավոր սպանության փաստին: Հարցին` որքանո՞վ եք տեղեկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներից, հարցվածների 37 տոկոսը պատասխանել է՝ «ավելի շուտ տեղեկացված եմ», 36 տոկոսը` «ավելի շուտ տեղեկացված չեմ»:

Հարցին` տեղյա՞կ եք արդյոք հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին, հարցվածների 99.9 տոկոսը պատասխանել է «այո»: Կամ հարցվածների 87 տոկոսը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի մոտ ձերբակալուﬕց հետո Պերմյակովը պետք է հանձնվեր Հայաստանին: Հարցին`ո՞րն է այդ հանցագործության իրականացման/կազմակերպման առավել հավանական տարբերակը, 40 տոկոսը պատասխանել է, թե «Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ»:

87 տոկոսը կարծիք է հայտնել, թե «Պերմյակովին պետք է դատել ՀՀ-ում՝ ՀՀ օրենքներով», 49 տոկոսի կարծիքով՝ նրան պետք է մահապատիժ տրվի: Իսկ այն հարցին, թե ովքե՞ր պետք է իրականացնեն Գյումրիում տեղի ունեցած հանցագործության հետաքննությունը, հարցվածների 35 տոկոսը կարծիք է հայտնել, թե «հայ քննիչները», 59 տոկոսի կարծիքով՝ այն պետք է իրականացվի համատեղ՝ հայ և ռուս քննիչների կողմից: Հարցվածների 78 տոկոսը կարծում է, որ «հասարակությունն այդպես էլ չի իմանա հանցագործության իրական պատճառների մասին»: 49 տոկոսի կարծիքով` Պերմյակովի համար պետք է մահապատիժ սահմանվի, 88 տոկոսի կարծիքով` Պերմյակովը պետք է կրի պատիժը Հայաստանում: Սպանությունից հետո Գյումրիում տեղի ունեցած ընդհարումները հարցվածների 26 տոկոսը համարում է, որ «տեղի են ունեցել իշխանության ուշացած և ոչ ադեկվատ արձագանքի արդյունքում», իսկ 46 տոկոսի կարծիքով` այդ ընդհարումները «հուզմունքը և ցավն արտահայտելու ﬕջոց էր»: ՀՀ ոստիկանության աշխատանքը հարցվածները 5 բալանոց սանդղակով գնահատում են 3.3՝ Երևանում և 3.4 Գյումրիում:

Aravot.am-ի հետ զրույցում, գնահատելով հարցման արդյունքները, «Իրավունքի և ազատության կենտրոնի» ղեկավար Վարդան Հարությունյանը նշեց. «Այսքան տարիների ընթացքում Գելափ լսելուց լարվում ենք, քանի որ մշտապես իշխանամետ տեղեկություններ են տալիս: Այս հարցման մասով կարող եմ ասել, որ հասարակության շրջանում եղած կարծիքի իրական արտահայտությունն է»:

Հարցին՝ արդյոք ՀՀ իշխանությունների քայլերը համարժե՞ք են հասարակական տրամադրություններին, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Մեր իշխանությունների քայլերը չեն համապատասխանում և համահունչ չեն մեր հասարակության մտածմունքներին ու ցանկություններին»: Մեր այն դիտարկմանը, թե հարցվածների մեծամասնությունը հույս չունի, որ տեղեկանալու է սպանության իրական պատճառներին, ուստի ո՞րն է դրա պատճառը, Վարդան Հարությունյանը արձագանքեց. «Դրա գլխավոր պատճառն  այն է, որ ՀՀ-ն չի վարում նախաքննությունն ու դատավարությունը և մեր իշխանությունների քայլերը սպանությունից անմիջապես հետո, այն, որ միանգամից սկսեցին հանդես գալ ՌԴ իշխանությունների շահերի պաշտպանությամբ՝ անտեսելով մեր հասարակության պահանջներն ու շահերը: Հանցագործության զոհերի հարազատները չեն կարող իրենց հարցերի պատասխանները ստանալ ՀՀ-ի հետ բացարձակ կապ չունեցող մի երկրի դատախազությունից կամ ոստիկանությունից»: Հարցման արդյունքների համաձայն՝ հարցվածները 5 բալանոց սանդղակով 3.3 են գնահատում ՀՀ ոստիկանության աշխատանքը:

Այս առիթով Վարդան Հարությունյանն ասաց. «Որպես ՀՀ քաղաքացի, քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչ կարող եմ ասել, որ հայ հասարակությունն այդքան մեծ վստահություն չունի մեր ոստիկանության նկատմամբ»: Նշենք, որ հարցվածների 35 տոկոսը կարծիք է հայտնել,  որ «հայ քննիչները» պետք է վարեն նախաքննությունը, 59 տոկոսի կարծիքով՝ այն պետք է իրականացվի համատեղ՝ հայ և ռուս քննիչների կողմից:

Վարդան Հարությունյանը մեկնաբանեց. «Ուրեմն այդ 35 տոկոսն է իրեն ՀՀ քաղաքացի զգում,  մնացածը դեռ խորհրդային միության քաղաքացիներ են, որոնք առանց մեծ եղբոր չեն կարողանում ապրել, շնչել, որոշել առավոտյան ինչ են ուզում ուտել»: Մեր այն հարցին՝ արդյոք դա իրակա՞ն պատկերն է, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Եթե շատ խորանանք, ավելի ցնցող պատկեր էլ կունենանք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930