Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը կոչ է անում Պուտինին «չքցել», դահլիճից բղավում են՝ «յուղ ես վառում»

Մայիս 05,2015 16:17

«Ես տվել եմ արտոնություն HSBC բանկին, դրա շնորհիվ միջազգային բանկային համակարգը այստեղ կայացավ: Դուք չեք կարող ուղղակի հարկը դիֆերենցել ըստ աշխատանքների, չի կարելի մասնագիտությունների մեջ տարբերակում դնել: Եկեք եթե մի ուրիշ բան գիտեք, սովորեցրեք մեզ, մենք էլ գնանք երեխեքին սովորեցնենք: Նենց չի, որ մեզ ԵՏՄ-ում չգիտեն»,- այսօր ԱԺ-ում «Եկամտահարկի» եւ «Շահութահարկի» մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխությունների եւ լրացումների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա բացատրեց, թե ինչու է դեմ այս նախագծին. «Ո՞վ ասեց, որ շինարարի աշխատավարձը պետք է ավելի քիչ հարկվի, քան պրոֆեսորի, գիտնականի աշխատանքը: Ես ինչի՞ պիտի վճարեմ ավելի շատ մի շինարարի համար, որը գնում է մի օլիգարխի մոտ աշխատի: Դա խաչաձեւ ասիմետրիկ սուբսիդիա է: Տնտեսագիտությունում չի էլ քննարկվում այդ հարցը: Եթե Պողոսը աշխատի ՌԴ-ում, կվճարի 13 տոկոս, եթե ՀՀ-ում՝ 24 տոկոս: Ինչո՞ւ: Մնում է , որ բոլոր պողոսները հնարավորություն ման գան, այնպես անեն, որ ՌԴ-ում աշխատեն: Դուք ստեղծում եք մի օրիգինալ պետություն: Այս ի՞նչ փիլիսոփայություն է: Երբեւէ հավաքվե՞լ եք, նստե՞լ եք ձեր նախագահի հետ քննարկեք, թե այս ինչ եք անում, դուք էռոզիայի եք ենթարկում ամբողջ հարկային համակարգը: Եղբա՛յր, նենց չի, որ փող չկա, հիմա նենց եք անում, որ փող գա, վա՞տ ենք անում: Հա, վատ եք անում: Դուք համեմատում եք մի հարկային համակարգը մի հարկային համակարգի հետ, որտեղից սոցապը հանում եք, հասկանո՞ւմ եք ինչ եք անում: Այդ 13 տոկոս վճարածը այստեղի սոցապի վրա է նստում, այստեղից հետո թոշակ է ստանալու, հասկանո՞ւմ եք ինչ եք անում: ԵՏՄ ստեղծվելուց հետո ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ չի կարող լինել, միասնական տնտեսական տարածք է լինելու»:

Բագրատյանն ասաց, որ ՌԴ-ում եկամտահարկը սոցապհարկի հետ միասին 13 տոկոս չի, 45 տոկոս է:

Հրանտ Բագրատյանը կառավարության գործելակերպը համեմատեց արեւածաղիկ չրթողների պահվածքի հետ. «Որ արեւածաղիկ են չրթում, ասում են, քանի կա, գնանք էսի փախցնենք բերենք: Այդպես չի կարելի: Չի կարող այսպիսի օրենք լինել ընդհանրապես»:

Բագրատյանի ելույթը բուռն արձագանք ստացավ դահլիճից: Տեղից պատգամավորները հակադարձում էին:

Երբ Հրանտ Բագրատյանը մտահոգություն էր հայտնել, որ պատգամավորները Պուտինին նամակ կարող են գրել, որ հայերը «քցում» են, դահլիճում պատգամավորներից մեկը բղավել էր, որ «յուղ ես վառում»:

Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Յուղ վառել, չգիտեմ ինչ, այդ խոսքերը պահեք ձե՛զ: Ցույց կտանք ոնց է յուղը վառվում ու ոչ միայն խոսքերով: Կարող է պատահի նույնիսկ Նարիշկինը եկել է, ասել է՝ ոչինչ, լավ է: Բայց պարզ չի՞, որ եթե դուք լինեիք ՌԴ նախագահը, կասեիք՝ ուզում են հայերը մեզ քցե՞ն: Ա՛յ մարդ, ես չեմ քվեարկել ԵՏՄ-ին, բայց եթե մտել եք, այ մարդ, ձեզ կարգին պահեք»:

Հրանտ Բագրատյանի ելույթից հետո դահլիճում վեճը շարունակվեց: Նա տեղից հորդորեց նիստը վարողին եւ բղավեց, որ որոշ պատգամավորների բերանները փակեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031