Լրահոս
Օրվա լրահոսը

Գտնված է՝ ներքին թշնամի

Նոյեմբեր 20,2026 10:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանը տարածաշրջանում չունի թշնամի, ամենամեծ թշնամին օտարերկրյա գործակալներն են, հայտարարում է Հայաստանի ԱԽ քարտուղարը։ Այլ կերպ ասած, եթե «թարգմանենք», ապա հայտարարությունը հետեւյալի մասին է՝ Հայաստանը չունի արտաքին թշնամի, թշնամին ներքին է։

«Թշնամին» կենսական անհրաժեշտություն է այն իշխանությունների համար, որոնք քաղաքականապես սնանկ են հանրություններին որեւէ բան առաջարկելու տեսանկյունից։ Որովհետեւ, եթե իշխանությունը ունի հանրությանն առաջարկելու գրավիչ, համոզիչ, վստահելի որեւէ բան, ապա այլեւս չունի ներքին կամ արտաքին թշնամի փնտրելու անհրաժեշտություն։ Այդ անհրաժեշտությունն առաջանում է, երբ առաջանում է բովանդակային սնանկություն։ Օրինակ, դա բավականին ակնառու է Հայաստանի իշխանության համար ներկայումս ուղեղային դարձած եվրոպական էլիտաների պարագայում։ Նրանց համար ՌԴ նախագահ Պուտինը գտածո է, որովհետեւ Պուտինի անունով նրանք փորձում են «օրորոցում խեղդել» իրենց ընդդիմախոսներին, ցանկացած ընդդիմախոսություն պիտակավորել Պուտինի գործակալություն, անգամ չեղարկել ընտրությունների արդյունքներ կամ արգելել ընտրություններին որեւէ ուժի մասնակցություն։ Կրկնեմ՝ այդ ամենը ԵՄ անդամ երկրներում։ Ու զարմանալի չէ, որ եվրոպական «երդումներով» աչքի ընկնող Հայաստանի իշխանությունը նույնպես փնտրում է «թշնամի»։

Կա մի նրբություն։ Եվրոպան իրեն կարող է թույլ տալ Պուտինին հռչակել թշնամի, իսկ ահա Քաղաքացիական պայմանագիրը՝ ոչ։ Բայց, եթե «ինքնիշխանությունը» չի բավականացնում, կամ գոնե՝ «ողջամտությունը» այդքան բավականացնում է՝ Պուտինին չհռչակել թշնամի, այդ դեպքում ո՞ւմ հռչակել այդքան անհրաժեշտ «թշնամի»։ Իհարկե, այստեղ կարծես թե Ադրբեջանը իր ամբողջ վարքագծով, Հայաստանի հանդեպ հավակնություններով, ագրեսիայով ու դրանց հետեւանքներով «առաջարկում» է իրեն «սկուտեղի վրա», բայց Հայաստանի իշխանությունը հրաժարվում է ընդունել դա։ Որովհետեւ Ադրբեջանի վարքագիծը կոչել իր անունով՝ թշնամական, Հայաստանի կառավարող ուժի համար ոչ թե օգտակար կլինի իշխանությունը պահելու տեսանկյունից, այլ հակառակը։ Ահա դրա համար էլ ընտրվել է «օպտիմալ» տարբերակը՝ «ներքին թշնամու» կերպարը։ Ոչինչ, որ այն վերացական է։ Նրանք, ովքեր սպառում են այդ կերպարը, մեդիագրագիտության եւ քաղաքական գրագիտության տեսանկյունից առանձնապես բծախնդիր չեն։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել