Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստասեր հանելուկներ

Մայիս 11,2015 14:17

Հայտնի է, որ հանելուկները մեծ դեր ունեն մանկանց մտածողությունը վարժելու կյանքի ճանաչողության հարցերում: Այս վարժանքին է նպատակաուղղված նաև հանելուկների այս բարի գրքույկը:

Ցավոք, Խորհրդային տարիների գրականության մեջ հանելուկներից դուրս էր հանվել հոգևոր երևույթների ճանաչողության խնդիրները: Այս առումով կարելի է վերարթնացում անվանել Մաքսիմ Ոսկանյանի «Հանելուկներ իմաստուն մայրերի և նրանց խելացի երեխաների համար» գրքույկը, որ նկարազարդված է գեղեցիկ և ուրախ, գունավոր մանրանկարներով: Գրքույկի բաժիններն իսկ հոգևոր ճանաչողության, իմաստասիրության լուծումներ են հուշում.

Ծիսական պարզ ըմբռնումներ

Ծառի խեժ է, սառած խեժ,

եթե դնես կրակին,

անուշ ծխով մի ջրվեժ

կտարածվի քո չորս դին.

նշանակն է աղոթքի:

խունկը

 

Ունի հայոց ամեն գյուղ,

աղոթքի վայր է մաքուր,

փոքր է, սակայն, Կյանքի՛ դուռ,

նրան կոչում ենք …..

մատուռ

 

 Բնությունը ճանաչելու երեւույթներ

Երեսուն եղբայր, երբեմն սակայն`

մեկով ավել կամ պակաս, բարեկա՛մ:

ամսվա օրերը

Յոթ իշխան են, յոթ եղբայր,

մեկ տան մեջ են ապրում հար,

երբե՛ք չեն տեսնում իրար:

շաբաթվա օրերը

Սրբեր եւ խաչանշան այրեր

Պատկերում են միշտ նրան

ճերմակ ձիով, գավակին`

մանուկ որդուն իր առած,

իր Մարտիրոս զավակին:

Քանի՜ քանի անհույսի

նա հասնում է ամեն տեղ,

նա զորավա՛ր է Լույսից,

նա զորավա՛ր է շքեղ:

Սուրբ Սարգիսը

Սուրբ Սահակի շառավիղ

այրն այս հանուն հավատի`

ազգին վե՛ր հանեց մարտի.

Պատարագվեց` Տիրոջ պես,

որ` Տերն` Արևը՛ կյանքի`

առավելս ու ավելի՛

լուսավորի ինձ ու քեզ:

Վարդան Մամիկոնյանը

Խաղի միջոցով ուսուցողական այս բարի գրքույկն ավարտվում է «Ութօրեկան մանկանց մկրտությունը» զրույցով, որ իմաստուն մայրերի համար կարևոր խորհուրդ ունի` իրենց մանկանց հոգևոր պետքերը չուշացնելու, այլ ժամանակին հոգալու:

 Հ. Ե. Ո.

«Առավոտ» օրաթերթ

09.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031